×


«Կյանքս» եռագրության եզրափակիչ ֆիլմի պրեմիերան՝ Ձիթողցյանի արվեստանոցում

Ժամանակակից աշխարհում ապրող հայ կանանց երեք սերունդներին նվիրված «Կյանքս» վավերագրական եռագրության եզրափակիչ մասի պրեմիերան հունիսի 2-ին էր: Նոր ֆիլմը պատմում է դեպի ապագա նայող երիտասարդ աղջիկների մասին, ովքեր, պահպանելով կապը ավանդույթների հետ, որոնում են սեփական ինքնությունը, հենվում ներքին ազատության վրա եւ ինքնուրույն ընտրում իրենց կյանքի ճանապարհը։ Ֆիլմի ռեժիսորն է Լիլիթ Մովսիսյանը, իսկ նախագծի գաղափարի հեղինակն ու պրոդյուսերը՝ Տաթեւիկ Կարապետյանը։

«Կյանքս» եռագրությունը պատմում է տարբեր սերունդների կանանց, ժամանակակից աշխարհում նրանց դերի, հիշողության փոխանցման եւ սեփական ճանապարհի որոնման մասին։ Երրորդ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Ձորաղբյուրում՝ «Tigran Art Studio»-ում՝ համախմբելով երիտասարդներին, որոնք իրենց ապագան կապում են Հայաստանի հետ։


Վավերագրական ֆիլմը պատմում է մինչեւ 30 տարեկան հինգ աղջիկների մասին, որոնցից յուրաքանչյուրը փորձում է գիտակցել սեփական ինքնությունը եւ կառուցել իր տեղն աշխարհում։

Ֆիլմի հերոսուհիներն են ժամանակակից հայկական ինքնության մասին հարթակի հիմնադիր Անի Առաքելյանը, ռոբոտատեխնիկայի ինժեներ, տիեզերագնացության անալոգային առաքելությունների մասնակից Հաննա Հարությունյանը, Հադրութից դերասանուհի Սրբուհի Բալայանը, որը թատրոնի միջոցով պահպանում է հայրենի տան հիշողությունը, Երեւանի կենդանաբանական այգու անասնաբույժ Նանե Դարբինյանը, որն իր կյանքը նվիրել է կենդանիներին, նկարիչ եւ անիմատոր Մեգգի Արարատյանը, որը կադր առ կադր ստեղծում է սեփական աշխարհները։


Նրանց պատմություններն այն մասին են, թե ինչպես է այսօր երիտասարդ սերունդը գոյատեւում միաժամանակ մի քանի հարթություններում՝ իրական առօրյայում, ներքին ապրումների ու ինքնության որոնումների աշխարհում, ինչպես նաեւ թվային միջավայրում, որն ավելի ու ավելի մեծ ազդեցություն ունի ինքնորոշման, հաղորդակցության եւ անհատականության ձեւավորման վրա։

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են ժամանակակից երիտասարդները փորձում պահպանել հավասարակշռությունն անձնական արժեքների, հասարակական սպասումների եւ այն կերպարի միջեւ, որը ներկայացնում են աշխարհին։


Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ֆիլմը միտումնավոր հրաժարվում է գծային պատմությունից. մեկ կինեմատոգրաֆիկ կադրը բաժանվում է մի քանի ուղղահայաց իրականությունների, որոնք գոյակցում են միաժամանակ։ Սա պարզապես գեղագիտական հնարք չէ, այլ միջոց՝ ներկայացնելու մի սերունդ, որը միաժամանակ ապրում է երեք հարթություններում՝ իրականում, երեւակայության աշխարհում եւ այն միջավայրում, որը ցուցադրում է համացանցում։

«Մենք եռապատումը պատկերացրել էինք որպես խոսակցություն հիշողության, պատասխանատվության եւ ընտրության մասին, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Եզրափակիչ մասում ինձ համար կարեւոր էր ցույց տալ, թե ինչպես են երիտասարդ կանայք ոչ միայն ժառանգում փորձը, այլեւ վերաիմաստավորում եւ նորից կառուցում իրենց ինքնությունը՝ լեզվի, հիշողության եւ թվային աշխարհի միջեւ», - նշել է նախագծի պրոդյուսեր Տաթեւիկ Կարապետյանը։


Բացելով պրեմիերայի երեկոն՝ Տաթեւիկը կիսվել է, որ իրեն հատկապես հարազատ են այս սերնդին բնորոշ անկեղծությունը, մտքի ազատությունն ու կյանքը զգալու կարողությունը, ինչպես նաեւ սեփական ճանապարհն առանց վախի ընտրելու պատրաստակամությունը։

«Այնտեղ, որտեղ շատերը կասկածում են եւ խոչընդոտներ են տեսնում, երիտասարդներն առաջ են շարժվում, հաճախ՝ բոլոր դժվարություններին հակառակ, եւ հասնում են արդյունքների։ Այդ էներգիան ոգեշնչում է եւ հնարավորություն տալիս մտածել ամենահավակնոտ նախագծերի մասին», - ընդգծել է նա։

Եռագրության երեք ֆիլմերից յուրաքանչյուրը ստեղծել է առանձին ռեժիսոր՝ սեփական հեղինակային հայացքով, ինչը հնարավորություն է տվել տարբեր տեսանկյուններից բացահայտել կանանց ինքնության, ժառանգության եւ հիշողության թեմաները։ Միասին այս երեք փուլերը փաստագրում են տարբեր սերունդների կանանց դերն ու փորձառությունը։ Ինչպես նախորդ մասերը, այնպես էլ եռագրության եզրափակիչ ֆիլմը կառուցված է հերոսուհիների առօրյա կյանքի ուշադիր դիտարկման վրա՝ առանց ավելորդ պաթոսի եւ հերոսացման։


«Կյանքս» եռագրության երրորդ մասի ռեժիսորը Լիլիթ Մովսիսյանն է, օպերատորը՝ Բագրատ Սարոյանը:

«Այս ֆիլմի միջոցով ես ճամփորդել եմ հինգ երիտասարդ հայ կանանց կյանքերով, եւ դա դարձել է իմ սեփական անձի ամենակինեմատոգրաֆիկ արտացոլումներից մեկը։ Այս ֆիլմում փորձել եմ մարդուն դիտարկել արտացոլանքի միջոցով, որովհետեւ իրական կյանքում, անձնական տարածքում եւ սոցիալական ցանցերում մենք միշտ տարբեր ենք՝ ասես կազմված լինենք մեր անհամատեղելի տարբերակներից։ Այս ֆիլմն ինձ համար նաեւ սիրո մասին է։ Սիրո, որը չի սահմանափակվում միայն ռոմանտիկ զգացմունքներով. սիրո՝ կենդանիների, երկրի, արվեստի, ստեղծագործական ընթացքի եւ պարզապես կյանքի մեջ ներկա լինելու նկատմամբ», - ասել է ֆիլմի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը։


Ցուցադրությունը համախմբել էր ֆիլմի հերոսուհիներին, ստեղծագործական խմբին եւ հյուրերին, որոնց թվում էին նաեւ VEREV նախագծի մասնակիցները։ Նախագծի մասին ներկաներին պատմել է դրա հիմնադիր Տաթեւիկ Կարապետյանը։

VEREV-ը հայ կանանց համար ստեղծված քննարկումների հարթակ եւ համայնք է։ Նախագծի գաղափարը ծնվել է բազմաթիվ անձնական դիմումներից. երիտասարդ կանայք ուղարկում էին իրենց նախագծերը, խնդրում խորհուրդներ եւ մասնագիտական գնահատականներ տալ։ Գիտակցելով նման աջակցության անհրաժեշտությունը՝ Տաթեւիկը մշակել է համակարգային աջակցության մեխանիզմ, որն ուղղված է ոչ թե ընդհանուր ու կաղապարային խորհուրդներ տալուն, այլ գործնական եւ նպատակային աջակցություն ցուցաբերելուն։


«VEREV-ը կամուրջ է գործելու ցանկության եւ այդ ցանկությունը կյանքի կոչելու ճանապարհը հասկանալու միջեւ։ Մենք չենք առաջարկում համընդհանուր պատասխաններ, որովհետեւ յուրաքանչյուր կին իր սեփական ուղին ունի։ Փոխարենը ստեղծում ենք միջավայր, որտեղ անձնական փորձը, բաց քննարկումները եւ անկեղծ հետադարձ կապը օգնում են տեսնել սեփական ռեսուրսներն ու հենարանները», - նշել է Տաթեւիկ Կարապետյանը։

VEREV նախագծին արդեն կարելի է միանալ, իսկ առաջին թեմատիկ հանդիպումներն ու առցանց քննարկումները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին։

Կարդալ ավելին

Quality Sign BW