Եթե դերասանուհի Կարինե Ծատուրյանի ծիծաղը չեք լսել, շատ բան եք կորցրել: Նրանից կյանք ու ապրելու ցանկություն է հորդում: Նա, անկասկած, իմ ամենաժպտերես զրուցակիցն է: Հանդիպման հենց սկզբում ջերմ գրկեց, միանգամից առաջարկեց «դու»-ով խոսել ու BRAVO.am-ի համար շատ-շատ անկեղծացավ:
- «Արտավազդ»-ից հետո իմ մեջ շատ հարցեր են առաջացել, թե այսօր մեր թատրոնն ինչի՞ն է անդրադառնում: Ցավոք, թեմաները շատ հեռու են մեզնից ու ժամանակի շունչը չեն զգում: Ինչքան էլ ասում են՝ դերասանը մեր մասին է խոսում ու մեր լեզվով, բայց ես համարձակության պակաս եմ զգում:
- Ես շարքային դերասան եմ, շենքի մեջ մի աղյուս եմ, ինչն ինձ համար պատիվ է: Մի անգամ դերասան ընկերներիցս մեկը ճշմարտացիորեն նկատեց, որ առանց այդ աղյուսի շենքը կքանդվի: Ինձ այնքան ուրախ ու երջանիկ եմ զգում, որ հենց այդ մի հատն եմ։ Երբեք չեմ ասել, թե ինչ դեր եմ ուզում. ռեժիսորների առաջարկածը խաղացել եմ։ Վիգեն Ստեփանյանը «Տզզան ճանճ»-ն էր բեմադրել. ես զատիկն էի ու այնքան երջանիկ էի (ծիծաղում է,- հեղ.)։ Մուկ էլ, փոշի էլ լինի, կխաղամ:
Կարինե Ծատուրյանը
Համազգայինում Նարինե Գրիգորյանն ուզում էր «Յոթ րոպե» պիեսը բեմադրել, կարդացի եւ ուղղակի ցնդեցի: Կյանքիս մեջ առաջին անգամ ցանկացա գլխավոր հերոսուհու՝ Բլանշի դերը խաղալ: Նրա այս խոսքերը շատ դիպուկ էին. «Մենք չպիտի զիջենք ամենաչնչինը»: Գործարանի կանանց առաջարկում են իրենց հանգստի համար նախատեսված 15 րոպեից 7-ը զիջել: Ինձ համար այդ դերը մարմնավորելը կյանքի խնդիր էր, ու երկու ոտքս դրեցի մի կոշիկի մեջ. «Նարինե, խնդրում եմ, ուզում եմ խաղալ այդ դերը»: Նա ինձ ուրիշ կերպարում էր տեսել։ Բայց այնքան էի մտել այդ դերի մեջ. «Ժողովուրդ, հարցը նրա մեջ չէ, որ այս փոքրն ենք զիջում, այլ այն, որ առանց հարցնելու մեր վրայով անցնում են: Թմրում ենք, որովհետեւ աշխատավարձ ենք ստանում, պետական տեղ ենք աշխատում, սոցփաթեթ ունենք»։ Հիմա էլ ասում եմ ու փշաքաղվում:
Հարցնում ես, թե ինչո՞ւ համարձակ չենք: Ախր, այդ 78 հազարով, որ ստանում եմ, մի կոշիկ էլ չեմ կարող առնել: Այդպես փոքր-փոքր միսներս ուտում են ու ասում. «Դե, համարձակ եղեք»։ Այնքան վիրավորական է, որ չես կարող ոտքդ զարկել գետնին ու ասել. «Ես դերասան եմ, Փափազյանն եմ»: Նա քայլում էր Ամիրյան փողոցով, բոլորը շրջվում էին։ Խորեն Աբրահամյանին բեմում տեսել եմ... Առաջին կուրսում Հանրապետության հրապարակի մոտ Կարպ Խաչվանքյանին տեսա ու ասացի. «Բարեւ Ձեզ», ինքն էլ պատասխանեց: Նրա հայացքը մինչեւ հիմա հիշում եմ: Նրանք հատուկենտ մարդիկ էին՝ կայացած կարիերայով: Այսօրվա դերասանները արմունկներով են իրենց ճանապարհը հարթում. ես այդպես եմ անում, ինձ պես շատերին գիտեմ։
Ախր, 78 հազարով, թեկուզ՝ 200 հազարով ապրող դերասանն ի՞նչ պիտի անի: Պիտի մտածի՝ ինչպես իրեն մի սերիալ գցի, որ երկու կոպեկ աշխատի ու մի քիչ իրեն ի՞նչ զգա: Լավ՝ մի անգամ Եգիպտոսում հանգստանա։ Այստեղ ուրիշ հարց է. կապ չունի՝ ինչ եմ հագել, քանի հոգի է ինձ ճանաչում, բայց ես թատրոնում՝ սրբարանում եմ աշխատում։
- Ամեն մեկն իրեն շահավետ դիրքից է խոսում կամ որեւէ փոքրիկ արտոնություն է ստանում ու դադարում պայքարել։
- Չափազանց անհանգստանում եմ, թե մեր դերասանական համայնքն ինչպիսին է: Ինձ համար ընկերության մեջ ու աշխատավայրում մարդիկ են կարեւոր. նրանց շնորհիվ ենք մենք մարդ մնում: Կամերային երաժշտական թատրոնից եմ եկել Համազգային: Այստեղի դերասաններն իսկապես պրոֆեսիոնալներ են. աննկարագրելի հաճույք եմ ստանում, երբ հետեւում եմ նրանց: Համազգայինը սանդղակ ունի, որն ամեն տարի բարձրացնում է: Բա մյո՞ւս թատրոնները: «Արտավազդ»-ի ու «Հայֆեստ»-երի միջոցով կամ իրար խրախուսելով, միմյանց հետ խոսելով՝ միմյանց օգնենք: Բայց, ցավոք, այդպես չենք անում:
Կարինե Ծատուրյանը եւ Հասմիկ Բաբայանը
- Արտաքուստ ամեն ինչ լավ է, բայց դա չի նպաստում ոլորտի առաջխաղացմանը: Անկեղծ լինելու կարիք կա:
- Ինչո՞ւ են այսօր բաժանումներն այդքան շատ. որովհետեւ էյֆորիայով ամուսնանում են, հետո ասում. «Վա՜յ, այս մարդը զուգարան է գնում» (ծիծաղում ենք,- հեղ.): Դու չգիտեի՞ր, որ այդպես է լինելու: Հանկարծ չպարզեցիր, չէ՞: Հետո աչքերը բացվում են, ու մարդիկ բաժանվում են: Առաջ 15 տարեկանում ամուսնանում էին, երեխաներ ու թոռներ ունենում, ընտիր գերդաստան դառնում, ո՞նց էր լինում, չեմ հասկանում։ Հարցնում ես. «Թամար տատի, Գուրգեն պապի, այսքան տարի ո՞նց եք իրար հետ ապրել։ «Դե, սիրել ենք: Ձեւն այդպես էր»,- ասում են։ Նրանք չգիտեին էլ, որ պիտի բաժանվեին: Գրկել են իրար, ջերմացրել ու արդեն միմյանց շնորհակալ են: Ընտանիք կառուցելու գիտակցություն են ունեցել։ Իսկ հիմա նման պատասխանատվություն քիչ կա. ամեն մեկն իր համար պետք է կայանա։ Բա ամուսնությունն ի՞նչ է, բա թատրոն միայն փող աշխատելու համա՞ր ես ընդունվել: Ինչ-որ բան պիտի անես, չէ՞:
- Ամուսնությունն էլ թատրոնի պես է՝ պատասխանատվության եւ իրար փոխադարձաբար ծառայելու առումով:
- Ես շատ եմ սիրում «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» գիրքն ու այդ ընտանիքի մոդելը. երբ հայրը զայրացած էր լինում, մայրը շերեփը բարձրացնում էր, բոլորին ճաշ բաժանում ու բոլոր սուր անկյունները հարթում: Նրա շնորհիվ ամեն ինչ հաշտ ու խաղաղ էր: Ձին տղայի հետ ապրում էր տան մեջ, հիմա շուն էլ չեն թողնում պահել, կամ հատուկ շուն պիտի լինի։ Այդ ընտանիքի մոդելը մեղր է իմ հոգու համար: Ի՜նչ պատմություն ու ջերմություն է: Ցավոք, մենք այդ ամենը կորցրել ենք։ Ինձնից չզատեմ, թե նրանք կորցրել են, իսկ ես ունեմ: Այդպես չէ (ծիծաղում է,- հեղ.)։ Ես էլ եմ մեղավոր: իմ մեղքն այն է, որ ոչ միշտ եմ խնդիրների մասին բարձրաձայնում։
Շատ ժամանակ թատրոնում փորձերի ընթացքում շշուկով ենք իրար ինչ-որ բաներ խոստովանում: Համազգայինում ոչ հաճախ, բայց մարդիկ իրար ասում են ճշմարտությունը, շատ նուրբ եւ զգույշ խորհուրդներ տալիս։ Այդպիսի մանվածքից է ստեղծվում կտավը. եթե մի թելը պակասի, գորգը չի ստացվի։ Գորգ գործել եմ ու գիտեմ՝ ինչ շքեղ ընթացք է։ Մարդիկ այդ պայմանավորվածությունը չունեն: Ես էլ ամուսնացած եղել եմ, չկարծեք՝ հենց այնպես եմ ասում, բայց այդ մասին՝ մի ուրիշ անգամ։
- Ինչո՞ւ, հիմա խոսենք: Ինքներդ թեման բացեցինք (ծիծաղում ենք,- հեղ.):
- Իմ ամուսինը հոյակապ մարդ էր, հիմա էլ է, բայց էլ միասին չենք։ Երբ ընկերություն էինք անում, դեռ տեսաերիզներ կային: Որոշել էինք օրիգինալները գնել ու ֆիլմերի գրադարան հավաքել. երկուսս էլ կինո շատ էինք սիրում։ Մի անգամ զանգեց ու հարցրեց. «Կարին, մի տեղ «Գլադիատոր»-ի ոչ օրիգինալ տարբերակը կա, առնեմ էլի, նայենք»։ Պատասխանեցի. «Գի՞ժ ես, սպասիր, շուտով օրիգինալը կլինի, կառնենք»։ Մի անգամ էլ նմանատիպ հարցով զանգեց, կռվեցինք: Հաջորդին արդեն խմած էր. «Կարինե, ինչ ասում եմ՝ առնենք, չես համաձայնում, արդեն հոգնել եմ» (ծիծաղում ենք, հեղ.)։ «Արի տուն, հետո կխոսենք»,- պատասխանեցի։ Լուրջ պատմություն չէ, բայց էլի դժվարություն կար: Ինչո՞ւ չառներ, մանավանդ 200 դրամ էր, իսկ օրիգինալը՝ 1500 (ծիծաղում է, -հեղ.): Բայց դա էլ էր արգելք, որ պիտի հաղթահարեինք։ Իմ ամուսնությունը շատ հաջողված էր. պայմանավորվել էինք, որ ընտանեկան բյուջեն մրգամանի մեջ է լինելու (ծիծաղում ենք,-հեղ.)։ Բոլորս՝ ես, ամուսինս ու սկեսուրս, մեր գումարն այնտեղ էինք դնում: Հիանալի թիմ էինք։ Շատ ուրախ եմ, որ իմ կյանքում նման փորձառություն է եղել։
Կարինե Ծատուրյանը
Երկու մարդ պիտի իրար օգնեն ավելի լավը դառնալ, նույնն էլ թատրոնի դեպքում է: Համազգայինցիներով լավն ենք դարձել, բոլորը մեզ ընդունել են ու այդ մասին խոսում են: Դա չարքաշ աշխատանք է, որը մարդիկ կատարում են. միայն փառքը չեն վայելում։ Բայց եթե մենք լավն ենք, մյուսներն էլ կարող են, չէ՞, լինել, պետք է նրանց էլ ձեռք մեկնենք։ Եթե տեսնում ես ուրիշ թատրոն ընկած է կամ այդքան էլ լավը չէ, կարելի է ոգեւորել ու օգնել։ Կուլիսներում խոսելով չէ՝ թե բա «Ինչ վատ թատրոն է, բա տեսա՞ր այդ դերասանին»:
- Բայց հնարավոր է՝ այդ թատրոններն էլ պատրաստ չեն ընդունել օգնությունը, որովհետեւ իրենց չի թվում, թե վատն են ու վաղուց հնացել են:
- Համաձայն եմ։ Մյուս թատրոններն էլ պետք է ազատ լինեն՝ չարություն անելու, տունտունիկ ու գործնագործ խաղալու եւ ցեխոտվելու, ազատ ու բաց լինելու։ Ո՞վ է որոշել՝ «Արտավազդ»-ն այդպիսն է լինելու ու այդքան մեծ շրջանակի մեջ է դրվելու: Կտորից դարձրեք, ասեղ դարձրեք, բայց կարեւորն՝ արժեք ունենա, ոչ թե աստիճանաբար կորցնի։ Իսկական լինելու համար պիտի անկեղծորեն խոսենք թերություններից, որպեսզի հնարավոր լինի դրանք հաղթահարել:
Եթե միայնակ նստես ու մտածես, դեպրեսիայի մեջ կընկնես։ Ամեն երկուշաբթի որոշում ես, որ նիհարելու համար այլեւս հաց չես ուտելու, եւ մեկ էլ համով կարկանդակներ են բերում, ու լոզերդ գնում են (ծիծաղում ենք, հեղ.): Բայց եթե կողքիդ ընկեր լինի ու ասի. «Կարին, քեզ հավաքիր, դա պիտի՞ քո հարցերը լուծի», իրենով կոգեւորվես ու հաջորդ քայլդ ինքդ կանես։ Միայնակ մարդն ո՞ւմ է պետք։
- Այդպիսի անկեղծ, բաց, իրական լինելը որքանո՞վ է դժվար մեր օրերում:
- Ինձ այսպես ավելի ապահով եմ զգում: Չեմ թաքցնի՝ միշտ չեմ կարողացել ազնիվ ու անկեղծ լինել ու մտքինս ասել։ Երբ պայքարում էինք, որ Երաժշտական կամերային թատրոնը չփակեն, հիանում էի իմ ընկերներով՝ այդքան բաց ու ազնիվ էին: Ես էլ սովորեցի նրանցից: Նրանց հետ պայքարում էի ու իմ մասին ընդհանրապես չէի մտածում. «Ո՞նց, բա որ թատրոնը փակեն ու մարդկանց մի հացի կտորն էլ կտրեն, երեխաներին զրկեն իրենց ուրախությունից»: Նրանք գալիս էին ու հրաշք տեսնում, թե ինչպես էինք բեմի վրա թռչկոտում, ճանճիկ ու զատիկ խաղում։ Դրանից շատ տառապեցի ու ինձ վատ զգացի։
Կարինե Ծատուրյանը
- Ու դա ազդե՞ց Ձեր տեսակի վրա։
- Շատ: Հասկացա՝ ավելի լավ է կորցնեմ, բայց ճիշտն ասեմ: Իներտ չլինեմ, որովհետեւ դա մեծ ցավ է։ Նորից Բլանշին պիտի հիշեմ. նա ապրել էր կեղծավորության մեջ եւ արդեն հասկանում էր այդ ամենի հետեւանքները։ Ես էլ եմ հասկանում, որ ավելի լավ է հիմա ասեմ, քանի որ տարիներ շարունակ այդ կեղծիքի մեծ ապրելը դժվար կլինի: Շնորհակալ եմ իմ դերասան ընկերներին, ովքեր համարձակություն ունեին ազնիվ խոսելու։ Դրա համար եմ ասում, որ պիտի իրարով դաստիարակվենք։ Հասկացել եմ, եթե իրար հետ ազնիվ չենք, չենք կիսվում, շփվում ու ներսից իրար չենք ժպտում, այլ միայն՝ արտաքինից, զգացվում է։
- Դուք ումի՞ց եք սովորում եւ ոգեշնչվում:
- Իմ ամենամոտ ընկերներից: Վերջերս «Սուրբ Անտոնիոսի հրաշք»-ում հետեւում էի, թե կողքիս դերասանները ոնց են աշխատում, ու պարզապես հագենում էի այդ ամենով: Վարշամը (Գեւորգյան) մազը ոլորելով ֆռֆռում էր ու Նարինկայի հետ ինչ-որ բան քննարկում, թե Անտոնիոսն ինչպիսին պիտի լինի։ Իսկական էյֆորիա էր տեսնել նման աչքեր: Պատահական չէ, որ թատրոնի տոնը շնորհավորելիս այն սրբարան էի անվանել: Եթե թատրոնին այդպես չվերաբերվես, սրբարան չի դառնա։ «Հայֆեստ»-ի շրջանակներում մի անգամ Տիկնիկայինում հնդկական խմբի հետ էինք հանդիպել, ռեժիսորն ինչ-որ բան պիտի ցույց տար, կոշիկները հանեց ու նոր բեմ բարձրացավ։ Այդ գործողությունից այնքան ազդվեցի: Ինստիտուտում մեզ էլ են սովորեցնում, թե բեմում ինչ չի կարելի անել, բայց տարիներ անց մոռանում ենք դրա մասին: Ուսանողական տարիներին կուրսղեկիս՝ Ծատուրյանի «Հյուր» ներկայացման մեջ էի խաղում, իմ հերոսուհին իր բնակարանի զուգարանից էր դուրս գալիս ու մտնում բեմ: Միեւնույն է՝ չէի երեւում, կարող էի դռան հետեւում սպասել ու դուրս գալ, բայց ես գիշերանոթ էի ճարել ու վրան նստել: Ուսանող էինք, պատկերացրու՝ ինչքան են ծիծաղել ինձ վրա: Նիկոլայ Երվանդիչին էլ բերել էին հետնաբեմ ու ցույց տվել (ծիծաղում ենք,- հեղ.):
Կարինե Ծատուրյանը
- Ձեր մասնակցությամբ «Խատուտիկի գինի» ներկայացման մեջ 12-ամյա Դուգլասը մի օր գիտակցում է, որ ողջ է, ապրում է: Ձեր դեպքում ե՞րբ է եկել այդ ընկալումը:
- Այդ գործն անչափ սիրում եմ։ Շատ եմ ամաչում ու գետինն եմ մտնում, որ 39 տարեկանում հանկարծ հայտնաբերեցի, որ քաղցկեղ ունեմ, ու վախեցա. «Բա որ մեռնեմ՝ առանց հեծանիվ վարել իմանալու»։ Մամաս քաղցկեղից էր մահացել, ու վախենում էի, որ այն անբուժելի է։ Միշտ եմ ուզել սովորել, բայց այսպիսի կարծիքներ էի լսում. «Դու լավ չես տեսնում, չես կարող, կողմնորոշում չունես, դու չաղ ես, չի լինի...»։ Ես էլ հավատում էի ու չէի քշում:
- Ամոթն ինչի՞ց էր:
- Որ 39-ում նոր հեծանիվ քշել սովորեցի ու 40-ից հետո հասկացա, որ ամեն վայրկյանը կարեւոր է։ Դու չաղ ես, նիհար ես, լավ ես խոսում, թե վատ, խելացի ես, թե տգետ, դու մարդ ես, ապրում ես եւ դրա համար ուրախացիր։ Ամաչում եմ, որ իմ ամենահամով տարիները, երբ ծիտ էի, երջանիկ ու գեղեցիկ, չգիտեի այդ մասին ու բարդույթներ ունեի: Հիմա մեծացել եմ ու ինձ շատ գեղեցիկ չեմ զգում. էլ այն շքեղությունը չունեմ։ Մի անգամ երկու ծիծիկով նկարներիցս տեսա ու ասացի. «Ո՜նց եմ այս Կարիներին կարոտել»: Ցավ եմ ապրում, որ ինքս ինձ չեմ իմացել, չեմ ճանաչել, չեմ ունեցել։ Այն Կարինեին չեմ սիրել, իսկ հիմա, թեեւ կիսատ եմ, բայց ինձ սիրում եմ։ Չեմ նեղվում, որ այսպես մանկամիտ եմ. մտքերս մեծի չեն, էլի (ծիծաղում ենք,- հեղ.)։ Բայց մեկ է՝ ես երջանիկ եմ, լիաթոք ու անկուշտի պես ծիծաղում եմ, նույնիսկ, եթե անտեղի։
Երիտասարդ ժամանակ մամաս խորհուրդ էր տալիս. «Այդպես մի ծիծաղիր, խայտառակ ես անում»։ Մի անգամ էլ Նոր տարվա գիշերը երեկոյի հանդիսավարն իմ բարձ ծիծաղը լսեց ու ասաց. «Այս ո՞ւմ գռեհիկ ծիծաղն է»: Այնպես էի դրանից փակվել։ Նման մեկնաբանություններ էին նետում՝ չիմանալով, որ մինչեւ սրտի խորքը վիրավորեցին։ Թեեւ իրեն իմ ծիծաղը դուր չէր եկել, բայց շատ մարդիկ էլ հավանում են։ Իսկ հիմա մտածում եմ՝ ինչո՞ւ վիրավորվել. նույնիսկ եթե ԴիԿապրիոն ասի՝ ծիծաղս չի հավանում, կպատասխանեմ. «Հա, ի՞նչ»։ Ցավոք, միայն մահվան հոտն այդքան մոտիկից զգալուց հետո հանկարծ հասկացա, որ ես կամ, ապրում եմ, ու դա ինչքան զիլ է: Դեռ ինչքան բան չեմ արել ու հիմա կանեմ։ «Հոգին» մուլտֆիլմը շատ եմ սիրում, որտեղ ասում է. «Ո՞վ է ասել, թե ինչպիսին պիտի լինեք, պիտի կարիերա ունենաք կամ աստղ դառնաք: Գուցե ես սիրում եմ քայլել փողոցով ու այնպես նայել երկնքին, ոնց որ ոչ մեկը մինչ ինձ չի արել» (ծիծաղում ենք,- հեղ.)։ Հիմա զգում եմ, որ ապրում եմ, ու շնորհակալ եմ կյանքին: Այդ մասին Ինստագրամում իմ կարճ տեսանյութերում էլ եմ խոսում:
Հասմիկ Բաբայանը եւ Կարինե Ծատուրյանը
- Ձեր տեսանյութերում շատ անկեղծ պատմում եք քիմիաթերապիայի, կրծքի հեռացման մասին, ու թե ինչպես է սթենդ-ափը Ձեզ օգնել հաղթահարել կյանքի բարդ փուլը:
- Վիրահատությունից հետո դժվար էր վերադառնալ կյանք, եւ սթենդ-ափն ինձ համար փրկություն եղավ: Ռուսները սկսեցին այն կազմակերպել. ցանկացածը կարող էր հերթագրվել ու մասնակցել: 1 րոպե ժամանակ են տալիս, եթե այդ ընթացքում հանդիսատեսը չծիծաղի, նշան են անում, որ իջնես բեմից: Այդ ժամանակ շատ խոցելի էի. 60 կգ-ից 90 կգ էի դարձել եւ ինձ չէի ընկալում: Առանց այդ էլ խախտվում ես. մի կուրծքդ չկա, չգիտես՝ ոնց ես կյանք մտնելու, կարողանալո՞ւ ես մարդկանց աչքերին նայել։ Գնացի սթենդ-ափ, որովհետեւ կարող էի խոսել քաղցկեղից ու իմ ամպուտացված կրծքից, ու մարդիկ դրա վրա ծիծաղում էին, որովհետեւ ես էլ էի ծիծաղում։ Ուզում էի նրանց ցույց տալ, որ այդ հիվանդությունը դեռ վերջը չէ: Ախր, մինչ այդ ես էլ էի այդպես մտածում:
Երաժշտականում «Մոխրոտիկը» պիտի խաղայինք, բայց այնքան վատ էի, որ չկարողացա ներկայացմանը գնալ, եւ Սամսոն Ստեփանյանը ստիպված էր իմ փոխարեն խորթ մոր դերը խաղալ: Կրծկալ էր հագել ու կուրծք դրել, խաղընկերներս կատակել էին. «Պարոն Ստեփանյան, բայց Կարինեն միայն մեկն է դնում» (վարակիչ ու երկար ծիծաղում է, ես էլ՝ հետը,- հեղ.)։ Երբ հետո ինձ պատմեցին, մեռել էի ծիծաղից: Ինձ համար ամենաերանելի պահն էր. մտածեցի, որ արդեն առանց ինձ էլ են ծիծաղում։ Երբ ծիծաղում ես, երեւույթն էլ քեզ համար սարսափելի չէ, ու կարող ես նրան հաղթել։ Այդպես քիմիաթերապիա էի ընդունում ու ամեն օր Նոր տարվա 4 ներկայացում խաղում, թեեւ շատ դժվար էր, բայց ինձ համար փրկություն էր: Ճաղատ էի, գլուխս փակում էի, պոզիկներ դնում ու խաղում: Ամեն անգամ շատ էի թուլանում, բայց խաղընկերներս էլ էին տեսնում, որ ապրում եմ, կամ։
- Վախից մինչեւ սեփական մարմնի լիակատար ընդունումն ի՞նչ փուլերով եք անցել։
- Երկար ժամանակ շատ էի տառապում: Մանավանդ վիրահատությունից հետո ինձ իսկապես չէի կարողանում ընդունել: Նույնիսկ խանութ գնալ եւ հագուստ ընտրել չէր ստացվում. ինձ կիսատ ու վախեցած էի զգում։ Հերթական ստուգումից հետո մինչեւ համակարգչային տոմոգրաֆիայի պատասխանը 10 օրից ստանում էի, արցունքներս հոսում էին: Մինչեւ հիմա, երբ ամեն անգամ ասում են. «Ամեն ինչ լավ է», հոգիս դուրս է գալիս։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ այսպիսի երազ տեսա. ուզում էի իմ սենյակ մտնել, բայց երկու տգեղ, ատամներն ու մազերը թափված պառավներ թույլ չէին տալիս, նայում էին ինձ ու մատով ցույց տալիս: «Իրեն խղճում է, հիմար է»,- ասում էին ու ծիծաղում։ Այնքան զզվելի տեսարան էր: Քրտինքի մեջ արթնացա ու մտածեցի. «Փաստորեն այդ կանայք ինձ խղճում են ու ինձ վրա ծիծաղում։ Ի հեճուկս իրենց չեմ խղճալու»։ Այդ երազն իմ կյանքում շատ բան փոխեց: Դրանից հետո գնացի Սան Ֆրանցիսկո՝ հեծանվարշավի: Դեսպանատանը 467-րդն էի, բոլորին մերժում էին, եւ երբ իմ հերթը հասավ, արդեն շատ հոգնած էի. «Նույնիսկ ձեր օվկիանոսը չեմ հասցրել տեսնել»,- ասացի: «Շնորհավորում ենք, գնացեք եւ վայելեք օվկիանոսը»,- պատասխանեցին: Նախորդ տարվա մայիսին մեկնեցի ու այնքան երջանիկ էի: 60-70 տարեկան մարդիկ ինձնից լավ էին հեծանիվ քշում, ինձ էլ օգնում էին, որ Սան Ֆրանցիկսոյի բարձունքները հաղթահարեմ: Սելֆի էի անում, որ չմոռանամ՝ այնտեղ եղել եմ:
Կարինե Ծատուրյանը
- Ինձ թվում է՝ մենք կյանքը լիարժեք վայելելու խնդիր ունենք: Մեզ շատ ենք սահմանափակում:
- Որովհետեւ վախենում ենք ցեխոտվել ու սխալվել։ Երբ իմացա, որ կմեռնեմ, նոր հասկացա՝ պիտի ապրեմ: Բայց այդ մասին միշտ էլ գիտենք, չէ՞, ուղղակի լուրջ չենք վերաբերվում: Մեզ համար սիրուն շապիկ ենք գտնում եւ հարմարվում։ Ես վախենում եմ ֆիլտրերից, որ բոլոր հեռախոսներում կան: Ընկերներս տեսանյութերով էին կիսվել, նայեցի ու մտածեցի, թե ինչ սիրուն եմ, հետո հայելու մեջ նայեցի. «Կարո՞ղ է այսօր լավ չեմ քնել», ավելի ուշ իմացա, որ ֆիլտրերի արդյունքն էր։ Դրանցից այդքան շատ եմ վախենում, որովհետեւ հեշտորեն սովորում ես ու իրականությունից հեռանում: Սկսում ես քեզ չսիրել, որովհետեւ այնտեղ լավն էիր, իսկ քո բաղնիքի հայելու մեջ ուրիշ ես: Հենց այդ հայելու մեջ էլ ինձ սիրում եմ: Միշտ ուզում եմ իմ իրական կողմը տեսնել, իմանալ, որ չաղ եմ, ինձ հենց այդպիսին սիրեմ, որովհետեւ իմ մարմնի ներսում եղածն եմ սիրում: Բժշկի էի գնացել, որ կուրծքս վերականգնեմ ու իմպլանտ տեղադրեմ, բայց հետո չուզեցի:
- Ինչո՞ւ:
- Որ ինձ հիշեցնի ապրելու մասին: Գուցե իմ թերությունն ու վատ հիշողությունն է, իսկ եթե ինձ կատարյա՞լ զգամ ու մոռանամ ապրելու մասին: Ոչինչ, թող ամեն անգամ վախ ունենամ ու հիշեմ, որ իմ ամբողջականությամբ եմ վճարել ապրելու համար:
- Հիմա կյանքի ի՞նչ պլաններ ունեք:
- Մի քանի շքեղ դեր խաղալ ու անպայման «Օսկար» ստանալ։ Հիմա «Ֆարգո» սերիալն եմ նայում: Այն ուղղակի արտակարգ է: Նման շքեղ ֆիլմում եմ ուզում նկարահանվել եւ քիթ սրբելու ժամանակ չունենալ։ Աշխարհի չափ երազում եմ իմ բոլոր հնարավորություններն իրականացնել։ Այնքան ուժ ունեմ, որ կարող եմ բոլորն էլ կյանքի կոչել։ Ֆիզիկապես էլ շատ ուժեղ եմ. սկզբում ինձ արգելել էին սպորտով զբաղվել, նույնիսկ շարժվել չէի կարողանում։ Կամաց-կամաց գնացի պիլատեսի. շունչս կտրվում էր, վատանում էի: Վերականգնողական վարժություններ էի անում ու մաքուր օդ շնչում, ապա վերադառնում դահլիճ։ Հետո սկսեցի ծրագիրն ամբողջությամբ անել, հիմա կարդիոյի չեմպիոն եմ (ծիծաղում ենք,- հեղ.)։
- Իսկ հեծանիվն ի՞նչ փոխեց ու բերեց Ձեր կյանք։
- Հեծանիվն ինձ համար ազատության խորհրդանիշ է: Վարելիս աուդիոգրքեր եմ լսում։ Հեծանիվ տեսնելիս չոքերս թուլանում են. այն ինձ համար կյանք է։ Փոքր տարիքից էլ չեմ հասկացել, թե մեքենան ինչի համար է. մեկ հոգի վարում է, իսկ մնացած 4 տեղը հիմնականում ազատ են (ծիծաղում ենք,- հեղ.)։
- Նոր դերեր ունե՞ք, առաջիկայում ի՞նչ է նախատեսվում։
- «Մամա» սերիալում եմ խաղացել: Լեւոն Հարությունյանի հետ աշխատել եմ «Երրորդն ավելորդ է» ֆիլմում։ Միմյանց վաղուց ենք ճանաչում, բայց առաջին անգամ իրար հետ խաղացինք։ Այնքան ենք ծիծաղել ու լավ ժամանակ անցկացրել։ Հասկացել եմ, որ մարդու հետ անցած ճանապարհը չի կարող ջնջվել, ու եթե իրար մեկ անգամ ջերմություն եք տվել, այն հավերժ մնում է։ Այն լավ պահերը, որ տարիներ առաջ ունեցել էինք, մեզ երիտասարդ, ուժեղ եւ իսկական էին դարձնում։
Կարինե Ծատուրյանը եւ Հասմիկ Բաբայանը
- Նաեւ «Ցանկապատ»-ում եք խաղում, ի՞նչ փորձառություն է այն Ձեզ համար։
- Մեր առաջին հանդիպմանը Տիգրան Գյուլումյանը հարցրեց. «Կուզե՞ք՝ պիեսը Ձեզ համար կարդամ», որը Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա է։ «Կարդացեք, տեսնեմ՝ ինչ է»,- պատասխանեցի։ Ոնց որ հեքիաթասաց լիներ. այնքան վառվող աչքերով էր կարդում, եւ նրա ոգեւորությունն ինձ կաշառեց։ Հիանալի խմբի հետ եմ աշխատում։ «Ցանկապատը» շատ հետաքրքիր նախագիծ է, որտեղ չես կարող կեղծել, իսկ դրսում խաղալը տեխնիկապես չափազանց պատասխանատու է։
Աստղիկ Աբաջյանի հետ Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ում էլ ենք խաղացել ու շատ մտերմացել։ Արդեն 5 տարի է՝ մեր ներկայացումը կա, եւ Աստղիկը միշտ ճիշտ դիտողություններ է անում իմ խաղի մասին ու խորհուրդներ տալիս։ Նույնն էլ մենք Արուսիկին կարող ենք ասել. «Այս տեքստդ ոնց որ ավելի է երկարել, կարճ ասա կամ ավելի ոգեւորված»։ Վեցս էլ իրար անկեղծ կարող ենք ասել այն, ինչ մտածում ենք, որովհետեւ դա մեր ընդհանուր ընտանիքի համար ենք անում։ Պատահական չէ, որ զրույցի սկզբում այդքան խոսեցի ընտանիքի մասին։ Դերասանն այդպիսին է. կարող է որեւէ բան մեծացնել-մեծացնել, արհեստական դարձնել ու ինքն էլ դա չնկատել։ Դրա համար կողքից հնչող կարծիքները շատ կարեւոր են։ Իրենց վստահում եմ ու գիտեմ, որ ինձ նեղացնելու համար չեն ասում, այլ՝ ներկայացումը փրկելու։
- Ի՞նչ է սերը Ձեզ համար։
- Սերն այն է, ինչ կարող ես անել ու անում ես։ Սերը քեզ սիրելն է ու այդ ժամանակ դիմացինին էլ ես կարողանում սիրել, որովհետեւ քո դժվար կողմերն ու թերություններ էլ ես սիրում։ Սերը հեծանիվս է։
- Ինչի՞ց եք վախենում։
- Վախենում եմ ներկայացման օրը չհիշեմ ու չգնամ (ծիծաղում ենք,-հեղ.)։ Դա դերասանների մեծ վախն է. երբ ռեժիսորի օգնականը զանգում է, ոտքերդ թուլանում են՝ «Կարո՞ղ է ինչ-որ բան մոռացել եմ» (ծիծաղում ենք,- հեղ.)։
- Ինչի՞ն ես հավատում։
- Հավատում եմ, որ մարդն այս տիեզերքի ու աշխարհի վերջնական կատարյալ ստեղծագործություն է։ Հավատում եմ, որ մարդն ամեն ինչ կարող է անել, անգամ՝ «Օսկար» ստանալ (ծիծաղում ենք,- հեղ.)։
Կարինե Ծատուրյանը
- Ինչի՞ համար ես ափսոսում։
- Որ ինձ այդքան չեմ գնահատել։
- Ամաչում։
- Ամաչում եմ, որ վախեր ու բարդույթներ եմ ունեցել։
- Ի՞նչն է քեզ պակասում։
- «Օսկար»-ը: Խոստանում եմ՝ այն ստանալիս հայկական ապրանքանիշի հագուստով բեմ դուրս կգամ (լիաթոք ծիծաղում է,- հեղ.)։
- Ի՞նչ ես ուզում սովորել։
- Ուզում եմ ձի քշել սովորել եւ գիրք գրել։ 1990-ականներին թատրոն չկար, ու դերասանները գործ չունեին։ Ես ինստիտուտը 2000-ին եմ ավարտել: Լավ է՝ Վարդան Պետրոսյանը խումբ էր հավաքում «Հազար ու մի ելք»-ի համար, մենք էլ՝ դեղնակտուցներս, գնացինք մեծ ու վաստակավոր դերասանի մոտ խաղալու: Հրաշալի փորձառություն էր մեզ համար՝ «Օսկար»-ին հավասար մի բան, եւ գումարի իմաստով էլ։ Հետո էլ թատրոն չկար, որ աշխատեինք։ 2006-ին, երբ Դավիթ Հակոբյանը Կամերայինում գլխավոր ռեժիսորն էր, նոր թատրոն եմ ընդունվել։ Մինչ այդ ինչ ասես՝ չեմ արել. մենեջեր եմ աշխատել, մատուցող, մեկ օր հավաքարար եղել վարսավիրանոցում, բայց օրգանիզմս ընդդմիացավ, եւ թարախային անգինայով վերադարձա տուն։ Եվ հենց այդ տարիներին բոլորիս ապրած կյանքի մասին էլ ուզում եմ գրել։
- Ո՞ր պահին է գալիս երջանկությունը։
- Երբ գիտակցում ես՝ դու կաս, ինչպես «Խատուտիկի գինի»-ում է։
- Ի՞նչ են թաքցնում սպիները։
- Մեծ ցավ են թաքցնում, բայց ես առանց սպի մարդ չեմ պատկերացնում։
- Եվ ինչի՞ մասին է կյանքը։
- Դրա համար էլ իմ սպին չեմ ուզում ծածկել։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
126







