Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում Fendi-ի 2026–2027 աշուն/ձմեռ հավաքածուի ցուցադրության բացումն արեց լիբանանահայ մոդել Սերենա Աբու Սեֆյանը:
Vogue Arabia-ն այդ առիթով գրել է. «Նա իր մանկության փողոցները վերածեց համաշխարհային պոդիումի եւ ապացուցեց, որ տունը քեզ հետ կարող է ճանապարհորդել ամենուր։ Յուրաքանչյուր մոդելի երազանքն է բացել առաջատար բրենդներից մեկի ցուցադրությունը՝ լինել առաջին դեմքը, որը որոշում է ամբողջ հավաքածուի տրամադրությունը։ 20-ամյա Սերենա Աբու Սեֆյանի համար այդ պահը տեղի ունեցավ իր կարիերայի հենց սկզբում, երբ ազդարարեց շոուն ու բացառիկ պայմանագիր կնքեց հռոմեական նորաձեւության տան հետ»:
Սակայն Սերենայի պատմությունը սկսվել է Միլանից շատ հեռու՝ Բուրջ Համուդում։ Լիբանանում հայերի ընտանիքում ծնված Սերենան մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ հայկական ու լիբանանյան ինքնություններն առանձին չէին, այլ կողք կողքի:
«Կարծում էի, որ բոլորն իրենց տունը նույն կերպ են ընկալում: Բայց մեծանալուն զուգահեռ հասկացա, որ դա այդպես չէ»,- պատմել է նա:
Ամսագիրը գրում է՝ լիբանանահայ համայնքը փոքր է, բայ շատ միասնական: Երեխաների հաճախած դպրոցներից մինչեւ շփումը տեղի է ունենում միեւնույն մշակութային միջավայրում։ Սերենան իր մանկությունն անցկացրել է Բուրջ Համուդում. մինչ ծնողներն աշխատում էին, տատիկը նրան եւ քրոջն ուղեկցում էր դպրոց ու հետ բերում, իսկ պապիկը «գրպանի գումար» էր տալիս:
Երբ մեծացավ, ընտանիքը տեղափոխվեց Անթիլիաս։ Սերենան հայկական 2 դպրոցում է սովորել՝ նախքան Հայկազյան վարժարան ընդունվելը: Նորաձեւությունը միշտ է ներկա եղել նրա կյանքում, թեեւ ոչ ակնհայտ ձեւով։ «Ես միշտ հետաքրքրված եմ եղել նորաձեւությամբ, բայց ոչ դրա մոդելային կողմով: Թեեւ ցանկանում էի մոդելինգով զբաղվել, սակայն չէի բարձրաձայնում, որ ինքնահավան չերեւամ»,- շարունակել է նա:
Փոխարենը ձգվեց դեպի այն կողմը, որն ավելի հասանելի էր: Համավարակի ընթացքում դասընթացի մասնակցեց, եւ եթե մոդելային կարիերան չլիներ, թվային մարքեթինգով կզբաղվեր: Ոչ թե այն պատճառով, որ տարված էր դրանով, պարզապես այն ավելի անվտանգ էր թվում: «Երբ չգիտես, թե ինչ ես ուզում անել, ընտրում ես ամենաապահով տարբերակը»,- խոստովանել է նա:
Ինքնությունն ընկալելը Սեֆյանին եւս դժվար է տրվել: Իր համայնքից դուրս «Որտեղի՞ց ես» պարզ հարցին պատասխանելն այնքան էլ հեշտ չէր: «Երբեմն ես ինձ չափազանց հայ էի զգում, երբեմն՝ չափազանց լիբանանցի: Բայց աստիճանաբար սովորեցի, որ կարող եմ այս երկուսի մեջտեղում լինել: Պիտակները բնավ էլ կարեւոր չեն. օրվա վերջում բոլորս էլ նույնն ենք»։
Սեֆյանի ուղին անսպասելիորեն փոխվեց 16 տարեկանում, երբ մարզասրահում հայտնի լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի ծանոթներից մեկը մոտեցավ նրան ու հայտնեց, որ մոդելի տեսք ունի։ Այդ խոսքերից շոյված, բայց մի քիչ կասկածելով՝ տուն գնաց ու այդ մասին պատմեց ծնողներին։ Հայրը, որը երիտասարդ տարիներին կարճ ժամանակով մոդելային ոլորտում էր աշխատել, զգուշությամբ մոտեցավ այդ խոսքերին: Մոտ մեկ տարի անց, երբ Սերենան որոշեց դիմել Local Vice Management գործակալությանը, ակնկալում էր, որ ընտանիքում այդ գաղափարը դիմադրության կարժանանա: Փոխարենը հայրը զարմացրեց։ «Նա ասաց, որ համոզվել է՝ կարող եմ ինքս ինձ պաշտպանել: Նա երբեք ինձ համար անհանգստանալու պատճառ չէր ունեցել»:
Իսկ ահա մայրիկին ավելի շատ ժամանակ պետք եղավ, որ հաշտվի այդ մտքի հետ: Բայց Սերենայի համոզելու ունակությունը, որն ուներ դեռ փոքր տարիքից, ի վերջո, հաղթեց:
Պայմանագիրը ստորագրելուց ընդամենը 4 օր անց նրա գործակալը պատահական զանգեց. «Bazaar-ը ցանկանում է նկարահանել քեզ։ Լողալ գիտե՞ս»։ Նկարահանումը ջրի տակ տեւեց 9 ժամ, լուսանկարիչն էլ Լարա Զանկուլին էր: «Մարտահրավեր էր, բայց նաեւ աներեւակայելի զվարճալի էր։ Այն ինձ օգնեց հասկանալ, թե այս ոլորտը որքան հետաքրքիր կարող է լինել»,- պատմել է մոդելը:
Հետո եղան նոր ոգեւորիչ առաջարկներ Chanel Beauty-ից, Etro-ից, Gucci-ից եւ Jil Sander-ից, սակայն ոչինչ չի կարող համեմատվել Fendi-ի հետ։ Նախ նա հանդիպեց բրենդի ներկայացուցիչների հետ ու պատասխանեց նրանց հարցերին: Իսկ մի քանի օր անց իմացավ, որ ոչ միայն մասնակցելու է շոուին, այլ նաեւ բացումն է անելու. «Սկսեցի լաց լինել, չէի կարողանում գիտակցել, որ այդ ամենն իրականություն է»։
Ցուցադրության հետնաբեմում անհավանական ադրենալին ու քաոսային տրամադրություն էր տիրում, ինչպես, սովորաբար, լինում է նման միջոցառումներից առաջ: Միայն ծնողներին զանգահարելուց հետո է Սեֆյանը հասկացել իրավիճակի լրջությունը, մանավանդ, երբ լսել է հոր դողացող ձայնը. «Հասկացա, թե ինչ է կատարվում: Հետնաբեմում կորցրել էի վերահսկողությունս: Սիրտս այնքան արագ էր բաբախում, որ թվում էր՝ կփսխեմ: Նյարդայնանում էի, հուզվում ու վախ զգում: Հետո ինձ ասացին՝ 3, 2, 1, ու ամեն ինչ քարացավ: Վախը չանհետացավ, բայց այլ բան հայտնվեց՝ հանգստություն, կենտրոնացվածություն: Ու ես մտածեցի՝ սա հենց այն տեղն է, որտեղ պետք է լինեմ»,- Buro-ին պատմել է մոդելը։
Լիբանանահայ այլ մոդելներ չեն եղել, որոնց կարող էր ձգտել նմանվել: Դրա համար էլ իր ճանապարհն ինքնուրույն է անցնում. «Իհարկե, ինձ աջակցել են, բայց կան բաներ, որոնց համար պետք է պատասխանատվություն կրեմ ու ինձ վրա կենտրոնանամ»:
Սերենան նաեւ մասնակցել է Fendi-ի Cruise 2026/27 ցուցադրությանը՝ ամրապնդելով նորաձեւության տան նոր դեմքերից մեկի կարգավիճակը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Vogue Arabia-ի, NEXT Model Management-ի


×
176






