×


«Մեր կարմիր, կանաչ տունն» ամուսիններ Ջուլիետա Ստեփանյանին եւ Սամվել Բաղինյանին միավորել է ոչ սովորական բեմում

Ի՞նչը կարող է մարդուն ստիպել լքել իր տունն ու հայրենիքը: Պատճառները տարբեր են, բայց գրեթե բոլոր դեպքերում մարդիկ ունենում են ափսոսանք: «ՀանդԱրտ» մշակութային այգում առաջնախաղ է: Ընտանիքի, սիրո եւ արվեստի մասին պատմող «Մեր կարմիր, կանաչ տունը» տրագիկոմեդիայի սցենարի հեղինակը եւ պրոդյուսերը Տիգրան Գյուլումյանն է, բեմադրել է Արթուր Սարիբեկյանը։

«Մեր խաղացանկում միայն հայ գրականություն է՝ ժամանակակից կամ դասական: Այսինքն՝ մեր թատրոնը հայի մասին է։ Այս ներկայացման մեջ հավաքական հայ ընտանիքի խնդիրներն են արծարծվում։ Հայտնի նկարիչ Արամյանցի ընտանիքը ինչ-ինչ պատճառներով տունը գրավադրել է, եւ այն արդեն օտարվում է։ Մտավորականը, որն ամբողջ կյանքում ստեղծել է արվեստի գործեր, ինչպես նաեւ եղել է պատերազմի ազատամարտիկ, պայքարել է հայ լինելու եւ հայրենիքի արժեքների համար, այժմ փաստի առաջ է՝ լքե՞լ տունն ու հայրենիքը։ Ներկայացումն, ըստ իս, պետք է նախ նպատակային լինի, ինչպես նաեւ հանդիսատեսի հետ երկխոսություն՝ խնդիրների, սիրո եւ հաջողության մասին։ Չի լինի մեկը, որ իրեն մի փոքր չգտնի այս ներկայացման պատմության մեջ»,- պատմեց հեղինակը։


Նկարիչ Արամյանցին մարմնավորում է Սամվել Բաղինյանը, իսկ նրա կնոջ դերն իրեն բնորոշ հումորով եւ անմիջականությամբ կերտում է Ջուլիետա Ստեփանյանը։

«Հայերը թողնում են իրենց հողը եւ գնչուների նման թափառում ամբողջ աշխարհով մեկ, եւ սա լուրջ խնդիր է։ Դժվար եւ անցումային ժամանակահատվածներում, չունենալով սրտացավ ղեկավարություն, մարդիկ հայտնվեցին սոցիալական ծանր իրավիճակում, վերցրին պարտքեր, վարկեր ու հայտնվեցին անելանելի վիճակում: Այս թեման եւս ներկայացված է իր բոլոր կողմերով։ Զուգահեռ ծնողներ եւ երեխաներ հարաբերություններն են, պարտքի զգացումը, նաեւ պարտականությունը կատարել չկարողանալու հարցը»,- նշեց դերասանը։


Ջուլիետա Ստեփանյանն էլ հավելեց․ «Ներկայացման մեջ կա նաեւ պատերազմի ստվերը, մարդկանց կյանքում թողած հետքն ու ազդեցությունը։ Սա գեղեցիկ ընտանիքի պատմություն է այն մասին, որ պետք չէ հուսահատվել, հարկավոր է դիմակայել եւ առաջ նայել»։


Երբ հայրն ու մայրը դժվար կացության մեջ են, լուծումներ սկսում են առաջարկել զավակները։ Դստեր դերում Արուսիկ Գրիգորյանն է, որը կարծում է՝ սերունդների բախումը հավիտենական խնդիր է․ «Յուրաքանչյուրն ունի իր դրդապատճառները: Ամեն կերպար որեւէ կերպ արդարացնում է իրեն: Հուսամ՝ հանդիսատեսն իրեն կգտնի ներկայացման մեջ, քանի որ դեռ փորձերի ժամանակ մենք կարդում էինք սցենարն ու իրար ասում՝ մեր տանն էլ է այսպես, մեզ հետ էլ է պատահել»։


Արամյանցի որդու դերակատար Իշխան Ղարիբյանը նշեց, որ դերասանները, իրենց կյանքից որոշ դրվագներ հիշելով, ավելացումներ են արել պիեսում։

«Ես սիրում եմ իմպրովիզներ բեմում, բայց ոչ բոլորն են կարողանում իմպրովիզներ անել բեմում այնքան հանճարեղ, ինչպես Ջուլիետա Ստեփանյանը։ Նրան միշտ համեմատում եմ ֆուտբոլիստ Պելեի հետ. երբեք չգիտես՝ բեմում հաջորդ քայլը որն է։ Իհարկե, անբացատրելի հաճելի է բեմը կիսել նման դերասանների հետ։ Այս ներկայացմամբ մենք չենք ուզում սովորեցնել, այլ մատնանշում ենք խնդիրը»,- ասաց դերասանը։


Դերասանուհի Անի Պետրոսյանն առաջին անգամ է համագործակցում այս թատերախմբի հետ եւ այս ձեւաչափում հանդես գալիս։ Նա լրագրողի կերպարում է, որը սկզբում գալիս եւ տակնուվրա է անում հանդարտ տան մթնոլորտը, բայց վերջում դառնում փրկության բանալին. «Սկանդալային լրագրող եմ: Դերս փոքր է, բայց ներկայացման անակնկալն է»։


«Մեր կարմիր, կանաչ տունը» ներկայացում է, որտեղ հումորը թաքցնում է խոր ցավ, լռությունը՝ չասված խոսքեր, իսկ սովորական թվացող հարաբերությունները բացահայտում են մարդու ամենախոր զգացմունքները։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ «ՀանդArt»

Կարդալ ավելին

Quality Sign BW