×


Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը

Երեւանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։ 

Ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, ով ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է, որի ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում եւ Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար:

«Մի իրականությունում, որտեղ ավստրիական կինոմշակույթը հեղեղված էր կոմերցիոն ֆիլմերով, Ջեսիքա Հաուսները կերտեց իր ուրույն ժանրային կինոն, որը խորապես ազդված է իր մեծանուն ազգակից Միխայել Հանեքեի, հանճարեղ Սթենլի Կուբրիկի ու երբեմն նաեւ Դեյվիդ Լինչի ստեղծագործական ժառանգությամբ»,- նշված է հաղորդագրությունում: 

Ժյուրիի կազմում է իռլանդա-շոտլանդացի կինոպատմաբան եւ ռեժիսոր Մարկ Քազընսը, որի «Կինոյի պատմությունը. Ոդիսական» վավերագրական սերիալը դարձել է ժամանակակից կինոքննադատության հիմնարար գործերից մեկը: Նա հեղինակել է բազմաթիվ գրքեր եւ վավերագրական ֆիլմեր:

Նաուել Պերես Բիսկայարտն արգենտինացի դերասան է, ով առավել հայտնի է Ռոբեն Կամպիյոյի ֆրանսիական «Րոպեում 120 հարված» ֆիլմում (2017) գլխավոր դերակատարմամբ, ինչի համար արժանացել է «Սեզար» եւ «Լյումիեր» մրցանակների:

Մարկ Պերանսոնը կանադացի գրող, պրոդյուսեր եւ երկարամյա կինոհամադրող է, ով եղել է Բեռլինալեի եւ Լոկառնոյի կինոփառատոնի ծրագրերի ղեկավար, իսկ կինոյի մասին նրա հոդվածները տպագրվել են «Sight and Sound», «Film Comment», «Cahiers du Cinéma» եւ այլ հեղինակավոր պարբերականներում:

Շերմին Լանգհոֆը գերմանա-թուրքական թատերական պրոդյուսեր է, ով 2013-ից ի վեր Բեռլինի Գարկու թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Նրա ղեկավարությամբ թատրոնը Գերմանիայում երկու անգամ ճանաչվել է «Տարվա թատրոն» եւ արժանացել բազմաթիվ մրցանակների:

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-ից 19-ը։ Այս տարի եւս կինոփառատոնը կներկայացնի մրցութային եւ արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը եւ այլ առաջատար կինոհարթակներ։

Կարդալ ավելին

Quality Sign BW