84 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը:
Ռաիսա Մկրտչյանի անունը ոսկե տառերով է գրված հայ մշակույթի պատմության մեջ: 1968 թվականից հանդիսանալով Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի՝ նա դարձավ Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ Ալեքսեյ Հեքիմյանի բազմաթիվ հանճարեղ ստեղծագործությունների առաջին ու անգերազանցելի կատարողը:
Նրա ձայնով հնչող «Ո՞ւր եք, տղաներ», «Իմ մայրիկ», «Անունդ վախով եմ տալիս» եւ տասնյակ այլ երգեր դարձել են հայկական երգարվեստի հավերժական արժեքներ: Երգչուհու կատարմամբ ավելի քան 400 ձայնագրություն այսօր պահպանվում է Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ոսկե ֆոնդում:
Մեծանուն արտիստը հայկական մշակույթը բարձր մակարդակով ներկայացրել է միջազգային ամենահեղինակավոր բեմերում, այդ թվում՝ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ» եւ «Մետրոպոլիտեն օպերա» դահլիճներում, ինչպես նաեւ արժանացել է «Սոպոտ-75» միջազգային փառատոնի մրցանակին: Կյանքի վերջին տասնամյակներում նա իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցում էր երիտասարդ սերնդին՝ դասավանդելով Երեւանի պետական կոնսերվատորիայում:
Մշակույթի բնագավառում ներդրած անգնահատելի ավանդի համար Ռաիսա Մկրտչյանն արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, Մովսես Խորենացու մեդալի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի եւ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման:
Ցավակցում ենք սիրված երգչուհու ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի միլիոնավոր երկրպագուներին:


×
576






