Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Ցավալի լուրը հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Սիրված դերասանը հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան:
Արտաշես Ալեքսանյանը ծնվել է Երեւանում։ 1982-1984 թվականներին Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ սովորել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում, իսկ 1984-1988-ին՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում։
1988-1990 թթ. եղել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։ 1990 թ. նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» եւ «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում, վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին։
1991-1992 թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին ու եղել Մահապարտների ջոկատի պատվավոր անդամ։
1992-1994 թթ. աշխատել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր ու 5 ներկայացում բեմադրել:
Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին եւ Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։ 2011 թվականին հիմնել է թատրոն-ստուդիա: Վերջին տարիներին նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում («Գարեգին Նժդեհ», «Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը» եւ այլն) եւ սերիալներում:
Ցավակցում ենք սիրված դերասանի ընտանիքին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:


×
757






