Նոյեմբերյանի սովորական մթերային խանութը դարձավ այն պատմությունների ծննդավայրը, որոնք որոշ ժամանակ անց վերածվեցին գրքի: Մերի Մամյանի «Մի վաճառողուհու օրագիրը» միավորում է վավերագրական պատմությունները, Նոյեմբերյանի բարբառն ու կոմիքսների ոճով պատկերազարդումները: Սա նոթերի ժողովածու է մարդկանց, զրույցների եւ կենսական իրավիճակների մասին, որոնք պահպանվել են մայրենի լեզվի առանձնահատկությունների միջոցով եւ լրացվել վիզուալ պատմությամբ: Հուլիսի 9-ին ՆՓԱԿ-ում հեղինակը գիրքը ներկայացրեց ընթերցողներին, զրուցեց նրանց հետ, պատասխանեց հարցերին եւ ստորագրեց օրինակները:
Մամյանը ծնունդով Նոյեմբերյանից է, սակայն դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է: Որոշ ժամանակ անց նա որոշել է վերադառնալ հարազատ քաղաք եւ այնտեղ շարունակել իր գործունեությունը կրթության ոլորտում, որտեղ նախկինում արդեն աշխատում էր:
Ազատ ժամանակ հեղինակն օգնում էր ծնողների խանութում, որը հետագայում դարձավ գրքի գործողությունների հիմնական վայրերից մեկը: Այնտեղ աշխատելով՝ նա ականատես էր լինում ամենատարբեր իրավիճակների՝ ծիծաղելի, հուզիչ, իսկ երբեմն էլ՝ արտասովոր:
«Ես առաջին անգամ, որպես իրոնիա, սկսել եմ այս պատմությունները գրել Ֆեյսբուքում, բայց դրանք աստիճանաբար այնքան դրական արձագանք ստացան, որ հասկացա՝ դրանց հետ պետք է մի բան անել։ Այդպես ծնվեց այս գրառումներից գիրք ստեղծելու գաղափարը»,- նշեց Մերի Մամյանը։
Նա նաեւ հավելեց, որ աշխատել է խնամքով փոխանցել այդ պատմությունները՝ փոխելով մանրամասներն այնպես, որ այն մարդիկ, ովքեր դարձել են դրանց հերոսները, չկարողանան ճանաչել իրենց:
Բարբառի վերաբերյալ հեղինակը նշեց. «Ես թողել եմ Նոյեմբերյանի բարբառը, որովհետեւ դա մեր մշակութային ժառանգությունն է։ Ցանկացած բարբառ մեր ժառանգությունն է, եւ հատուկ ցանկացել եմ, որ այն մնա»։
Պատկերազարդող Սեդա Հակոբյանը պատմեց, թե ինչից է ներշնչվել գրքի կերպարները նկարելիս. «Կերպարները ստեղծելիս ես ոգեշնչվել եմ ինձ ծանոթ իրական մարդկանցից եւ, իհարկե, հեղինակի նկարագրություններից ու հիշողություններից, բայց ես նաեւ սեփական մեկնաբանությունն եմ բերել նրանց։ Ուզում էի, որ յուրաքանչյուրն ունենա հեշտությամբ ճանաչելի անհատականություն՝ ոչ միայն արտաքինով, այլեւ ժեստերով ու արտահայտություններով»։
Սեդա Հակոբյանը նաեւ խոստովանեց, որ Իսպանիայում գտնվելով՝ իր համար առանձնահատուկ կարեւոր էր պատկերազարդել մի պատմություն, որի գործողությունները տեղի են ունենում Հայաստանում, քանի որ հենց այս երկրի հետ են կապված իր արմատները: Նրա խոսքով՝ գրքի վրա աշխատելը թույլ տվեց իրեն կրկին զգալ կապը հարազատ ու ծանոթ վայրերի, ավանդույթների, սովորույթների եւ շփման ձեւերի հետ, ինչպես նաեւ այդ մտերմությունը փոխանցել կոմիքսի միջոցով: Նա հավելեց, որ գրքի տարածությունը գլխավոր հերոսը չէ, սակայն մշտապես առկա է եւ կարեւոր դեր է խաղում պատմության մթնոլորտի ստեղծման գործում:
Հեղինակի գործընկեր եւ գրքի ընթերցող Մարինա Թունյանը կիսվեց, որ բարբառով կոմիքսն անսովոր ձեւաչափ է: Նրա խոսքով՝ պատմություններն այնքան են հետաքրքրել իրեն, որ ցանկություն է առաջացել տեսնել այն խանութը, որտեղ տեղի են ունեցել նկարագրված իրադարձությունները: Նա նաեւ հույս հայտնեց, որ այս գիրքը սկիզբ կդառնա տարբեր բարբառներով այլ ստեղծագործությունների հայտնվելուն, իսկ տեքստի եւ պատկերազարդումների համադրությունը նման պատմությունները դարձնում է ավելի հետաքրքիր ընթերցողի համար:
Գրքի հեղինակը ցանկանում է ընթերցողին հասցնել այն միտքը, որ, չնայած մեր ճակատագրերի եւ կյանքի հանգամանքների տարբերություններին, հիմքում մենք բոլորս մնում ենք նույն մարդիկ: Մեզնից յուրաքանչյուրը բախվում է նմանատիպ իրավիճակների, ապրում է նմանատիպ հույզեր եւ անցնում պահերի միջով, որոնք կարող են ծանոթ լինել մյուսներին: Հենց միմյանց հանդեպ այս մտերմության ու փոխըմբռնման զգացումն է, որ միավորում է մեզ:
Հեղինակը նաեւ ձգտում է ընթերցողի մեջ արթնացնել ջերմ կարոտ՝ հարազատ ու ծանոթ մի բանի վերադառնալու զգացում, որը կապված է անձնական հուշերի եւ ապրումների հետ: Նա ցանկանում է, որ ընթերցելու ընթացքում կարողանանք թեկուզ մի պահ ընկղմվել սեփական անցյալի մեջ, հիշել սրտին մոտ պահերը եւ վերապրել այդ հույզերը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի


×
149






