×


«Խոստումը»՝ հավատքի եւ միասնության կամուրջ. Մատենադարանում տրվեց նոր նախաձեռնության մեկնարկը

Հուլիսի 1-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Խոստում» համահայկական նախաձեռնության պաշտոնական մեկնարկը։ Նախաձեռնության նպատակն է միավորել հայությանը հավատքի, պատմության, մշակույթի և արմատների շուրջ՝ ստեղծելով մի արժեք, որը կփոխանցվի սերնդեսերունդ։

«Խոստում» նախաձեռնության հիմքը բացառիկ խաչերի հավաքածուն է։ Յուրաքանչյուր խաչ ձեռագործ է, կրում է հայկական սրբավայրի կամ սրբադասված անձի անուն և, ամենակարևորը, դրանցում ամփոփված են օրհնված քարեր՝ բերված Հայաստանի Հանրապետության, պատմական Հայաստանի և աշխարհասփյուռ հայկական հոգևոր կենտրոններից։


Գաղափարը ծնվել է 2021 թվականին Հաղպատի վանքում։ «Խոստում»-ը պարզապես զարդ չէ, այլ պատասխանատվություն, որը կրողին հնարավորություն է տալիս իր կրծքին կրելու Հայոց աշխարհի մի մասնիկը։

«Մեր գաղափարախոսությունը «Հիշելով ապագան» է. հիշել մեր անցյալը՝ ոչ թե այնտեղ մնալու, այլ դեպի ապագան նայելու և ավելի ուժեղ պետություն կառուցելու համար։ Սա այն մարդկանց համար է, ովքեր հավատում են, որ հայ ժողովրդի լավագույն օրերը դեռ առջևում են»,- ընդգծեց նախաձեռնության ղեկավարներներից Արմեն Ղազարյանը։


Նախաձեռնության շրջանակում ստեղծվել է 5137 խաչ, որոնցից յուրաքանչյուրի մեջ աշխարհի տարբեր ծայրերից բերված քարերի մասնիկներ են տեղադրվել՝ խորհրդանշելով հայության միասնությունը։

2026 թվականի հուլիսի 5-ից մեկնարկելու է «Խոստում» նախագծի գլխավոր ճանապարհը։ Մեկ տարվա ընթացքում խաչերը կանցնեն Հայաստանի հազարավոր եկեղեցիներով, վանքերով ու սրբավայրերով, կբարձրանան Արագածի գագաթը, կօրհնվեն և միայն այդ երկարատև ճանապարհից հետո կհասնեն իրենց տերերին՝ դառնալով սերունդների միջև կապող օղակ։


Այս նախաձեռնությունը կոչ է՝ արժևորելու մեր ժառանգությունը և ստեղծելու այնպիսի արժեք, որը կապրի ժամանակից անկախ։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW