Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
Ծրագրի շրջանակում չորս հայ եւ չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել են մրցույթի արդյունքում ընտրված 4 հայ ռեժիսորների անունները։ Ծրագրին մասնակցելու համար Հայաստանից ընտրվել են ռեժիսորներ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը եւ Նաիրա Սարգսյանը։
Նրանք հետագայում կձեւավորեն ստեղծագործական զույգեր չորս միջազգային ռեժիսորների հետ։ Ստեղծագործական զույգերի կազմը կհայտարարվի օգոստոսի 19-ին՝ Սարաեւոյի հեղինակավոր կինոփառատոնի շրջանակում կայանալիք «CineLink»-ի փակման արարողության ժամանակ։
Նշվում է՝ նախաձեռնությունը հայ կինոգործիչներին հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնելու իրենց ֆիլմերը, այլեւ միջազգային գործընկերներին՝ իրենց ապագա լիամետրաժ նախագծերը, զարգացնելու համատեղ արտադրություններ եւ նպաստելու հայկական կինոյի առաջխաղացմանը համաշխարհային շուկայում։
Ֆիլմերը կնկարահանվեն հայերեն՝ Հայաստանի դերասանների մասնակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի հետ համագործակցությամբ։


×
275






