×


Ռիչարդ Գիրի 77-ամյակն ու ռոմանտիկ նոր դրամայի նկարահանումները

Օրեր առաջ Ռիչարդ Գիրը նշել է 77-րդ տարեդարձը: Ընտանեկան ջերմ միջոցառմանը ներկա են եղել կինը՝ Ալեխանդրա Սիլվան, ու նրանց 6-ամյա որդին՝ Ջեյմսը։ Երեկոյի լուսանկարները 43-ամյա Սիլվան հրապարակել է Ինստագրամի իր էջում:

«Չկա ուրիշ մեկը, որի հետ կցանկանայի անցկացնել կյանքս։ Մենք սիրում ենք քեզ»,- շնորհավորել է կինը, իսկ Գիրն այդ լուսանկարներով կիսվել է «Ես սիրում եմ քեզ» մակագրությամբ։


Ռիչարդ Գիրը եւ իսպանացի հրապարակախոս Ալեխանդրա Սիլվան ծանոթացել են 2014 թվականին, երբ երկուսն էլ ամուսնացած էին։ Ընտանիք են կազմել 2018-ին, մեկ տարի անց ծնվել է Ալեքսանդրը, իսկ 2020-ին՝ Ջեյմսը:

Գիրի ավագ որդին՝ Հոմերը, 26 տարեկան է: Դերասանն ամուսնացած է եղել դերասանուհի եւ մոդել Քերի Լոուելի հետ, իսկ Ալեխանդրան 13-ամյա որդի էլ ունի նախորդ ամուսնությունից:

2024 թվականին զույգը Միացյալ Նահանգներից տեղափոխվել է Սիլվիայի հայրենիք՝ Իսպանիա:

«Ալեխանդրայի համար հրաշալի կլինի ավելի մոտ լինել իր ընտանիքին, ընկերներին ու մշակույթին: Նա շատ առատաձեռն էր՝ ինձ 6 տարի նվիրելով իմ աշխարհում, ուստի արդար կլինի, որ ես էլ նրան առնվազն այդքան ժամանակ տամ իր միջավայրում», - Vanity Fair Spain-ին ասել է Գիրը։ 

Դերասանը Նյու Յորքում նկարահանվում է «Ասիմետրիա» ռոմանտիկ դրամայում: Էկրանավորումը հիմնված է Լիզա Հոլիդեյի՝ 2018 թվականին լույս տեսած համանուն վեպի վրա։


«Ասիմետրիա»-ն պատմում է խմբագրի երիտասարդ օգնականի մասին, որը մի օր Նյու Յորքի կենտրոնական այգում պատահաբար հանդիպում է համաշխարհային ճանաչում ունեցող 70-ամյա գրողի։ Ընդամենը մեկ հայացքը յուրահատուկ կապ է ստեղծում, որը փոխում է երկուսի կյանքն էլ։ Սակայն նրանց հարաբերությունները հայտնվում են վտանգի տակ, երբ գաղտնի սիրավեպի մասին իմանում են ուրիշները: Գիրի խաղընկերուհու դերում Դիանա Սիլվերսն է:

Կարդալ ավելին

Quality Sign BW