×


Դավիթ Մաթեւոսյան. «Գրականությունը, հրապարակախոսությունը հորս հենց իրենից էր տանում»

Հրանտ Մաթեւոսյան ընթերցելով՝ ընդլայնում ես հոգուդ խոհական ընդգրկումները, բառերդ եւ խոսքդ ավելի ինքնավստահ են հնչում, գեղագիտական աշխարհդ հստակ պատկերներ է ստանում: Վերջերս գրողի 90-ամյակի կապակցությամբ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի եւ «Մագաղաթ» հրատարակչության նախաձեռնությամբ ֆաքսիմիլե ձեւաչափով լույս տեսան նրա «Օգոստոս», «Մեր վազքը» եւ «Ծառերը» ժողովածուները: Հրանտ Մաթեւոսյանի ֆաքսիմիլե գրքերը գրողի համանուն ժողովածուների վերահրատարակություններն են, որոնք լիովին կրկնում են առաջին հրատարակությունների տեսքը (նկարազարդումները եւ դիզայնը)։ 

Հրանտ Մաթեւոսյանի գրականության եւ առօրյայի մասին զրուցել ենք նրա որդու՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ:

- Ե՞րբ էր ստեղծագործում Հրանտ Մաթեւոսյանը։ Գրականությունը շա՞տ էր Ձեզնից տանում նրան:

- Եթե գիրը թղթին հանձնելու մասին է՝ ավելի հաճախ գիշերը, երբ տանը լուռ էր։ Գրականությունը, հրապարակախոսությունը նրան հենց իրենից էր տանում՝ հաճախ հիվանդացնում էր։

- Որո՞նք են Ձեր սիրելի գործերը։

- Չեմ ասի։ Իրավունք չունեմ։ Կարող եմ խոսել յուրաքանչյուր գործի մասին առանձնակի։

- Պարոն Մաթեւոսյան, կինոոլորտի մասնագետ եք, դոկումենտալ, կարճամետրաժ ֆիլմերի, հեռուստահաղորդումների հեղինակ եք: Ի՞նչ կարծիք ունեք Մաթեւոսյանի կինովիպակների հիման վրա ստեղծված ֆիլմերի մասին: Ո՞րն է Ձեզ ավելի դուր գալիս:

- «Մենք ենք, մեր սարերը»: Ես ինձ քիչ թե շատ կինոյի մարդ եմ համարում: Փոքր հասակից Մաթեւոսյանի գործերով ստեղծված բոլոր ֆիլմերի հետ առնչություն եմ ունեցել, բոլոր ֆիլմերը դիտել եմ: Չեմ կարծում, որ միայն մասնագիտական առումով, այլ ուղղակի, զուտ տպավորական առումով՝ ինձ համար առավել ամբողջական, ներդաշնակ, էապես բարձր չափանիշներով կայացած ֆիլմը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմն է: Մնացածի մասին կարող ենք մաս առ մաս խոսել, կերպար առ կերպար, բաժին առ բաժին, ստացված-չստացված հատվածներով, բայց հազիվ թե կարող ենք խոսել՝ որպես ամբողջապես կայացած ֆիլմերի մասին: Չեմ բացառում, որ ինձ վրա էական ազդեցություն է ունեցել հենց իր՝ Մաթեւոսյանի կարծիքն իր կինովիպակների հիման վրա ստեղծված ֆիլմերի վերաբերյալ: 

- Ի՞նչ հոբբիներ ուներ Հրանտ Մաթեւոսյանը:

-  Երաժշտություն լսելը հոբբի՞ է։ Խոհանոցը... Եթե տրամադրություն ունենար՝ գառան խաշլաման, խորովածը, ձուկը, լոլիկով ձվածեղը իր ձեռքերով էր պատրաստում։ Սուրճի իր բաղադրատոմսերն ուներ։

- Ձեր՝ հոր եւ որդու ամենահետաքրքիր զրույցը:

- Մեր ողջ համակեցությունը գրեթե լուռ զրույց էր։ Բառերը ժամանակ առ ժամանակ հնչում էին՝ առաջիկա լռությունը լցնելու համար։ Կատակում եմ։ Համարյա։

- Գտե՞լ եք Մաթեւոսյանի գիրքը ընթերցող աղջնակին:

- Բազմիցս։ Հիմա էլ, երեկ էլ, վաղն էլ տեսնելու եմ։ Կան ու կլինեն։ Ծառուղիներում, նստարանին նստած, գիրքը՝ ծնկներին։ Դեռ տարիներ առաջ հենց իրեն մոտեցան ու ասացին՝ ահա մենք ենք։ Մտքերով էր, ինչպես միշտ։ Թեթեւ ժպտաց։

- Ֆաքսիմիլե տարբերակով տպագրված ժողովածուներն արդյո՞ք շարունակական են լինելու:

-  Այնքանով, որքանով որ գրեթե նույնությամբ վերահրատարակվելու արժանի գրքեր, ժողովածուներ եղել են։

Մարինե Թաթոյան

Կարդալ ավելին

Quality Sign BW