×


Պավել Պավլիկովսկի. «Հենց լքում ես քո երկիրը, կյանքը դժվար է դառնում, ու չգիտես, թե որն է քո տունը»

Այս տարվա «Ոսկե ծիրան»-ին հյուրընկալվել է 2 ամիս առաջ Կաննի կինոփառատոնում «Հայրենիք» ֆիլմի համար «Լավագույն ռեժիսոր» ճանաչված Պավել Պավլիկովսկիին: 

Օսկարակիր ռեժիսորը 2 ժամ շարունակ խոսեց իր ֆիլմերի, դրանք ստեղծելու ընթացքի ու մասնագիտական հմտությունների մասին: 


«Իդա»-ն, «Սառը պատերազմ»-ը եւ «Հայրենիք»-ը

Իրականում այս աշխատանքները չպետք է եռագրություն լինեին, բայց միմյանց հետո որոշակի ներդաշնակություն ունեն։ Պատմական ժամանակահատվածն է համընկնում, հերոսների էմոցիաներն ու էքզիստենցիալ վիճակներն ընդհանրություն ունեն, բացի այդ էլ, բոլոր ֆիլմերը սեւուսպիտակ են։ 

Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ բոլորն էլ ինձ ու իմ կյանքի հետ կապ ունեն։ Առանցքում 40-50-ականներն են, երբ ծնողներիս սերունդն է ապրել, ու ինքս էլ նման միջավայրում եմ մեծացել։ 

Կինոլեզուն

Այս դեպքում հարցը միայն ֆիլմերի գույնին չի վերաբերում, այլ էսթետիկային ու գեղագիտական պատկերներին։ Մեկնարկեցի սեւ եւ սպիտակ «Իդա»-ով: Պատճառ չունեմ, թե ինչու: Պարզապես այդպես էի զգում ֆիլմը։ Այն լուսանկարչական տեսանկյունից էի տեսնում. ամեն ինչ ստատիկ էր, վերջին տեսարաններն ասես ընտանեկան ալբոմից վերցված լինեին։ Երբ փոքր էի, սիրում էի նայել ընտանեկան ալբոմներն, ու որտեղ էլ հայտնվեի, այդ հավաքածուն հետս էի տանում, եւ դրա հետո որեւէ բան պետք է անեի։

«Սառը պատերազմ»-ում ու «Հայրենիք»-ում ուզում էի ասելիքը պարզ լիներ եւ արտացոլեր ժամանակաշրջանը։ Աբստրակցիան շատ եմ սիրում եւ իմ ֆիլմերում սեւուսպիտակ պատկերներով աշխարհը կտրում եմ իրականությունից։ Դրա պատճառները շատ են, ու երկար կարող եմ խոսել այդ մասին։   


Անդրադարձ անցյալին

Ես չգիտեմ՝ ինչպես ֆիլմ նկարել այսօրվա իրականության մասին։ Բոլորս ենք ծանոթ գաջեթների ու հեռախոսների հնարավորություններին։ Անցյալի հետ ինձ ավելի հեշտ է հարմարվել, նույնիսկ ստալինյան ժամանակաշրջանի հանդեպ որոշակի կարոտախտ ունեմ, իսկ այս անալոգային օրերում աշխարհը կարծես թե դատարկվել է։ Հիանում եմ այն ռեժիսորներով, որոնք գիտեն ինչպես ներկայացնել ներկան: Ես չեմ կարողանում. ինձ անցյալում եմ ապահով զգում։ 
 
Թեեւ իմ վերջին ֆիլմն ինչ-որ առումով հարաբերվում է մեր օրերի հետ, բայց դա անելու որոշակի միտում չունեի: 1949 թվականն է. Գերմանիան փլուզվել է, եվրոպական քաղաքակրթության մեջ տարբեր ուղղություններ են ի հայտ եկել, եւ բեկումնային ժամանակ է։ Մեր հերոսը՝ գրող Թոմաս Մանը, չգիտի՝ ինչպես վարվել։ Նա երկու ժամանակաշրջանների բախման միջեւ է, եւ հենց այդ առումով ֆիլմը կապ ունի այսօրվա հետ։ 

Արվեստագետները շատ մեծ խոչընդոտների են հանդիպել իրենց ճանապարհին, նրանց ամեն կերպ փորձել են խանգարել։ Թոմաս Մանը Նոբելյան մրցանակակիր է, նրան նույնիսկ առաջարկել են Արեւմտյան Գերմանիայի նախագահը կամ մշակույթի նախարարը դառնալ, բայց որոշ քաղաքական գործիչներ ամեն ինչ արել են, որ նա դադարի ստեղծագործել։

Մերօրյա խնդիրները

Պետք է ընտրություն կատարել, բայց ինչպե՞ս, եթե ամեն ինչ չէ, որ լիովին հասկանում ես։ Բոլորս ենք բախվել բեւեռացմանը. մարդիկ դադարել են մտածել մյուսների ու հենց իրենց մասին: «Հայրենիքը» դրան էլ է անդրադառնում։  

Մեր օրերում մարդիկ ուզում են, որ անընդհատ ինչ-որ ուղղություն ընտրես, բայց չէ՞ որ դրանց մասին ամեն ինչ չգիտենք։ Տեղեկատվական հոսքերն այնքան շատ են եւ օրուգիշեր մեզ հանգիստ չեն տալիս։ Երբեմն կյանքն ընթանում է սոցիալական հարթակներում. ամեն ինչի մասին կարծիք ունենք եւ մեր ուղեղները սնում ենք տարատեսակ պատմություններով։ Հիմա աշխարհն անկառավարելի է: Ուզում եմ գոնե իմ ֆիլմերում դրանից խուսափել եւ ցույց տալ իրականությունը, որքան էլ այն պարադոքսալ լինի։ 


Արվեստի ոլորտում աշխատողներս փորձում ենք ուղղակի միավորել ու պահել հոգեւոր արժեքները: Հուսանք՝ մի օր դա կհաջողվի նաեւ քաղաքական տեսանկյունից: 

Ֆիլմերի տեւողությունը 

Ընդհանրական մոտեցում ունեմ ֆիլմերին. նույնիսկ վավերագրությունում փորձում եմ սինթեզել ու խուսափել ձանձրալիից։ Եթե որեւէ բանից կարող եմ հրաժարվել, այդպես էլ անում եմ։ Չեմ սիրում այնպիսի սցենարներ գրել, որոնք հետո պետք է բացատրեմ։ Կադրն այնպես եմ համադրում, որ շատ բան պատմի, ասելիքը պարզեցնում եմ, որ ծանրության տակ միտքը չկքի։  

«Հայրենիք»-ում խուսափել եմ պատմական ու անձնական շատ մանրամասներից։ Առհասարակ փորձում եմ այնպես նկարել, որ յուրաքանչյուր բաղադրիչ ու աղյուս ամուր լինի եւ իր տեղում, բաց տեղ չմնա ու ջուր չհոսի, հավելյալ բացատրության կարիք չառաջանա։ 

Շատ երկար եմ նկարահանման տարածքն ու դերասաններին ընտրում։ Աշխատում եմ նրանց հետ, ովքեր իրենց ուսերին կկրեն տեսարաններն ու ամեն ինչ կբացատրեն։ 

Աստիճանաբար հրաժարվում եմ բազմաթիվ հատվածներից, եւ մնում է միայն այն, առանց ինչի ֆիլմը չեմ պատկերացնում։ Իրականում այնքան բան եմ դուրս թողնում, մեկ էլ տեսնում եմ, որ ժամանակս չափազանց կրճատվել է։ Միշտ փորձում եմ 83 րոպեն չգերազանցել, բայց «Հայրենիք»-ում նույնիսկ իմ սահմանն եմ մի քանի րոպեով անցել։ Փորձում եմ ամեն ինչ ցույց չտալ, պարզապես բռնել ուժեղ հատվածներն ու դրանց շուրջ կառուցել ֆիլմը։ 

Դերասանները

Աշխատում եմ շատ վաղ շրջանում ընտրել դերասաններին։ Երբ նոր էի սկսել «Հայրենիք»-ը գրել, Սանդրա Հյուլլերին (Էրիկա Ման) արդեն դիտարկում էի, եւ պարզ էր, որ նա է խաղալու։ 

Գերմանական կինոարտադրությունը չգիտեմ, ու շատ դերասանների խորհուրդ տվեցին։ Ինձ համար կարեւոր է, որ նրանք ոչ թե հայտնի լինեն, այլ՝ ազնիվ։ Ավգուստ Դիլին (Կլաուս Ման) լավ չգիտեի, բայց այն հերոսն էր, ով ինձ պետք էր։ Երբ եկավ, նույնիսկ չճանաչեցի. Տարանտինոյի («Անփառունակ սրիկաները») ֆիլմում էի տեսել, բայց լավ չգիտեի։  

Թոմաս Մանի դերակատար Հանս Ցիշլերն ինձ առաջարկված 10 թեկնածուներից մեկն էր: Նա հենց սկզբից ամեն ինչ շատ ճիշտ զգաց։ Ինքն էլ է գրքեր գրում, ու կարիք չկար, որ ձեւացնի, թե Թոմաս Մանի պես խելացի է. այդպես էլ կա։ Բացի այդ էլ, Թոմաս Մանին նմանեցնելու համար հատուկ նշաններ չավելացրինք: Նույնիսկ հագուստն էր մի քիչ նման:


Ֆիլմի համար հատուկ քասթինգ չեմ արել. գիտեի՝ դերասաններից ում հավատալ ու վստահել։ Չեմ դիտարկում, թե նրանք որքան տաղանդավոր են, այլ՝ արդյոք համապատասխանում են դերին: Մոտեցումս շատ պարզունակ է։ 

Հայրենիքը 

Հենց լքում ես քո երկիրը, կյանքը դժվար է դառնում, ու չգիտես, թե որն է քո տունը։ Ես 14 տարեկան էի, երբ ընտանիքս Լեհաստանից տեղափոխվեց Մեծ Բրիտանիա: Հետագայում շատ երկրներում եմ ապրել:

Թոմաս Մանի դեպքում ավելի ողբերգական էր. նա ստիպված էր լքել իր երկիրը, որպեսզի փրկվի։ 16 տարի մնացել է ԱՄՆ-ում, հետո վերադարձել հայրենիք ու տեսել, որ իր իմացած ու ճանաչած Գերմանիան այլեւս գոյություն չունի։ Իրականում բոլորս էլ անտուն մարդիկ ենք ու մեր վերջին հանգրվանը Շվեյցարիան է լինելու։  

Չեմ կարող ասել, թե Մանն իմ ալտեր էգոն է։ Երբ ֆիլմը ցուցադրվեց Կաննում, շատ ռուսներ էին մոտենում ու նշում, որ ֆիլմն իրենց մասին է։ Նրանք լքել են իրենց երկիրը, եւ այլեւս չկա այն Ռուսաստանը, որտեղ կարող են վերադառնալ։ 


Սիրելի ռեժիսորները

Բավական շատ են, եւ կախված է նրանից, թե կյանքիս որ փուլում եմ գտնվում: Սիրում եմ Միլոշ Ֆորմանի վաղ շրջանի ֆիլմերը, ֆրանսիական կինոն եմ շատ հավանում, Տերենս Մալիքի աշխատանքները: Նաեւ համր ֆիլմերի սիրահար եմ: 

Անգամ չեմ կարող ձգտել այդ աշխատանքներին. նրանք գրավում են քեզ ու մնում ուղեղիդ մեջ՝ ուղեկցելով, առաջնորդելով ու զարգացնելով քեզ: 

Իսկ վերջին շրջանում դիտած ֆիլմերից հատկապես տպավոր են «Պոետ»-ն ու «Գաղտնի գործակալը»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW