Ո՞ր դեպքում եւ հանուն ինչի՞ ներել խաբեբաներին: Նմանատիպ հարցերի շուրջ խորհելու հետքերով է տանում «Մնա» ներկայացումը, որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։
«Մնա» կամ «Մոռանալու նուրբ արվեստը» ներկայացումը համադրում է իրավիճակային կատակերգությունն ու դետեկտիվ ժանրը՝ հանդիսատեսին պահելով մշտական լարվածության եւ ծիծաղի մեջ։ Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, իսկ ռեժիսորը՝ Սեդրակ Գոջամանյանը։ Նրանց համագործակցությունն արդեն շատ երկար տարիների պատմություն ունի։
«Այս անգամ ես ու Սեդրակը փորձեցինք ծանր բեռ վերցնել մեր ուսերին, քանի որ այսպիսի ներկայացում դեռ չէինք արել: Գործն ի սկզբանե մեր հայկական կենցաղին բնորոշ չէր, եւ այդ պատճառով կատակերգությունը տուժում էր, բայց այն փորձեցինք լրացնել այլ գործիքներով։ Հանդիսատեսն անընդհատ բացահայտման մեջ է, եւ դերասանների տրանսֆորմացիան իսկապես բարդ խնդիր էր, բայց կարծում եմ՝ այս հարցը լուծեցինք, գոհ եմ պրեմիերայից: «Մնա»-ն որպես առանձին պատմություն հանդիսատեսին իր նորարարությամբ կհետաքրքրի»,- նշել է Վարդանյանը։
Պրեմիերայից հետո, Bravo.am-ի այն հարցին, թե արդյո՞ք արդարացված էր մոռանալու եւ ներելու մասին ներկայացում անելը, ռեժիսորը պատասխանել է.
«Երբեմն պետք է անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնց մասին մեր ոլորտում չեն խոսում, որովհետեւ վախենում են փող չաշխատել: Պետք է բարձրացնել խնդիրները, որովհետեւ շատ ենք չարացել։ Երեւի 6-7 տարի է՝ բոլոր ներկայացումները դավաճանության եւ իրար մեղադրելու մասին են։ Մենք ուզում ենք խոսել չչարանալու ու մոռանալու մասին, թե իրար ինչեր ենք ասել, ինչպես ենք վիրավորել, որովհետեւ ցավը զայրույթ է բերում, զայրույթը՝ փոխադարձ վիրավորանք, իսկ մեր ազգը խաղաղվելու կարիք ունի»։
Այս ներկայացման մեջ առաջին անգամ բեմ բարձրացան Մագա Հարությունյանը եւ Սուրեն Փահլեվանյանը։ Առաջնախաղից առաջ երկուսն էլ լարված էին ու անհանգիստ, իսկ ներկայացումը հանդիսատեսին հանձնելուց հետո հանգիստ էին ու այն ամփոփելու ժամանակ ունեին:
«Այս պահին թեթեւություն եմ զգում, որ ամեն ինչ ստացվեց։ Ովքեր այսօր չէին եկել, հորդորում եմ գալ եւ նայել մեր հետագա ներկայացումները։ Մինչ այս թատրոնում խաղալու գրեթե բոլոր առաջարկները մերժել էի: Դեռ չի հասել լարվածության այս փուլին, երբ հանդիսատեսը նստած սպասում է։ Կինոյում, սերիալներում եւ սիթքոմներում շատ ավելի հեշտ է, մինչդեռ թատրոնում երկրորդ դուբլ չկա: Վստահ եմ, որ հաջորդ ներկայացումը շատ ավելի լավն է լինելու: Դատավորի դերում եմ, որը բարկանալու դեպքում «քյառթու» է դառնում, դրանով էլ պայմանավորված էին կերպարիս բառապաշարն ու երկխոսությունները»,- նշել է դերասանուհին:
Փահլեւանյանի մոտ առաջնախաղից հետո դեռ հուզմունք եւ պատասխանատվության զգացում էր մնացել․ «Հետեւում էի հանդիսատեսի ծիծաղին ու ինքս ինձ հազիվ էի զսպում: Համոզված եմ, որ հաջորդ անգամ ավելի պատրաստ կլինեմ։ Հեռուստադիտողի հետ շփվելը շատ ավելի հեշտ է, որովհետեւ երեւակայելով՝ մի քանի հոգու ես պատկերացնում, իսկ այստեղ հանդիսատեսն ուղիղ քո առաջ է»։
Երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանին հանդիսատեսը ծանոթ էր հեռուստաեթերից եւ Կամերային թատրոնից, նա առաջին անգամ էր այս կազմի հետ ու այսչափ մեծ բեմում խաղում։ Նա հիշողության կորուստ ունեցող տղամարդու դերում է, ում շուրջ էլ սկսվում են ծավալվել գործողությունները։ Նրա կերպարը բացահայտում էր թե՛ հանդիսատեսի, թե՛ գործընկերների համար։
«Բեմի ու դահլիճի մեծությունը ինձ համար նորություն էր ու շատ մեծ փորձառություն, որը հաղթահարեցի իմ տաղանդավոր ընկերների հետ։ Ինձ համար հանդիսատեսի ու բեմի այդ հեռավորությունն անսովոր էր, հանդիսատեսին լավ չէի լսում, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»,- ասել է դերասանը։
Թամարա Պետրոսյանի եւ ռեժիսորի համագործակցությունը նոր չէ, բայց այս ներկայացման մեջ այն որոշակի նոր տեսակով է բացահայտվում: Գայանեն մինչ այս Պետրոսյանի խաղացած ոչ մի դերին նման չէ։
«Առաջնախաղից հետո բոլորը միշտ լավ են արձագանքում, քանի որ հիմնականում մեր ընկերներն ու հարազատներն են ներկա լինում։ Վաղը կհասկանանք, թե իրականում ինչ է կատարվել։ Այս պահին լարվածությունը հաղթահարված եմ համարում։ Շատ փորձեր անելու դեպքում որոշ բաներ սկսում ենք չնկատել, ու կարեւոր է դառնում հանդիսատեսի արձագանքը: Այսօր նաեւ շատ գործընկերներ էին ներկա, իսկ նրանց զարմացնելն ավելի դժվար է, քանի որ մեզ լավ են ճանաչում: Հաճելի է նրանցից դրական կարծիքներ լսել»,- խոստովանել է դերասանուհին։
Գլխավոր կերպարի՝ բժիշկ-հոգեբույժի դերում Վաչե Երիցյանն է, որը խաղալու առաջարկն ընդունել է առանց երկմտելու․ «Ռեժիսորի հետ համագործակցությունս սկսվել է «Բլոկադա» ներկայացումից, իսկ այս գործում ինձ գրավել է գաղափարը։ Կյանքում էլ է հաճախ պատահում, որ հոգեբուժն ինքն է ավելի շատ մասնագետի կարիք ունենում, քան նրանք, ում բուժում: Բայց այստեղ ոչ թե նրա կերպարն է կարեւոր, այլ սերն ու ներելը»։
Պատրաստեց՝ Արմինե Բրսոյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


×
43






