90-ականների նորաձևությունը սիրում էր բացարձակ պարզություն, մաքուր գծեր, էլեգանտ մինիմալիզմ ու թեթև շքեղություն։ Այսօր, երբ բոլորը մի քիչ հոգնել են արագ փոփոխվող ու միանման հագուստից, այդ դարաշրջանի խորհրդանիշները նորից վերադարձել են մեր պահարաններ ու սթրիթ-սթայլի հիթեր դարձել։ Եթե ուզում եք թարմացնել ձեր look-ը վինտաժային շնչով, առաջին հերթին ուշադրություն դարձրեք հենց այս իրերին․
Նուրբ սլիպ-զգեստներ
Մետաքսե կամ սատինե թեթև այս զգեստները 90-ականների իսկական խորհրդանիշն էին։ Ժամանակին դրանք թրենդ դարձրեց սուպերմոդել Քեյթ Մոսը, իսկ այսօր դրանք համարվում են պահարանի ամենահաջողված բազային իրերից մեկը, որը կարելի է հարմարեցնել ցանկացած առիթի համար։
Կապրի տաբատներ
Ծնկից մի փոքր ներքև ավարտվող այս կարճացված տաբատները 90-ականների վերջի ամենագայթակղիչ թրենդներից էին։ Այսօր դրանք նորից ամենուր են՝ համաշխարհային պոդիումներից մինչև Երևանի փողոցներ։ Կապրիները կատարյալ ընտրություն են նրանց համար, ովքեր սիրում են ընդգծել սիլուետն ու փորձարկումներ անել կոշիկների հետ։
Օվերսայզ պիջակներ
Լայն ուսերով, ազատ ու ուղիղ ձևվածքով այս պիջակները, որոնք կարծես վերցված լինեն տղամարդու պահարանից, 90-ականների էլեգանտության հիմքն են։ Ժամանակին դրանք կրում էին թե՛ առօրյա կյանքում, թե՛ կարմիր գորգերին, իսկ այսօր դրանք կերպարին միանգամից տալիս են ինքնավստահ, մի քիչ համարձակ, բայց միևնույն ժամանակ խիստ ու թանկ տեսք։ Սա այն բազային իրն է, որը կարելի է հագնել թե՛ ջինսերի, թե՛ նուրբ զգեստների հետ։
Մետաքսե թաշկինակներ
Սա այն աքսեսուարն է, որը կարող է ամբողջությամբ փոխել խաղի կանոնները։ Հիմա հատկապես հետաքրքիր է այն կրել գլխին՝ հետևում կապված՝ ստանալով թեթև ու անփույթ էսթետիկա, կամ պարզապես որպես նուրբ շեշտադրում կապել պարանոցին կամ սիրելի պայուսակին։
Բարակ ներբանով լոֆերներ
Ի տարբերություն վերջին տարիների չափազանց կոպիտ, հաստ ու ծանր պլատֆորմների, նորաձևության աշխարհը նորից վերադարձել է 90-ականների կոկիկ, կանացի ու բացարձակ հարթ ներբաններին։ Նման լոֆերները կերպարին հաղորդում են «old money» էսթետիկա և շատ հեշտ են համադրվում թե՛ տաբատների, թե՛ զգեստների հետ։
Նեղ արևային ակնոցներ
Մինիմալիստիկ, փոքր ու նեղ շրջանակով այս ակնոցները 90-ականների հայտնի աստղերի ու մոդելների այցեքարտն էին։ Դրանք ունեն մի հրաշալի հատկություն՝ նույնիսկ ամենապարզ սպիտակ շապիկով ու ջինսով ամենօրյա կերպարին միանգամից հաղորդում են հետաքրքիր ռետրո շունչ, ընդգծում են դեմքի կառուցվածքն ու look-ին տալիս են թանկ, խնամված էֆեկտ։ Այնպես որ, եթե ուզում եք նվազագույն ջանքերով ստանալ իսկական ֆեյշն-կերպար, պարզապես ավելացրեք ճիշտ ընտրված նեղ ակնոց։
Ինչպե՞ս կրել դրանք, որպեսզի կերպարը հնաոճ չթվա․ մեկնաբանում է ոճաբան Արփինե Կոշտոյանը
Մայրիկի պահարանից կամ վինտաժ խանութից գտնված 90-ականների թրենդային իրերն ունենալը դեռ գործի կեսն է։ Ամենակարևոր ու բարդ պահը դրանք ճիշտ «դոզավորելն» ու համադրելն է։ Ինչպե՞ս անել, որ արդյունքում ստացվի ոչ թե հնաոճ թատերական կոստյում, այլ թարմ ու ժամանակակից կերպար։ Թեմայի շուրջ զրուցել ենք ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ․
«90-ականների նոստալգիան արդեն մի քանի սեզոն է, ինչ չի հեռանում հարթակներից, և ձեր առանձնացրած բոլոր տարրերը՝ սլիպ-զգեստներից մինչև կապրի, այսօրվա բազային զգեստապահարանի հիմքն են։ Սակայն սահմանը «ոճային ռետրոյի» և «հին պահարանից պատահական հանված հագուստի» միջև բավականին նուրբ է։
Գլխավոր գաղտնիքը բալանսն ու կոնտրաստն են։ Որպեսզի կերպարը հնաոճ չթվա, երբեք մի՛ կրկնօրինակեք 90-ականների կերպարն ամբողջությամբ (total look): Ողջ հմայքը ժամանակակից դետալների և հակադրությունների մեջ է։ Վերցրեք այդ դարաշրջանի մաքուր գծերը, բայց ներկայացրեք դրանք այսօրվա բարձրորակ կտորներով ու ժամանակակից ոճի կանոններով»։
Այնուամենայնիվ, թրենդների կուրորեն վերադարձը երբեմն կարող է ձախողված look-երի պատճառ դառնալ, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է վերցնել հնությունից։ Ոճաբանի խոսքով՝ կան դետալներ, որոնց այսօր պետք է հաստատակամ «ոչ» ասել․
«Առաջին հերթին պետք է հրաժարվել չափից դուրս էժան, փայլուն սինթետիկ գործվածքներից։ 90-ականներին հանրաճանաչ էին նեոնային և սինթետիկ կտորները, բայց այսօր դրանք պարզապես հին տեսք ունեն։ Նույն սլիպ-զգեստը, եթե կարված է էժան, կպչուն և փայլուն պոլիեսթերից, կորցնում է իր ողջ շքեղությունը։
Մյուս կետը պլաստիկե, մանկական մազակալներն ու աքսեսուարներն են։ Խոշոր, գունավոր պլաստիկե ծաղիկ-ծամկալները կամ թիթեռնիկները լավ են նայվում միայն շատ երիտասարդ լսարանի մոտ։ Հասուն, էլեգանտ կերպարում դրանք հակասության մեջ են մտնում ոճի հետ։ Վերջերս նկատելի էին այդ պլաստմասե ծաղիկները, բայց, փառք Աստծո, շուտ հետ նահանջեցին։ Դե իսկ ուլտրա-ցածր գոտկատեղով տաբատներից ու ջինսերից, կարծում եմ, ընդհանրապես արժե վախենալ (ծիծաղում է)։
Զարմանում եմ, որ մարդիկ հին իրեր կրելով մտածում են՝ դա միշտ ակտուալ է։ Գուցե թրենդները հետ են գալիս, բայց պետք է գտնել դրանցից միայն Ձեզ հոգեհարազատը, որպեսզի կերպարը ծիծաղելի չստացվի»։
Այնպես որ, վինտաժային թրենդներ փորձարկելիս մի՛ վախեցեք սեփական ձեռագիրն ավելացնելուց։ Ի վերջո, նորաձևությունը կանոններ չի սիրում, իսկ 90-ականների էսթետիկան լավագույն առիթն է՝ ցույց տալու ձեր անհատականությունն ու ոճի զգացումը՝ պահպանելով անցյալի ու ներկայի կատարյալ հավասարակշռությունը։
Լիանա Թեհմուրյան


×
164






