×


Հանրայինի նոր սերիալի ազնվական կանայք, Վարուժ Մարգարյանի պատգամավոր Ռուբենն ու Թելման Խաչատրյանի Գյումրու բարբառը

Գեղարվեստական ֆիլմ՝ համեմված պատմական եւ վավերագրական փաստերով. աշնանը Հանրային հեռուստաընկերությունը կներկայացնի, ինչպես նշվում է, իր պատմության ամենամասշտաբային սերիալը, որում գործողությունները ծավալվում են 1919 թվականին՝ Երեւանում եւ Գյումրիում։


16 մասից բաղկացած նախագիծը միավորում է պատմական ժամանակաշրջանի շունչը, ընտանեկան դրաման եւ մարդկային հարաբերությունների բարդ պատմությունները՝ դրանք ներկայացնելով գեղարվեստական, կինեմատոգրաֆիկ լեզվով՝ հեռու մնալով դասական պատմական վերապատումից։ 

Կոնցեպտի հեղինակ, գլխավոր պրոդյուսեր եւ հեռուստաընկերության ֆիլմարտադրության գծով պրոդյուսեր Լիանա Սմբատյանի խոսքով՝ սա պատմական փաստերից ոգեշնչված նախագիծ է, որում կան գեղարվեստական լուծումներ։

«Մենք աշխատել ենք պատմական խորհրդատու Վահրամ Թոքմաջյանի հետ, որն օգնել է նաեւ նյութին տիրապետող տարբեր գիտնականների հետ աշխատել։ Սակայն, որպես այդպիսին, շեշտը պատմական ու վավերագրական իրադարձությունների վրա չէ։ Կան գեղեցիկ տեսարաններ, որոնք հենց պատմական իրողություններ են՝ Հովհաննես Թումանյանի ելույթն Ազգային ժողովում, Արամ Մանուկյանի ելույթը եւ այլն։ Ունենք այդ ժամանակաշրջանը ներկայացնող երաժշտական ու մշակութային մեծ հատված, որը փոխանցելու է հայկական հարսանիքների սովորույթները, երգերը, պարերը եւ նիստուկացը։ Դրանք մեր մշակույթի մի մասն են եղել ընդամենը 100 տարի առաջ»,- BRAVO.am-ին պատմել է Լիանա Սմբատյանը:


Ռեժիսորն Արման Գեւորգյանն է, սցենարիստը՝ Արման Գիզյան-Մարտիրոսյանը, երկխոսությունների հեղինակը՝ Լեւոն Գալստյանը։ 

«Այն ամենը, ինչ ռեժիսորը չի կարող անել ժամանակակից ֆիլմում, կարող է անել պատմական վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերում: Աշխատանքն ավելի շատ է. հարկավոր էր մանրակրկիտ ուսումնասիրել ժամանակաշրջանը՝ հագուստից մինչեւ ավանդույթներն ու խոսելակերպը, բայց հենց դրանով էլ այն հետաքրքիր էր։ Բացի այդ, մասշտաբներն են մեծ. ավելի քան 100 տեղանքում նախատեսված է 55 նկարահանման օր։ Ֆիլմի հերոսներին էլ երկար ենք ընտրել. եղել է, որ սիրել ենք, բայց հետո՝ հիասթափվել»,- նշել է Արման Գեւորգյանը:

Հեռուստանովելում ընդգրված են դերասաններ Միլենա Ղազարյանը, Թելման Խաչատրյանը, Հրանտ Հովսեփյանը, Վարուժան Մարգարյանը, Յուլյա Ֆինկը, Մինաս Ասրյանը, Աննա Մանուչարյանը, Հարություն Հովհաննիսյանը, Ֆրիդա Յորքը եւ այլք։

Պատմական կերպար խաղալու երազանք ունենալով՝ դերասանուհի Յուլյա Ֆինկը համաձայնել է այս դերին։ Նա մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկին՝ Երեւանի արիստոկրատ ընտանիքի մորը. «Միշտ մտածել եմ, թե ինչու տարբեր ժամանակաշրջանների մասին ֆիլմեր չկան, եւ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Այսպիսի նախագծերում հետաքրքիր է ամեն ինչ՝ սկսած զգեստներից մինչեւ միջավայրը: Կոստյումները հատուկ մեզ համար են կարվել. շատ գեղեցիկ են, բայց նաեւ բավական ծանր ու տաք են։ Այս շոգ եղանակին դա, թերեւս, ամենամեծ փորձությունն է»։


Աննա Մանուչարյանը մարմնավորում է պայքարող եւ ուժեղ Անուշին։ Նրա խոսքով՝ Գյումրու բարբառն ուսումնասիրելուց մինչեւ կերպարի հոգեբանությունը բացահայտելը երկար ճանապարհ կար: Դերասանուհին կարծում է՝ Անուշի կերպարն առանձնանում է հոգեբանական ու հուզական յուրահատուկ խորությամբ։

Միլենա Ղազարյանը մարմնավորում է գլխավոր հերոսուհի Սոնային, որը հին երեւանյան ազնվական ընտանիքից է. «Քասթինգին այլ դերի համար էի եկել: Երբ դուրս եկա, մտածեցի՝ լավ կլիներ, որ Սոնայի դերի համար գայի։ Անցավ կես ամիս, ու ինձ նորից զանգեցին եւ կանչեցին քասթինգի՝ արդեն Սոնայի դերի համար։ Շատ էի ուրախացել»։

Երեւանյան ընտանիքի ավագ որդուն՝ պատգամավոր Ռուբենին, մարմնավորում է Վարուժ Մարգարյանը։ Դերասանի խոսքով՝ ներքին հակամարտություն ունեցող կերպար է․ «Իրադարձությունների զարգացման ընթացքում Ռուբենը նոր փաստեր է բացահայտում, ինչի արդյունքում փոխվում է նրա վերաբերմունքը շատ հարցերի նկատմամբ։ Նրա մեջ ներքին պայքար է սկսվում՝ հայրենիք, իրականություն, պայքար ու արժեքներ»։ 


Թելման Խաչատրյանն այս սերիալի համար փորձել է յուրացնել Գյումրու բարբառը․  «Բարդ էր, քանզի լսել ես, բայց չես օգտագործել ու այնտեղից չես։ Սկզբում անհանգստությունը մեծ էր, լարվում էի, բայց հիմա շատ հաճելի է: Ինձ արդեն սկսել է դուր գալ եւ ոգեւորել դերս։ Կյանքիս այս փուլում ամեն ինչ դրել եմ մի կողմ՝ ժամանակս ու էներգիաս կենտրոնացնելով այս դերի վրա»։

Հրանտ Հովսեփյանը մարմնավորում է երիտասարդ ու ազնիվ ոստիկան Արեգին։ Նրա համար ամենաբարդն առանց խոսքի տեսարաններն են, որոնք ամբողջությամբ կառուցվում են զգացողությունների ու դիմախաղի միջոցով. «Տանը քնած էի, երբ զանգն ու առաջարկը ստացա: Ուսումնասիրեցի: Սցենարը շատ լավն է։ Կերպարս բավական բարդ ու հետաքրքիր է»: 

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարդալ ավելին

Quality Sign BW