×


«Սեւ կարապների գիշերը» ֆիլմի պրեմիերան ու Վարուժան Մարգարյանը՝ սեփական պատյանից դուրս

2007 թվականին լիբանանյան ծագումով հայտնի ամերիկացի գրող, վիճակագիր ու տնտեսագետ Նասիմ Նիկոլաս Թալեբն իր բեսթսելլեր դարձած «Սեւ կարապ. անկանխատեսելիության նշանի տակ» գիրքը պատմում է դժվար կանխատեսելի ու հազվագյուտ իրադարձությունների մասին, որոնք իրենցից հետո նշանակալի հետեւանքներ ու փոփոխություններ են թողնում:

Ռեժիսոր Գրիգոր Մխիթարյանի «Սեւ կարապների գիշերը» էքզիստենցիալ թրիլլերն այդպիսի մի շրջադարձային գիշերվա մասին է, որը տեղի է ունենում գլխավոր ու միակ հերոսի (Վարուժան Մարգարյան) հետ: Նա կիբերանվանգության փորձագետ է ու ստիպված է լինում համակարգում տեղի ունեցած հաքերային հարձակման պատճառով գիշերել աշխատավայրում: Նույն տարածքը, մեկ հերոս ու բազմաթիվ զանգեր, որոնք իրենց հետ բերում են նոր անհանգստություններ ու վտանգներ, որոնք նա հաղթահարում է իրեն հատուկ սառնասրտությամբ:


Թեեւ ֆիլմն այնքան էլ լարված չէ ու դիտողին չի ընկղմում անսպասելի սյուժեի մեջ, որոշ դրվագներ բավական կանխատեսելի են, երկխոսությունները՝ մի քիչ պարզ, հեռախոսից լսվող որոշ ձայներ՝ արհեստական, միեւնույն է, հետաքրքիր է հետեւել Մարգարյանի դերասանական հնարքներին ու տեսնել, թե ինչպես է նա միայնակ իր ուսերին տանում «Սեւ կարապների գիշերը»:

Ֆիլմի ասելիքը կարելի է խտացնել «Փոխիր քեզ ու կփոխես աշխարհը» սկզբունքի մեջ: Այն ներքին խնդիրների, սեփական պատյանից դուրս գալու եւ շրջապատող մարդկանց նորովի տեսնելու մասին է: 


Վարուժան Մարգարյանը Bravo.am-ին խոստովանել է, որ մեծ մարտահրավեր էր նկարահանվել ֆիլմում, որտեղ էկրանն ու ժամանակը միայն իրեն են հատկացված: Այդ նոր փորձառությունը որքան բարդ, նույնքան էլ գրավիչ է եղել:

«Համաձայնեցի, բայց ամեն դեպքում լարված էի: Սեղանի շուրջ սցենարի ընթերցումների ժամանակ չէի պատկերացնում, թե ինչպես ենք նկարելու: Ամեն ինչ շատ արագ ենք նկարել՝ ընդամենը 5 գիշերվա ընթացքում: Բարդությունն այն էր, որ խաղընկեր չունեի, իսկ դերասանի համար շատ կարեւոր է նրա ներկայությունն ու էներգիաների փոխանակումը։ Բայց երբ դիմացդ ոչ մեկին չես տեսնում, ամեն ինչ փոխվում է, անգամ խոսքդ է ուրիշ»,- նշել է Մարգարյանը:


Պրեմիերայից առաջ ինքն էլ չգիտեր, թե ֆիլմն ինչպիսին է լինելու, ու այդ պատճառով շատ լարված էր: Բայց հույս ունի, որ ասելիքի առումով «Սեւ կարապների գիշերն» անտարբեր չի թողի դիտողներին, ու նրանք կվերհիշեն իրենց կյանքի նմանատիպ իրադարձությունները. «Ասելիքն ինձ համար այնքանով է տարբերվում, որ ամեն ինչ շատ պարզ է. էքշն ու դրամա չկան: Ուղղակի ներկայացրել ենք կյանքի մի դրվագ, որը կօգնի որոշ բաներ հասկանալ ու մտածելու առիթ կտա»: 

Ցուցադրությունից հետո դերասանն ավելացրել է, որ կլինեն մարդիկ, ովքեր չեն ընդունի ֆիլմն ու դրա ժանրը. «Պատրաստ եմ տեսակետներ լսել: Ինձ կեղծ կարծիք պետք չէ: Ինքներս էլ գիտենք այս ֆիլմի թերություններն ու լավ կողմերը, բայց նաեւ պատրաստ ենք դիմացինի տեսակետը լսել: Դա կօգնի, որ թիմը փորձի էլ ավելի լավ աշխատանքներ ստեղծել»:


Սա սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Գեւորգ Մխիթարյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Մինչ այս նա նկարահանել է 2020 թվականի պատերազմի մասին «Խաչով ու սրով» կարճամետրաժ վավերագրական աշխատանքը: 

Մխիթարյանին առաջին հերթին գրավել է նույն տարածքում մեկ դերասանի մասնակցությամբ ֆիլմ նկարահանելու գաղափարը: Համաշխարհային կինոյում նման փորձեր շատ են արվել, Հայաստանում եւս օրինակներ եղել են: Ու երբ եկել է մտահղացումը կյանքի կոչելու ժամանակը, ընտրել է Մարգարյանին, որի գործունեությանը վաղուց է հետեւել:

«Վարուժի խաղը դիտելիս միշտ զգում էի, որ ավելիին է արժանի՝ ավելի մեծ դահլիճների ու էկրանների: Կարող եմ հստակ ասել, որ նրա ընտրության հարցում չենք սխալվել: Վարուժը չափազանց աշխատասեր դերասան է։ Վստահ եմ, որ իր կարիերայում այս կերպարն առանձնահատուկ տեղ կունենա: Այս դերից հետո նա ավելի շատ է ընկալվելու որպես լուրջ դրամատիկ դերասան»,- ընդգծել է ռեժիսորը:


Սցենարի համար նա ընտրել է «Սեւ կարապի» տեսությունը, երբ անսպասելի իրադարձությունները փոխում են մարդու կյանքը: Գլխավոր հերոսը մեկ գիշերվա ընթացքում հայտնվում է անսպասելի հանգամանքների կիզակետում ու տրանսֆորմացիաների է ենթարկվում:  

«Սովորաբար դրական փոփոխությունները մարդու ներսում տեղի են ունենում ծանր իրադարձություններից հետո: Քիչ գիտեմ կամ առհասարակ չգտեմ մարդկանց, որոնք ապրում են լավ կյանքով ու խոր վերափոխումների են ենթարկվում։ Մարդ պետք է դժվարություններ ու շոկային իրավիճակներ ապրի, որ սկսի փոխվել։ Մեր հերոսը հենց այդպիսի գիշեր է ունենում ու առավոտյան լրիվ այլ մարդ դառնում: Իմ կյանքում էլ են նման իրավիճակներ եղել, նույնիսկ սցենարում իմ կյանքից պահեր կան, որոնք քողարկել եմ ու փոխել, որ միայն ես իմանամ այդ մասին»:


Նշում է, որ երկխոսություններն այնպես են կառուցել, որ ամեն հաջորդ զանգն ավելի թեժացնի իրավիճակն ու մոտեցնի հանգուցալուծմանը: Ռեժիսորի խոսքով՝ սկզբում ֆիլմը թրիլլեր է, որը աստիճանաբար վերածվում է հոգեբանական դրամայի. «Ես էլ չգիտեմ, թե ինչպես ենք կարողացել ընդամենը 5 գիշերվա ընթացքում այն ավարտին հասցնել: Նկարահանումները սկսել ենք հունվարի 10-ին, երբ մարդիկ դեռ տոնական օրերն էին վայելում: Գաղտնիք ասեմ՝ նույնիսկ ամբողջ գիշերվա ընթացքում չենք նկարել: Բոլորը՝ դերասանը, օպերատորական կազմը, լուսավորողները, նկարչական խումբը, ստեղծագործական մեծ աշխատանք են կատարել: Չգիտեմ՝ երկրորդ անգամ կարող եմ նման բան անել»:

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի/BRAVO.am/ եւ «Սեւ կարապների գիշերը» ֆիլմի

Կարդալ ավելին

Quality Sign BW