Ամուսիններ Խավիեր Բարդեմն ու Պենելոպե Կրուսը Վենետիկի միջազգային 83-րդ կինոփառատոնի ամենասպասված հյուրերից են: Այս օրերին ընթացող կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել նրանց մասնակցությամբ «Բունկեր» ֆիլմի պրեմիերան:
Նրանք օսկարակիր ռեժիսոր եւ դրամատուրգ Ֆլորիան Զելլերի դրամատիկ թրիլլերի գլխավոր հերոսներն են: Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմում նկարահանվել են նաեւ Փոլ Դանոն, Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը, եւ Սթիվեն Գրեհեմը:
52-ամյա Քրուզը պրեմիերայի համար ընտրել էր Chanel-ի գեղեցիկ կարմիր զգեստ, իսկ 57-ամյա Բարդեմը դասական սմոքինգով էր:
Ֆիլմը հանդիսատեսը ջերմ ու բուռն ծափահարություններով է ընդունել, եւ Կրուսը չի կարողացել զսպել արցունքները:
View this post on Instagram
«Բունկեր»-ը պատմում է ճարտարապետ Միգելի մասին, որը խոշոր, բայց էթիկական տեսանկյունից կասկածելի պատվեր է ստանում՝ միլիարդատիրոջ համար գլոբալ աղետի դեպքում պատսպարվելու համար բունկեր կառուցել: Առատաձեռն առաջարկը լուրջ սպառնալիք է Միգելի ու Սոֆիայի 17 տարվա ամուսնությանը:
Հոգեբանական դրամայի գաղափարը Զելլերի մտքում ծագել է մի քանի տարի առաջ, երբ նա հոդված է կարդացել Հավայան կղզիներում Մարկ Ցուկերբերգի կառուցած համալիրի ստորգետնյա ապաստարանի մասին։
«Ինքս ինձ հարցրի. «Իսկ նա ինչ-որ բան գիտի՞, որից մենք տեղյակ չենք»։ Ապշած էի: Մի մարդ, որն իր կարողությունը կուտակել էր մարդկանց միավորելով, որոշել էր մեկուսանալ աշխարհից։ Գուցե բոլորս հեռանում ենք իրարից», - նշել է ռեժիսորը։
Զելլերի խոսքով՝ ցանկացել է նկարահանել Բարդեմին ու Քրուսին, քանի որ նրանց երկարատեւ համատեղ կյանքը խորություն կհաղորդեր պատմությանն ու կերպարներին։
«Մենք շատ լավ ենք տարանջատում աշխատանքն ու անձնական հարաբերությունները, հակառակ դեպքում պարզապես չէինք կարողանա գոյատեւել: Ու մենք երբեք չենք վիճում»,- կատակել է Բարդեմը։
Կրուսն էլ հավելել է. «Իհարկե, երբ մենք աշխատում ենք համատեղ նախագծի վրա, տանը բավական շատ ենք քննարկումներ ունենում։ Բայց դա հաճախ չի պատահում, քանի որ շատ առաջարկներ մերժում ենք։ Ֆլորիանի դեպքում ամեն ինչ այլ էր. հավանեցինք սցենարն ու կերպարները: Նա առաջարկեց ֆիլմ բերել ոչ թե մեր կյանքը, այլ փորձառությունը»:


×
80





