Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմում խոհարարների դերում են եւ շատ գունեղ են ներկայացնում հայկական խոհանոցն ու համերը:
Ավետիսյանը մինչ նկարահանումները պատրաստելու փորձ ընդհանրապես չի ունեցել. դասընթացների է մասնակցել, որպեսզի կադրում պրոֆեսիոնալ խոհարարի պես համոզիչ լինի:
«Սկզբում մատներս կտրտում էի: Ամիսներով գնացել եմ շեֆ Հենոյի մոտ դասերի ու բավական նախապատրաստվել: Վերջում արագ կտրատելն, իհարկե, ստացվում էր, բայց՝ միայն վերջում: Ընթացքը բավական հետաքրքիր էր, չնայած ֆիլմից հետո չեմ փորձել ինձ որպես խոհարար դրսեւորել: Միեւնույն է՝ խոհանոցի հանդեպ կիրք չառաջացավ. գուցե դեռ այդ տարիքում չեմ»,- անկեղծացել է նա:
Անի Խաչիկյանն էլ նշել է, որ Հրաչ Քեշիշյանի հետ «Երեք ընկեր» ներկայացման ստեղծման ընթացքում բավական ընկերացել են, եւ ռեժիսորն ու մյուս խաղընկերները մեկ անգամ չէ, որ հյուրընկալվել են իր տանն ու համտեսել իր պատրաստած կերակուրները: Ավետիսյանը միանգամից արձագանքեց. «Անիի հարիսան ֆանտաստիկ է», իսկ Մարջան Ավետիսյանն ավելացրեց. «Բա ոսպով ճա՞շը, որ Նահանգներում եմ կերել»։
Անիի խոսքով՝ ցանկացել է ընկերական այդ հավաքույթներից բխող ջերմությունը տեղափոխել ֆիլմ, որպեսզի իր հերոսուհին՝ Լուսինը, իրեն ինչպես տանը զգա. «Եվ պարոն Քեշիշյանին առաջարկեցի, որ իմ սպասքը լինի կերպարիս խոհանոցում: Մի մեծ ճամպրուկ վերցրինք ու դրանք տեղափոխեցինք նկարահանման հրապարակ»:
Քեշիշյանն ավելացրել է, որ Խաչիկյանի խոհանոցից շատ գեղեցիկ ու գունավոր սպասք են ընտրել, որն էլ հայտնվել է ֆիլմում:
«Դրանց շնորհիվ շատ ջերմ զգացողություն ունեի, որովհետեւ գիտեի՝ իմ տան եւ սեղանի շուրջ ձեւավորված ընկերության ու ջերմության մի մասն են կրում: Դա, որպես իմ կողմից մի գդալ սեր, ներդրել եմ ֆիլմում»,- պատմել է դերասանուհին:
Նա խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում դժվարություններ չի ունեցել, որովհետեւ կողքին են եղել ընկերները, որոնց հետ ստեղծագործելու առիթներ նախկինում էլ է ունեցել. «Պարոն Քեշիշյանի հետ առաջին ֆիլմն էր: Ինձ համար ֆանտաստիկ փորձառություն էր. երբ ռեժիսորը վստահում է քեզ ու թույլ տալիս ստեղծագործել, քեզ նորովի ես բացահայտում։ Դրա համար անսահման շնորհակալ եմ եւ ուրախ»։
Խաչիկյանի համար ամենաբարդը ցուրտ աշնանը հորդառատ անձրեւի տակ նկարահանվելն էր, բայց հիմա դրա մասին էլ ջերմորեն է հիշում. «Շատ սիրուն էր, երբ բնությունը մեզ հետ ներդաշնակ էր գործում: Պետք էր արհեստական անձրեւ ստանալ, ու բնությունն այնքան ճիշտ համագործակցեց՝ ամպերն իջեցրեց սարերից ու թանձր մառախուղ կապեց: Փոքր կախարդանքներ են, որոնք քեզ ուղարկվում են՝ կոմպոզիցիան կատարյալ դարձնելու համար»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ «Մի գդալ սեր» ֆիլմի


×
203







