Արդեն 29 տարի է՝ արքայադուստր Դիանան ողջ չէ, սակայն նրա կյանքի ու ոճի մասին խոսելու առիթները չեն պակասում: Այս անգամ ուշադրության կենտրոնում նրա հայտնի, այսպես կոչված, «վրեժի զգեստն» է, որով 1994 թվականի հունիսի 29-ին մասնակցել է Լոնդոնի Սերպենտայն պատկերասրահում կազմակերպված երեկույթին։
Հենց այդ օրը ապագա թագավորը՝ Չարլզը, ազգային հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ խոստովանել էր, որ դավաճանել է Դիանային: Նա չէր հերքել, որ երկար տարիներ է՝ սիրավեպ ունի Կամիլա Փարքեր-Բոուլզի հետ: Թեեւ նրանց ընտանիքում վաղուց տարաձայնություններ կային, Չարլզն ու Դիանան շարունակում էին միասին ներկայանալ հանրային միջոցառումներին ու ձեւացնել, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։
View this post on Instagram
Նախապես պլանավորված էր, որ Դիանան միջոցառմանը պետք է կրի Valentino-ի փակ զգեստ։ Սակայն վերջին պահին նա այն փոխարինեց Հունաստանում ծնված հայազգի դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի ստեղծած սեւ զգեստով։
Զգեստը մի քանի տարի եղել էր Դիանայի զգեստապահարանում, մինչեւ որ նա որոշել էր՝ եկել է այն կրելու ճիշտ ժամանակը։ Ինչպես հետագայում պատմել է դիզայները, Դիանան իրեն ասել էր՝ երեք տարի անց զգեստը հագնելիս անհանգստացել է, որ այն մի փոքր նեղ կլինի:
Լուսանկարը՝ Getty Images
«Վրեժի զգեստ» այն անվանեց մամուլը ու համարեց, որ այն չէր համապատասխանում թագավորական ընտանիքից ակնկալվող պահպանողական հագուկապին։ Տարիների ընթացքում այն սկսեց ընկալվել որպես կանանց ինքնուրույնության ու ուժի խորհրդանիշ, իսկ Դիանայի համար՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու միջոց։
Առաջին ցուցադրությունից ավելի քան երեք տասնամյակ անց այս համարձակ զգեստը դեկտեմբերի 9-ին աճուրդի կհանվի Նյու Յորքի Sotheby's-ում: Մինչեւ ԱՄՆ հասնելը, այն կցուցադրվի Sotheby's-ի Լոնդոնի, Հոնկոնգի եւ Ժնեւի մասնաճյուղերում։ Ակնկալվում է, որ զգեստը կվաճառվի 150-ից 300 հազար դոլարով: Հասույթի մի մասը փոխանցվելու է NHS Lothian բարեգործական կազմակերպությանը:
«Նորաձեւությունը կարող է դառնալ լեզու, երբ բառերն անզոր են կամ պարզապես անբավարար։ Արքայադուստր Դիանան դա բնազդաբար էր զգում: Սեփական նախաձեռնությամբ նա այս զգեստն իր կյանքի ամենաբարդ ժամանակահատվածներից մեկում վերածեց հզոր ուղերձի», - ասել է Sotheby's-ի պայուսակների եւ նորաձեւության բաժնի ղեկավար Մորգան Հալիմին։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում մարդկանց հիշողության մեջ մնացել է ոչ թե այդ երեկոյի սկանդալային կողմը, այլ արքայադուստր Դիանայի վստահության եւ հավասարակշռության ցուցադրումը։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
80





