10 տարի ելույթ չունենալուց հետո դերասան Վահագն Սիմոնյանը բեմ բարձրացավ «Ես վերադարձա» 2 ժամից ավելի տեւած սթենդափով՝ լի ուրախությամբ, անցած ճանապարհի դառը դասերով, բայց կյանքի նկատմամբ անսահման սիրով ու լավատեսությամբ։
Երկար տարիներ անտուն մնացած ու մարդկանցից մեկուսացած դերասանը վերադարձել է իմաստնացած ու նոր փորձով։ Նրա անմոռանալի արկածները, ապրած հետաքրքիր օրերն ու խորհրդավոր մտքերը հուզեցին հանդիսատեսին: Երբ Սիմոնյանն անկեղծացավ, որ կարոտել էր նրանց, դահլիճից էլ փոխադարձ կարոտի խոստովանություններ հնչեցին։
Դերասանը խորհուրդ տվեց երբեք ու ոչ մի իրավիճակում չընկճվել եւ խավարից չվախենալ, քանի որ դրան միշտ հաջորդում է լույսը։ Պատմեց ծնողներից ու իրեն կրկես տանող պապիկից, որի շնորհիվ տպավորվել էր Լեոնիդ Ենգիբարյանով ու երազել նրա պես ծաղրածու դառնալ։ Այդ նպատակով օրերով սովորում էր մեկ անիվով հեծանիվ վարել, ինչը հատկապես զայրացնում ու ամաչեցնում էր հորը, քանի որ նա չէր ցանկանում, որ որդին դերասան դառնա։
Ապա հանդիսատեսին իր հետ տարավ հեռավոր ԳԴՀ, որտեղ ծառայում էր ու շատ անկարգ զինվոր էր, հետո վերադարձավ Երեւան՝ ընկերների հետ արկածներ որոնելու ու Երիտասարդական պալատում խնջույքներ անելու համար։
Սթենդափը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր էկրանին ցուցադրվող նրա հարցազրույցներից մտքերով, ժամանակին շատ հայտնի «Թաքնված տեսախցիկ»-ի կադրերով ու ֆիլմերից մեջբերումներով։
«Երջանիկ եմ: Ամեն առավոտ արթնանում եմ ու այս արեւը տեսնում։ Ասում եմ՝ Փառք քեզ, Տեր Աստված, այս պահին միլիոնավոր մարդիկ աշխարհում մեռնում են, ես ողջ եմ։ Ամենամութ պահը լուսաբացից առաջ է: Ու մինչեւ լույսի գալը բնությունը սկսում է կենդանանալ, եւ տարբեր կողմերից սկսում են հնչել թռչունների ձայները։ Բառերով չեմ կարող բացատրել, թե դա ինչ զգացողություն է։ Երբ մի երեք անգամ դա ապրում ես, զգում, հասկանում ես՝ դրանից առավել զգալու ոչինչ չկա»,- բնության հետ իր կապն այսպես է բացատրել նա։
Մեկ այլ զրույցի ընթացքում էլ նշում է, որ փորձում է ներկայով ապրել. «Ով ապրում է անցյալով, դեպրեսիայի մեջ է, ով՝ ապագայով՝ տագնապային շիզոֆրենիայի: Քո կյանքն այս վայրկյանին ու հենց հիմա է։ Մարդիկ մոլորված՝ անընդհատ պատրաստվում են ապրել, կառուցում են, մեկ էլ գալիս է հոգին տալու ժամանակը, եւ հասկանում են, որ չապրեցին, այլ ընդամենը պատրաստվեցին ապրել»։
Իսկ երեկոյի վերջում նա մի հետաքրքիր բացահայտում արեց․ պարզվում է՝ բուսաբան է։ Իր այդ հմտությունն օգտագործելով՝ հանդիսատեսի յուրաքանչյուրի համար բաժակի մեջ կատալպա էր աճեցրել ու երեկոյի ավարտին նվիրեց նրանց։
«Կոչվում է «Երջանկության ծառ», շատ արագ է մեծանում ու ծաղկում։ Քանի որ դուք այսօր եկել եք, եւ մենք իրար հանդիպել ենք, ուզում եմ Աստծուն խնդրել, որ իրարից երբեք չկշտանանք։ Որպես այս օրվա հիշատակ՝ այն տարեք Ձեր տուն ու աճեցրենք»,- ասաց նա ու բուռն ծափահարությունների ներքո խոնարհվեց երկար դադարից հետո իր առաջին հանդիսատեսի առաջ։
Ներկայցումից առաջ Bravo.am-ի հետ զրույցում Վահագն Սիմոնյանը խոստովանել էր, որ անչափ հուզված ու անհանգիստ է, նույնիսկ մի քիչ վախ է զգում, բայց այդպես էր լինում նաեւ նախկինում, քանի որ առանց այդ հաճելի անհանգստությունների բեմում ոչինչ չի ստացվում։
«Փորձելու եմ անել այն, ինչ կարող եմ: Սցենարն ինձ համար կարեւոր չէ, առաջնայինն անկեղծ լինելն է։ Արվեստը հենց ազնվությունն ու անկեղծությունն են: Միակ տեղն է, որտեղ խնամի-ծանոթ-բարեկամի սկզբունքը չի գործում։ Անգամ եթե նրանք ողջ աշխարհի տերն էլ լինեն, քեզ ոչնչով չեն օգնի։ Նաեւ դիպլոմները ոչ մի դեր չեն խաղում, թեկուզ հինգ ինստիտուտ ավարտած լինես: Միայն դու եւ քո արածն եք կարեւոր բեմում։ Ինչպես կասեր գերմանացի հանճարեղ փիլիսոփա եւ «Ֆաուստ»-ի հեղինակ Գյոթեն. «Աշխարհի ամենաթանկ բանն այն է, երբ քո ասածի վրա դիմացինդ ծիծաղում է»։ Դա իսկապես մեր կյանքում ամենաթանկ բանն է»,- նշել է նա։
Դերասանի խոսքով՝ միշտ է սիրել կատակել եւ ուրախացնել մարդկանց, քանի որ նրանց նախկինում էլ, հիմա էլ շատ է սիրում. «Արարում են հենց մարդկանց համար: Եվ այս ներկայացումն իմ շնորհակալությունն է ժողովրդին. եկել եմ նրան իմ երախտագիտությունը հայտնելու»։
Թեեւ ամեն օր է կարոտել բեմն ու իր աշխատանքը, սակայն վերադառնալ չէր կարող։ Չցանկացավ պատճառների մասին խոսել, բայց նաեւ չթաքցրեց. «Պարզապես չէի կարող այդ չոլերից, ցեխերի, խոտերի, ծառերի ու գայլերի միջից դուրս գալ եւ կտրուկ հայտնվել բեմում։ Այդ ամենում հայտնվելու պատճառները շատ խորն են. իմ հանդեպ աշխարհի ամենավատ բաներն են կատարել, բայց դրանց մասին խոսելու ժամանակը դեռ կգա»։
Նախկինում էլ է աշխատանքային առաջարկներ ստացել, սակայն բոլորն էլ մերժել է, քանի որ արդեն հարմարվել էր իր մենակությանը, որն ամբողջությամբ փոխել է իրեն ու աշխարհայացքը։ Սկսել է կյանքին այլ աչքերով նայել՝ առանց վարդագույն ակնոցների։
«Մենակությունն ինձ օգնել է ավելի ուժգին սիրել կյանքը, մարդկանց եւ հասկանալ մի բան, որ առանց Աստծո ոչինչ չի լինում։ Մենությունն ինձնից ահագին բան խլեց՝ իմ գոռոզությունն ու հպարտությունը, որը բոլորիս մեջ կա: Այն խոնարհեցրեց ինձ։ Փոխարենն ինձ բարձունքներ տվեց, ինչի համար շատ շնորհակալ եմ Աստծուն։ Ամբողջ կյանքս ներդրել եմ միայն հոգեւոր աճի համար: Հարստությունը ոսկու մեջ չէ, այլ մարդու էության եւ հոգու։ Եթե հասկանում ես, թե ինչ ես անում, անպայման կստացվի»,- պատմել է նա։
Իսկ այս անգամ վերադարձել է բեմ, քանի որ ռեժիսոր Արթուր Սահակյանը եւ պրոդյուսեր Ստեփան Ղամբարյանն ամեն ինչ արել են, որ նրանց չկասկածի։ Դրան նպաստել են նաեւ այլ ընկերներ՝ իրենց «Արի, էլի» խնդրանքով։ Բայց որոշիչ դեր է ունեցել հենց հանդիսատեսը։
«Իրավունք չունեի չգալու, որովհետեւ փողոցում հանդիպելիս հարցնում են. «Ե՞րբ ենք Ձեզ տեսնելու բեմում»: Երբ այդպես են դիմում, ուսերիս մի ծանր բեռ եմ զգում։ «Պարտականություն» բառը երբեք չեմ սիրել, բայց սա, երեւի, այն միակ դեպքն է, երբ այն տեղին է։ Նույնիսկ ծնողը երեխային ու երեխան ծնողին պարտական չեն. տեսեք, թե որքան խիստ եմ մոտենում հարցին, որովհետեւ ամեն ինչ փոխադարձ սիրով է արվում: Իսկ թատրոնում ե՛ւ սիրում ես, ե՛ւ քեզ պարտական զգում: Եթե կարող ես մարդկանց գոնե մեկ ժպիտ պարգեւել, ի՞նչ իրավունքով մերժես: Չէ՞ որ ժողովուրդն է քեզ ամենը տվել: Պետք է խոզ լինես, որ փոխադարձ չլինի»,- խոստովանել է դերասանը:
Սիմոնյանի միակ խնդրանքն այն է, որ արվեստին ավելի շատ ուշադրություն դարձնեն, քանի որ առանց դրա կյանքը «դատարկ զնդան» է հիշեցնում. «Առանց հոգեւոր սննդի մենք կենդանու ենք նմանվում։ Արվեստն Աստծուց ի վերուստ տրված շնորհ է, եւ առանց դրա մենք դատարկ ենք Հայերենը շատ հզոր եւ խոր լեզու է, աստվածների հետ շփվելու միակ լեզուն է»։
Ռեժիսոր Արթուր Սահակյանն ամեն ինչ արել է, որ Վահագն Սիմոնյանը նորից վերադառնա բեմ, եւ դրա համար հիմնավոր պատճառաբանություն ունի:
«Սիմոնյանը չպետք է բեմը լքի: Հասկանում եմ, որ երբեմն կյանքն այնպես է շրջվում, որ բեմ բարձրանալու մասին չես մտածում։ Բայց նա ի ծնե է արտիստ, եւ այդքան երկարատեւ դադարը բավական էր: Շատ եմ խնդրել, որ վերադառնա, եւ Փառք Աստծո, լսեց: Այս աշխատանքն ինձ առաջին հերթին դուր է գալիս նրանով, որ ընկերս վերադառնում է բեմ:
Սթենդ ափը համատեղ աշխատանքի արդյունք է. ամբողջությամբ իր համով պատմություններն ու արկածներն են, որոնք նախ ինձ է պատմել, ու բավական շատ ծիծաղել եմ, ապա նշումներ եմ արել եւ հավաքել մեկ ծրագրի մեջ: Ավելացրել ենք նաեւ արդեն 66 տարեկան տղամարդու իմաստնացման շրջանի խոհերն ու մտքերը:
Նա միայնակ է ապրել ու իր գիշերներն անցկացրել լրիվ մենակ: Այդ ժամանակ քնել չի լինում՝ անընդհատ մտածում ես ու Աստծո հետ կապի դուրս գալիս։ Արտիստի ու մարդու միքսն ենք արել այն հույսով, որ հետո արտիստը մնալու է բեմում: Մեկ-մեկ շռայլ ենք, այնպես հավեսով ենք կորցնում ու հեչ պետքներս չէ, որ այս մարդը գնաց-կորավ: Ճիշտ է՝ ազգը շատ շնորհալի մարդկանց է ծնում, բայց ամեն մեկին էլ պետք է չմոռանալ»,- ընդգծել է նա:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
346





