×


«Ամեն ինչ արեք ճաշակով, արվեստով ու ազնվորեն». Սոս Սարգսյանի մասին պատմում են Համազգայինի մարդիկ

97 տարի առաջ՝ 1929 թվականի հոկտեմբերի 24-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ծնվեց մեծանուն դերասան, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ու թեեւ նա արդեն ավելի քան մեկ տասնամյակ ողջ չէ, նրա ուսմունքն ու գաղափարները շարունակում են տարածել ուսանողներն ու արդեն նրանց սաները:

Վարպետի հիմնած Համազգային թատրոնում նրա մասին զրուցել ենք Նարինե Գրիգորյանի, Արման Նավասարդյանի, Տաթեւ Ղազարյանի, Վարշամ Գեւորգյանի, Ալլա Սահակյանի, Գագիկ Մադոյանի, Արմինե Անդրեասյանի, Նարեկ Բաղդասարյանի եւ Ստեփան Ղամբարյանի հետ:

- Ինչպիսի՞ն է եղել Ձեր առաջին հանդիպումը Սոս Սարգսյանի հետ, ու ի՞նչ եք հիշում այդ օրվանից։

Նարեկ. Առաջին անգամ հանդիպել եմ ընդունելության քննության ժամանակ. Սարգսյանը հանձնաժողովի նախագահն էր: Էտյուդ էի ներկայացնում ու շատ բարդույթավորված էի։ Արմանն էր հետս պարապել:

Արման. Դրա համա՞ր էիր կոպլեքսավորված (ծիծաղում ենք,-հեղ.):

Նարեկ. Չէ՛, չէ՛, ընդհանրապես այդ շրջանում էի այդպիսին: Ընդունվելու հույս առանձնապես չունեի: Ելույթիս ժամանակ բոլորը լուրջ ու խոժոռ դեմքերով նստած էին, իսկ ինքը մի երկու անգամ ասաց. «Հըհը, հըհը», ու դա ինձ շատ ուժեղ մոտիվացրեց եւ ոգեւորեց: Մտածեցի՝ «Այս ի՞նչ եմ արել, որ Սոս Սարգսյանը ծիծաղեց»։


Արմինե. Ինձ բախտ է վիճակվել տեսնել Սարգսյանի վերջին դերակատարումները «Լիր արքա»-ում։ Կոնսերվատորիայում էի սովորում, բայց երբ իմացա՝ անձամբ կուրս է հավաքում, եկա Թատերական ինստիտուտ, ինչի համար շատ շնորհակալ եմ ճակատագրին: Փաստորեն, ոչինչ հենց այնպես չի լինում: Սովորեցի, հետագայում սկսեցի աշխատել նրա թատրոնում:

Նարինե. Արդեն սովորում էի ինստիտուտում, երբ Սարգսյանը ռեկտոր դարձավ: Նրա հանդեպ իսկապես շատ մեծ ակնածանք կար: Ավարտելիս դիպլոմային աշխատանքս մրցանակ ստացավ, ու այն հենց Սոս Սարգսյանը հանձնեց: Ինձ համար շատ երջանիկ ու հպարտ պահ էր:

Ալլա. Մի զավեշտալի պատմություն հիշեմ: Ընդունելության քննություններ էինք հանձնում, եւ Սոս Սարգսյանը նույնպես կուրս էր հավաքում: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ում կուրսում կհայտնվի, ուղղակի ամեն անգամ նրան ակնածանքով էի նայում քննության մտնելիս, երբեմն՝ վախենալով կամ հայացքը որսալով: Վերջին քննության ժամանակ սրահից դուրս էի գալիս, երբ ասաց. «Աղջիկ ջան, մի հատ հետ արի» (ասում է Սարգսյանի ձայնով,-հեղ.): Վախեցած վերադարձա: «Աղջիկ ջան, զգույշ կլինես, մինչեւ սեպտեմբեր քեզ չփախցնեն: Ոնց որ անվճար ես անցնում, ափսոս է այդ տեղը»,- շարունակեց: Պատասխանեցի. «Չէ՛, զգույշ կլինեմ»։


Տաթեւ. Անշուշտ, նրա մասնակցությամբ ֆիլմերը նայել էի ու Համազգայինում էլ որպես հանդիսատես եղել: Ամեն այցելության ժամանակ Սոս Սարգսյանին էի փնտրում, բայց այդպես էլ այդ ընթացքում թատրոնում նրան չտեսա: Նրա «Մի գավաթ բարությունը» մի քանի անգամ նայել էի ու շատ սիրել:

Գիտեի, որ ինստիտուտի ռեկտորն է ու կուրս է հավաքում: Կուրս էր հավաքում նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը: Այդ թատրոնում են աշխատում մայրս, քեռիս ու ցեղս, Հակոբ Երվանդիչն էլ ինձ մանկուց գիտեր, եւ գրեթե վստահ էի, որ կվերցնի ինձ: Ներքուստ չէի էլ պայքարում, բայց մի թաքուն ցանկությամբ, անշուշտ, երազում էի Սոս Սարգսյանի կուրսում հայտնվել։

Միայն սեպտեմբերի մեկին, երբ Դավիթ Հակոբյանը կարդաց իմ անունը, իմացա, որ Սարգսյանի կուրսում եմ, ինչը մեծ երջանկություն էր ինձ համար:

Լուսանկարը՝ անձնական արխիվից Սոս Սարգսյանը եւ Տաթեւ Ղազարյանը


Իսկ նրա հետ առաջին անգամ հենց քննության ժամանակ հանդիպեցինք: Շատ կարճահասակ էի ու փոքր-մոքր: Նայեց, առանձնապես ոչինչ դուրը չեկավ (ծիծաղում ենք,-հեղ.): Տարիքս հարցրեց։ Ասացի՝ 16: Կուրսում ամենափոքրն էի: «Դեռ շատ ժամանակ ունի»,- թերթը դիմացը պահելով՝ կողքը նստածին ասաց:

Առաջին ընդունելությունը շատ վատ էր, թուքս չորացավ։ Հետո բեմական խոսքի քննությանը ոգեւորված էի եւ երեւի կարողացա սիրտը գրավել։

Սեպտեմբերի 1-ին, երբ ուսանողական տոմսերն էին հանձնում, արդեն ուզում էի բեմից իջնել, ձեռքս բռնեց ու իր առաջին պատգամն ինձ այս եղավ. «Խոստացիր, որ կբոյովանաս» (ծիծաղում ենք,-հեղ.)։ Խոստացա, հույս ունեմ՝ խոստումս մի քիչ պահել եմ:


- Եթե Սարգսյանի մոտ չսովորեիք ու միասին ճանապարհ չանցնեիք, ձեր կյանքն, անկասկած, այլ կլիներ: Ի՞նչ եք ձեռք բերել նրա շնորհիվ։

Գագիկ. Նրա պատգամները մեծ ազդեցություն են ունեցել մեզ վրա՝ որպես մարդկանց ու քաղաքացիների։ Միշտ ասում էր. «Այս հանրապետությունում ինչ տեղի է ունենում, վերաբերում է ինձ»։

Պատկերացրեք, թե ինչպիսի մեծ պաշար ուներ Սոս Սարգսյանը․ աշխատել էր Աճեմյանի, Տարկովսկու, Գուլակյանի, Մալյանի եւ այլ արվեստագետների հետ։ Իսկական հարստություն ուներ իր ներսում։ Նրա կուրսում սովորելը եւ իր հիմնած թատրոնում աշխատելը երջանկություն էր։

Ասում էր. «Ամենակարեւորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է»:
Իրոք, մեծ դերասան էր։ Ընդ որում՝ մեծ դերասան լինելն այս դեպքում արդեն մարդկային կատեգորիա է, որովհետեւ շատ տաղանդավոր դերասաններ կան, որոնք մեծ դերասան չեն։ Նա մեծ դերասան էր, որովհետեւ մեծ մարդ էր՝ իր մասշտաբներով, էսթետիկայով, արվեստով ու քաղաքացիական կեցվածքով։

Նրա պակասը շատ է զգացվում։ Այսօր Սարգսյանի մեծության արվեստագետ ու մարդ գրեթե չուեննք։ Նրա մտածողությունը համազգային էր։

Արմինե. Սոս Սարգսյանը դասերի ու զրույցների ժամանակ անվերջ կրկնում էր մի միտք, որն աֆորիզմի պես մեր մեջ մնաց. «Արվեստը ճաշակ է, ճաշակը՝ չափի զգացողություն»:

Ստեղծագործելիս անվերջ կրկնում եմ այդ միտքը։ Եթե այդ երեքը կան, ուրեմն՝ չես կարող գործդ գլխառադ անել: Մի անգամ սերիալների մասին հարցրինք, ու պապին պատասխանեց. «Ամեն ինչով էլ կարող եք զբաղվել: Բա, իհարկե, պիտի սերիալներում էլ նկարվեք. դա էլ է դերասանի գործը, բայց այն արեք ճաշակով, արվեստով ու ազնվորեն»։

Եվ մեր թատրոնում ինձ շատ է դուր գալիս ազնիվ խաղը, երբ ամեն ինչի առանցքում մարդն է՝ իր ապրումներով ու պատկերացումներով։ Միշտ ասում էր. «Քո եղբայրը, հորեղբայրն իրեն այդպե՞ս է պահում, այդպե՞ս է խոսում, այս ի՞նչ ձեւով եք շփվում»:
Մեր չափորոշիչների հիմքը շատ հստակ է դրել, եւ եթե իր արվեստանոցում չսովորեինք, ուրիշ մարդիկ կլինեինք։ Շնորհակալ ենք, որ այսպիսին ենք։


- Արման, լուսանկարներ ցույց տվեցիք, որոնցում միասին Հաղարծինում եք: Նաեւ հետը հյուրախաղերի եք գնացել: Թատրոնից դուրս ինչպիսի՞ն էր:

Արման. Նա թատրոնից դուրս ուրիշ Սոս Սարգսյան չէր: Ամեն տեղ նույնն էր՝ դրսում, թատրոնում, տանը, նկարահանման հրապարակում, ճանապարհին։

Տաթեւ. Նրա հետ ճամփորդելը երջանկություն էր։ Վերջերս քրոջս դուստրը՝ Լիլին, իր կուրսի ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ Հայաստանի քաղաքներով ճամփորդելու էր գնացել ու պատմում է. «Գիտե՞ս, մոք, ինչ հավես է իր հետ: Ճանաչում են, մոտենում»։ Ասացի. «Է՜, Լի՛լ, բա որ Սոս Սարգսյանի հետ գնայիք, տեսնեիք՝ դա ինչ երջանկություն է»։ Ամեն քայլափոխի մարդիկ էին մոտենում։ Նա կանգ էր առնում, զրուցում նրանց հետ, մի լավ պատգամ տալիս։ Չէր ալարում՝ հարցնում էր անունը, ազգանունը…

Նարինե. ... Քանի երեխա ունի, ինչո՞ւ են քիչ, անունները պարտադիր հայկական լինեն, դաստիարակությունը՝ հայեցի:


Տաթեւ. Մարդկային բարձր արժեք էր։ Վերջերս մի բան եմ հասկացել, որը նրա կենդանության օրոք չէի գիտակցում։ Ես էի երիտասարդ, ինքն էլ կար, եւ թվում էր՝ միշտ է լինելու։ Նա իր հանդեպ այնքան բարձր պահանջներ էր դրել, որ ոչ միայն լավ դերասան էր, քաղաքացի ու ընտանիքի հայր, այլեւ յուրովի էր հասկացել Թումանյանի «Գործն է անմահ, լավ իմացեք» խոսքի իմաստը։ Գիտակցել էր, որ սերունդների հիշողության մեջ կենդանի մնալու, նրանց երջանկացնելու ու ճակատագրերը կերտելու համար պետք է թատրոն ստեղծել։

Նա փառքի ու ճանաչման կարիք չուներ, իր կարիերայի գագաթնակետին էր։ Թատրոնն իր հաճույքի համար չէր հիմնել, այլ որ իրենից հետո եկողները վայելեն այդ պտուղները, եւ սա իսկական իմաստնություն է։

Պիտի անվերջ շնորհակալ լինենք նրան, որ այս ամենն ունենք։ Ինչքան էլ շարունակում ենք ամրացնել թատրոնը, բայց եթե մի օր նա չորոշեր ստեղծել Համազգայինը, առնվազն այսքան մարդու ճակատագիր այլ կլիներ։

- Ու մի հրաշալի թատրոն չէր լինի։

Տաթեւ. Դա էլ Դուք ասացիք (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ինչո՞ւմ է նրա մեծությունը ձեզ համար, եւ նրա ո՞ր գործն է յուրաքանչյուրիդ համար առանձնանում։

Ալլա. Առաջին դերս թատրոնում եղել է հենց նրա՝ «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը» ներկայացման մեջ: Շատ-շատ կարեւոր ուղերձներ ու բանալիներ էր տալիս դերասանին, որոնք մինչեւ այսօր կիրառելի են: Դրանք վերաբերում են խաղաոճին, հանդիսատեսի հանդեպ խոր ակնածանք ու պատասխանատվություն ունենալուն, բայց միաժամանակ՝ նրան կրթելուն:

Նրա հայրենասեր մտավորականի ու քաղաքացու տեսակը մեծ հետք է թողել ինձ վրա: Ամեն անգամ նոր պիես խաղալուց առաջ ուղեղումս միշտ Սոսի ձայնն է հնչում. «Ինչո՞ւ է սա կատարվում թատրոնում, ինչի՞ համար է այն, ի՞նչ ենք մենք տալու հանդիսատեսին»: Այդ հարցերը հատկապես մեր օրերում հաճախ խանգարում են, բայց նաեւ զգոն պահում, որ հասկանաս՝ քո առաքելությունն ու ներդրումը միայն դեր ասելը չէ, այլեւ արժեք ներկայացնելը:

Լուսանկարը՝ անձնական արխիվից Ալլա Սահակյանը եւ Սոս Սարգսյանը


Իսկ նրա գործերից առանձնացնում եմ «Նահապետը»: Սարգսյանի ասելիքն ամփոփված է նաեւ այդ կերպարում։ Որքան էլ շփման մեջ կյանքային ու հողեղեն էր, նրա մեջ արտասովոր մի բան կար. կարողանում էր վեհ, շատ հեռու ու անհասանելի լինել։ Այդ երկու ծայրահեղությունները հետաքրքիր կերպով միավորված էին նրա մեջ, եւ հենց դրանում էր նրա մեծությունը։

Նարինե. Նրա մեծությունն իր ներկայացումներում խաղալիս էիր զգում, որովհետեւ մարդկային դիապազոնի այնքան բարձր պահանջներ էր դնում։ Ոչ մի ռեժիսորի հետ աշխատելիս այդքան չէի հոգնում, որքան Սոս Սարգսյանի։ Երբ ասում էիր՝ «Չեմ կարողանում», պատասխանում էր. «Կարող ես»։

Տաթեւ. Փաստորեն որդեգրել ես նրա ոճը:


Նարինե. Հիմա՝ տարիներ անց, տեսնում եմ, թե որքան եմ իրեն նման։ Անձամբ Սոս Սարգսյանի մոտ չեմ սովորել, բայց երբեմն աշակերտ է դառնում նաեւ կողքից հետեւողն ու սպունգի պես ամեն ինչ կլանողը։

Հետաքրքիր է, որ նրա մահից այսքան տարի անց ենք հարցազրույց տալիս: Ժամանակի ընթացքում նոր բաներ ես բացահայտում, մեկ էլ հանկարծ ապշում ձեր նմանությունից։ Իմ բեմադրած յուրաքանչյուր գործում Սոս Սարգսյանի ձեռագիրն եմ տեսնում։

Երբ նրա գրքի հիման վրա բեմադրում էինք «Լակոտը», նոր սերունդը նկատեց. «Ինչքա՜ն հումորով է եղել Սոս Սարգսյանը»։ Նրա երկխոսությունները լի են պարզությամբ, թեթեւությամբ ու հումորով, բայց նրա ներկայացումներում խաղալիս մեռնում, վերջանում էինք։ Արդեն 80-ն անց էր, բայց առաջին գործողությունը փորձելուց հետո ասում էր. «Մի փոքր հանգստանանք ու նորից վերադառնանք»։ Պատահել է, որ նույն գործողությունը երեք անգամ ենք կրկնել։

Նրա մարդկային ապրումների դիապազոնը շատ մեծ էր. եթե ծիծաղել՝ հոմերոսյան ծիծաղով, եթե արտասվել՝ ողբերգության աստիճանի։ Նախ ինքն էր մեծ մարդ, եւ նրա դեպքում ամեն ինչ բնական էր ստացվում։


Արմինե. Բայց, միեւնույն է, Սոս Սարգսյանին իր գրական ստեղծագործությունների միջոցով այլ կերպ եմ բացահայտել, որովհետեւ այնքան նուրբ ու թատերային գրող է։ Նրա ստեղծագործություններից թեկուզ մի փոքր հատված ընթերցելը հարստություն է դերասանի համար։ Նա այնքան լավ է ճանաչում մարդու ներաշխարհը, իսկ նրա կերպարներն այնքան գունեղ ու հարուստ են։ Նրա ստեղծած նույնիսկ երկրորդական կերպարը հասարակ մահկանացու չէ, այլ մի ամբողջ խտացված տիեզերք։

Ստեփան. Նրա հետ բոլորն էին հաշվի նստում՝ երկրի նախագահից մինչեւ կաթողիկոս։ Նա իսկապես Հայաստանում ու Արցախում հարցեր էր լուծում։ Ինչքա՜ն գործ է արել Արցախի համար...


Տաթեւ. Մի հեռախոսազանգով լուրջ հարցեր կարող էր լուծել: Արման, Նոյեմբերյանի ձեր ֆիլմում էլ ջրի հարցն էր լուծել:

Արման. Եվ շատ մեծ նշանակություն ունի, թե ում հետ է այդ երկխոսությունը կայացնում։ Խորապես համոզված եմ, որ այսօր նա չէր կարողանա ապրել։ Վստահ եմ՝ առաջին հերթին այսօր իր զանգերին ոչ ոք չէր պատասխանի։ Եվ լավ է, որ այսօր չկա։ Սա ընդունեք որպես անհաս փառքի ճամփա...


Վարշամ. Հատկապես ուզում եմ նշել Սարգսյանի գրքերն ու գրվածքները, որոնցում նա ձեւակերպում է անկախ Հայաստանի՝ որպես պետության սկզբունքները եւ բանալիներ տալիս։ Քաղաքացի լինելու եւ հայրենիքը սիրելու մասին նրա խոսքերը քչերն են բարձրաձայնել կամ կինոյի վերածել։ Մինչդեռ նրա գրքերում ամեն տողի տակ կգտնեք, թե ինչպես է պետք սիրել երկիրը եւ ազգային պետություն կառուցել։

Դա մեծ հարստություն է, որին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Երբ որոշենք ազգային պետություն կառուցել, հատուկ ընդգծեմ՝ ոչ թե ազգայնական, նրա խոսքերը կարող են դասագիրք դառնալ եւ ավելի լայնորեն բացահայտվել։ Այդ գրվածքներում միանգամից զգացվում է նաեւ նրա լեզվի գեղեցկությունը։ Կարող եմ մի քանի հատված կարդալ.

«Լեզուն զարմանալի երեւույթ է, ծովի պես մի բան։ Մարդ պիտի կարողանա լողալ էդ ծովում... Պիտի լեզվի համն ու բուրմունքը զգալու շնորհք ունենաս։ Հայերեն բառեր կան, որ հենց միայն արտասանելիս քեֆդ գալիս է. օրինակ՝ քնար, օրինակ՝ քանքար, կամ՝ հեզիկ, կամ՝ զեփյուռ... Միշտ նախանձել եմ ինձնից լավ հայերեն իմացողին»։

Արման. Ի միջի այլոց, ռուսական կրթություն ուներ։


Ստեփան. Բայց փայլուն հայերեն գիտեր, երեւի նրա պես հայ չկար:

Վարշամ. Այս տողերում ամփոփված են լեզվի հանդեպ նրա սերը, ակնածանքն ու հարգանքը։ Կարող եմ «Պարկեշտությունը» կարդալ։ Մի քանի թեմա էի առանձնացրել, նախագիծ էի ուզում անել։

Ալլա. Շարունակիր, մեր բոլոր նկարահանումները կհետաձգենք (ծիծաղում ենք,-հեղ.):

Գագիկ. Շատ լավն է այս մթնոլորտը:

Տաթեւ. «Պարկեշտությունը» կարդա:


Վարշամ. «Կան մարդիկ՝ խոսելիս թքով ցալքուն են անում երեսիդ, անփու՞յթ են, ինչ են։ Ամաչում ես բացեիբաց սրբել, աշխատում ես աննկատ անել էդ բանը... Էդպես հաճախ ամաչում ենք ուրիշի մեղավորության մասին խոսել, իսկ եթե խոսես, կպարզվի, որ հանցագործը դու ես։ Անզգամի հույսն էլ հենց դիմացինի պարկեշտության է»:

Արման. Քաղաքավարության վնասները:

Վարշամ. «Ամեն մեկիս մեջ էլ վատը կա, թաքցնում ենք։ Ու հենց թաքցնող-պահողն է կիրթ մարդը։ Եթե լավը չես, Աստված քեզ էդպես է ստեղծել, գոնե ձեւացրու, թե լավն ես, կամ էլ ընտրիր մի լավ մարդու ու նմանվիր նրան»:

Բնությունն էլ կարդամ, ու վերջ (ծիծաղում ենք,-հեղ.):

«Ապրում ենք ասֆալտի վրա, մեր ոտքը հազվադեպ է դիպչում հողին: Մեր բնակարանները, ի վերջո, մեծ ու փոքր խցեր են: Համարյա չենք նայում վերեւ՝ ամպերին, աստղերին, երկնքի կապույտին, մոռացել ենք՝ այգաբացն ինչ է, ինչպես է լինում, նրանով չենք հմայվում: Ապրում ենք մեր հանապազօրյա հոգսերով, գլուխներս կախ, մռայլ, անժպիտ հայացքներս մեր ոտքի տակ: Ջահել ժամանակներս ընկերներով բարձրանում էինք Արագածի լանջերը, որ այգաբացը տեսնենք, հետո էլ՝ մայրամուտ»:

Արման. Մեծագույն մտավորականն էր։


Վարշամ. Կներեք, վերջինն եմ կարդում, պարզապես «1915»-ը շատ լավ է ձեւակերպված։

«Հսկա սառցաբեկոր է «տասնհինգ թվականը», արյունը մեջը լերդացած այսբերգ պատմական մեր ուղու վրա։ Հմուտ ցատկորդներ ունենք՝ վրայից ցատկում են, ճարպիկ շրջանցողներ ունենք՝ շրջանցում են, բայց նա կա՝ անողոք, սառը սրությամբ խոցում է մեր հիշողությունը, մեր նավի բնականոն ընթացքը խաթարում, ու մոռանալու մասին կոչերը չէ, որ նրան հալեցնելու են...»:

- Նրա մահից հետո ի՞նչ գործեր եք արել, որոնք շատ կուզեիք, որ նա տեսներ, եւ կարծում եք՝ կհավաներ։

Արման. Ստեղծագործական գործերի մասին կարեւոր չեմ համարում խոսել։ Սարգսյանի մահից հետո սկսեցինք փնտրել իրեն։ Այդ մասշտաբի մտավորական ու մարդ իմ կյանքում չէի տեսել եւ, ցավոք սրտի, մինչեւ այսօր էլ չեմ տեսել։

Որբացանք ու թխսկանին կորցրած ճտերի պես՝ սրա-նրա թեւերի տակ փորձեցինք այդ ջերմությունը զգալ։ Նորմալ է, որ չպիտի գտնեինք, բայց հիմա այնպես չէ, որ այդ տեղը դատարկ է։ Նրա գնալուց հետո փնտրեցինք այդ ջերմությունն ու մի տեղ պիտի գտնեինք։ Գտանք՝ ամեն մեկս մեր մեջ ու մեր չափով, մեր բարոյականության թույլ տվածի չափով։

Նա ինձ հետ է, որովհետեւ խոր հետք է թողել։ Եվ ինձ հետ է միշտ՝ ամեն հարցում, ամեն վայրկյան նրա հետ երկխոսության մեջ եմ։ Այնպես չէ, որ միայն կարիքն ունենալիս եմ հիշում։ Այսպիսի նվիրական մարդիկ միշտ պիտի հետդ լինեն։ Երանի նրանց, ովքեր տեղ են թողնում այդ նվիրական մարդկանց համար, եւ երանի նրանց, ովքեր հետո վերադառնալու տեղ ունեն։

Արմինե. Շատ կուզեի, որ տեսներ «Լակոտը»։ Հետաքրքիր է՝ ինչպես կարձագանքեր։ Արդյո՞ք կարողացել ենք այդ մարդ-տիեզերքի տիեզերական մասշտաբի էմոցիան բացել։ Նրա մասին շատ եմ մտածում միջազգային փառատոների ժամանակ, երբ մեր ներկայացումը սիրվում է, եւ դերասաններից անընդհատ հարցազրույցներ են վերցնում։

Դեռ շատ երիտասարդ էինք, երբ մի անգամ ասաց. «Մեր որակով միայն Լենկոմին ենք զիջում» (Սոս Սարգսյանի ձայնով,- հեղ.)։ «Հետաքրքիր է՝ հիմա պապին ի՞նչ կասեր, ոնց կհպարտանար»,- մտածում եմ։ Մեկ էլ նոր թատրոն տեղափոխվելու օրն է անընդհատ մտքիս մեջ եղել։ Ե՛վ շատ ուրախ էի, ե՛ւ արցունքները կոկորդիս էին։ Շատ էի ուզում, որ մեզ հետ լիներ ու այդ ամենն իր աչքով տեսներ։


Գագիկ. Ես էլ կուզեի, որ նա այս շենքը, բեմը, մեր պայքարի սկիզբն ու արդյունքը տեսներ: Թե ինչ չարչարանքների միջով ենք անցել ու հաջողության հասել: Կուզեի՝ նոր սերնդին տեսներ: Մի խոսքով՝ ականատես լիներ իր ստեղծած թատրոնի շարունակությանը։

Նարեկ. Կուզեի՝ ականատես լիներ, թե ինչպես են փորձում զարգացնել իր թողած թատրոնը, ինչպես է այն ծաղկում։ Անգամ երիտասարդներն այնպիսի զգացողություն ունեն, ասես անձամբ են ճանաչել նրան։ Համազգայինի յուրաքանչյուր նորեկ իրեն Սոս Սարգսյանի աշակերտն է զգում։ Նրա շնորհիվ մեր թատրոնի մթնոլորտում մի հետաքրքիր ու կախարդական բան կա։


Տաթեւ. Գիտեմ, որ կուզեի՝ մի քանի բան չտեսներ։ Այն փոքր երեխայի պես եմ, որն ուզում է՝ ծնողն իր չարությունների մասին չիմանա։ Երբ ներկայացումը լավ չի անցնում, մտածում ես. «Ինչ լավ է՝ չտեսավ»։ Բայց երբ փառքի դափնիներ ես վայելում, թատրոնիդ մասին գրում են, այն երկրում լավագույնների շարքում է, ուզում ես՝ տեսնի։ Պարզապես ցանկանում եմ, որ մեր թատրոնում քիչ լինեն այնպիսի բաները, որոնք կուզեի՝ չտեսներ։

Ալլա. Այստեղ մարդիկ են, որոնք անձամբ են աշխատել Սոսի հետ ու թրծվել: Իր ամենակարեւոր ուղերձներից մեկը հատկապես վերջերս ենք շատ հիշում: Միշտ ասում էր. «Ձեզ վրա է դրված պատանի հանդիսատեսի սրտում թատրոնի հանդեպ սեր առաջացնելու պատասխանատվությունը»: Համազգայինը միշտ կարեւորել է կրտսեր հանդիսատեսին եւ մանկական ներկայացումներին մեծ ուշադրություն դարձրել: Վերջերս խաղում եմ «Լույսի ծածկագիրը» ներկայացման մեջ, շփվում երեխաների հետ ու անընդհատ հիշում նրա խոսքերը։


- Եթե հնարավորություն լինի մեկ անգամ հանդիպել Սոս Սարգսյանին, ի՞նչ կուզեք ասել նրան:

Ալլա. Շնորհակալ եմ, վարպետ:

Արմինե. Կարիքդ շատ եմ զգում, կարոտում եմ ու շնորհակալ եմ:

Տաթեւ. Կներես, եթե ինչ-որ բան քո պատկերացրածի պես չի ընթացել, ու կարծում էի՝ կարող էի որեւէ բան փոխել:

Գագիկ. Եթե բախտ վիճակվի հանդիպել, հաստատ այստեղ չի լինի: Դրա համար կուզեի՝ մեր հանդիպումը հնարավորինս ուշ կայանա: Նախ կգրկեի, որովհետեւ իմ կյանքում շատ կարեւոր ու ճակատագրական դեր է ունեցել, եւ կպատմեի, թե ինչ է տեղի ունենում այստեղ: Կսպասեի դատաստանի:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW