×


«Նախկին մոդելներ գրեթե չկան»․ մասնագիտություն, որից չեն հեռանում

Պոդիումում սխալ քայլը կարող է խախտել ամբողջ ցուցադրության ռիթմը։ Բայց Վիկտորյա Բուրյայի համար ամենակարեւորը ոչ թե անթերի քայլվածքն է, այլ այն, թե ինչպես են տասնյակ առանձին շարժումներ դառնում մեկ ամբողջություն։

Այս մտածողության հիմքում բասկետբոլն է՝ սպորտը, որով Վիկտորյան զբաղվել է դեռ մանկուց։ Տարիներ շարունակ նա սովորել է զգալ թիմը, պատասխանատվություն կրել ընդհանուր արդյունքի համար եւ հասկանալ, որ անհատական հաջողությունը կախված է նաեւ մյուսներից:


Այսօր նույն տրամաբանությամբ է աշխատում մոդելների հետ՝ սովորեցնում նրանց քայլել, օգնում գտնել սեփական շարժումն ու մտածում, թե ինչպես այդ շարժումները միավորել մեկ պատմության մեջ։

Սկիզբ, որը նա չէր ծրագրել

Մոդելինգի ճանապարհը Վիկտորյայի համար սկսվել է տասնհինգ տարեկանում։ Նա ընկերուհուն ուղեկցել էր քասթինգի, բայց ընտրել էին իրեն։

Վիկտորյայի առաջին նկարահանումը 15 տարեկանում


Շուտով միջազգային պայմանագրով աշխատելու առաջարկ էր ստացել Ասիայում, սակայն ծնողները թույլ չէին տվել այդ տարիքում միայնակ արտերկիր մեկնել: «Հատկապես հայրս ինձ թույլ չտվեց մեկնել։ Ստիպված էի կարիերաս զարգացնել Մոսկվայում։ Այդ ընթացքում պորտֆոլիո էի հավաքում, կատարելագործում նկարահանման եւ պոդիումային քայլվածքի հմտություններս։ Շատ շնորհակալ եմ, որ այդ ժամանակն ունեցա, որովհետեւ այն ինձ հնարավորություն տվեց իսկապես լավ պատրաստվել», - պատմում է Վիկտորյան։

Վիկտորյայի առաջին նկարահանումը 15 տարեկանում


Այդ ժամանակ նա, հավանաբար, չէր կարող լիովին հասկանալ ծնողների որոշումը։ Տարիներ անց, սակայն, ընդունում է, որ նրանք ճիշտ էին վարվել։

Վիկտորյան՝ մոր հետ


«Իմ առաջին փորձը պոդիումում եղել է երեք տարեկանում։ Մայրս մանկական հագուստի հավաքածու էր կարել, որը ես ու քույրս պետք է ցուցադրեինք։ Այդ օրը չեմ հիշում, բայց պահպանվել են լուսանկարներ, որոնցից մեկում երեւում է՝ ամաչել եմ մենակ դուրս գալ պոդիում։ Ավագ քույրս բռնել է ձեռքս, եւ մենք միասին ենք քայլել։ Դա իմ առաջին, թեեւ դեռ չգիտակցված փորձն էր մոդելային աշխարհում», - հիշում է Վիկտորյան։

Վիկտորյան 3 տարեկանում


Տարիներ անց մանկական այդ առաջին ելույթը մասնագիտություն էր դառնալու։ Բայց մինչեւ միջազգային պոդիումներն ու լուսանկարահանումները դեռ երկար ճանապարհ կար՝ լի մերժումներով: Յուրաքանչյուր քասթինգից հետո նա տուն էր վերադառնում առանց աշխատանքի, բայց ոչ՝ երազանքից հրաժարված։

Վեց ամիս՝ մերժումների մեջ

Մոդելինգի արտաքին փայլի հետեւում մի աշխատանք է, որի մեծ մասը ոչ ոք չի տեսնում։ Քասթինգների գնալը, սպասելը, փորձելը, մերժվելը եւ հաջորդ հնարավորությանը պատրաստվելը հազվադեպ են հայտնվում գեղեցիկ լուսանկարների կողքին։


«Ասիայից ստացած առաջարկը մերժելուց հետո տեւական ժամանակ ընդհանրապես աշխատանք չունեի. գրեթե բոլոր քասթինգներն ավարտվում էին մերժմամբ: Ամեն անգամ ինքս ինձ հարցնում էի՝ ի՞նչն այն չէ ինձ հետ, ի՞նչ է պակասում։ Փորձում էի հասկանալ՝ ինչ կարող եմ բարելավել՝ քայլվածքս, արտաքինը, կերպարս։ Այդ շրջանն ինձ սովորեցրեց անընդհատ աշխատել։ Եվ մոտ կես տարի անց ստացա իմ առաջին նախագիծը»:

Առաջին ցուցադրությունը


Առաջին մեծ շրջադարձը Մոսկվայի նորաձեւության շաբաթվա ցուցադրություններից մեկին մասնակցելու հրավերն էր։ Նրան ընտրել էր վրացի դիզայներ։ Վիկտորյայի խոսքով՝ գործակալությունում նույնիսկ զարմացել էին, որ նա ընտրվել է։

Առաջին ցուցադրությունը


Այդ ժամանակ տասնվեց տարեկան էր։ Ծնողներին խնդրել էր գալ ցուցադրությանը. «Ուզում էի, որ տեսնեն՝ որքան լուրջ եմ վերաբերվում մոդելինգին»։

Վիկտորյան հիշում է մեծ ցուցադրության մթնոլորտը։ Այդ օրը, նրա պատմելով, առանձնահատուկ հույզեր է ապրել։ Մինչ այդ կուտակված մերժումներից հետո առաջին անգամ զգաց, որ իր աշխատանքն արդյունք է տալիս։

Սակայն հաջողությունը դեռ չէր նշանակում՝ դժվարություններն ավարտվել են, ընդամենը առաջին հաստատումն էր, որ պետք է շարունակել։

Բասկետբոլի կոշիկներից մինչեւ բարձրակրունկներ

Մոդելինգը Վիկտորյայի պատանեկության միակ զբաղմունքը չէր։ Ութ տարեկանից նա պրոֆեսիոնալ բասկետբոլով էր զբաղվում եւ երկար ժամանակ ստիպված էր համատեղել մարզումները, խաղերը, քասթինգներն ու ցուցադրությունները։ Հետագայում այդ ամենին զուգահեռ նաեւ համալսարանում էր սովորում։


«Միշտ մեծ պայուսակներով էի գնում»,- պատմում է նա։ Մի պայուսակում բասկետբոլի մարզակոշիկներն ու համազգեստն էին, մյուս անհրաժեշտ իրերի շարքում՝ մոդելինգի համար նախատեսված կոշիկներն ու հագուստը։


«Պատահում էր, որ խաղից հետո պետք է շտապեի ցուցադրության։ Խաղի ընթացքում աղոթում էի, որ վնասվածք չստանամ, ոչինչ չպատահի, ու ժամանակին հասնեմ ցուցադրությանը»։

Երկու աշխարհներն էլ պահանջում էին կարգապահություն, բայց սովորեցնում էին տարբեր բաներ։ Բասկետբոլը՝ թիմային պատասխանատվություն, մոդելինգը՝ սեփական ներկայությունը կառավարելու եւ անընդհատ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողություն։


Այսօր Վիկտորյան բասկետբոլով զբաղվում է սիրողական մակարդակով, բայց խաղի տրամաբանությունը շարունակում է ազդել նրա մասնագիտական մտածողության վրա։ Երբ խոսում է շոու բեմադրելու մասին, կրկին վերադառնում է թիմի գաղափարին։ Նրա համար կարեւոր է, որ մոդելները ոչ թե պարզապես քայլեն ու վերադառնան, այլ զգան միմյանց շարժումները եւ հասկանան՝ ինչպես են իրենց գործողությունները միավորվում ընդհանուր պատկերի մեջ։


Մոդելային աշխարհի մասին տարածված կարծրատիպերից մեկն այն է, թե արտաքինով զբաղված մարդը չի կարող նույնքան լուրջ վերաբերվել կրթությանը, գիտելիքին ու մասնագիտական զարգացմանը։ Վիկտորյայի պատմությունը հակառակն է ապացուցում. «Համալսարանն ավարտել եմ կարմիր դիպլոմով։ Դա ինձ համար առանձին հպարտություն էր, դե, քանի որ գիտեք հայտնի կարծրատիպերը մոդելների մասին»։

Փարիզը նոր պահանջներ ունի

Միջազգային կարիերայի ակտիվ փուլը սկսվեց համալսարանն ավարտելուց հետո՝ 2018 թվականին։ Վիկտորյայի առաջին աշխատանքային ուղեւորությունը Փարիզի նորաձեւության շաբաթն էր։


Նոր միջավայրում նա կրկին ստիպված էր սովորել։ Թեեւ Մոսկվայում արդեն փորձ ուներ, միջազգային ոլորտն այլ պահանջներ էր ներկայացնում։ Վիկտորյան պատմում է, որ անգլերեն ազատ խոսելու դժվարություն ուներ եւ սկզբում ամաչում էր․ «Ռուս մոդելների մասին կարծրատիպ կա, թե նրանք սառն են ու փակ. մինչ մյուսները շփվում են, նրանք նստած գիրք են կարդում կամ հեռախոսի մեջ են։ Ինքս էլ սկզբում որոշակի կաշկանդվածություն ունեի, որովհետեւ վախենում էի սխալ բան ասել կամ սխալ արտահայտվել»։


Աստիճանաբար հասկացավ՝ մոդելինգում կարեւոր է ոչ միայն ճիշտ քայլելն ու արտաքին տեսքը, այլեւ մարդկանց հետ հաղորդակցվելու, թիմում աշխատելու եւ սեփական անհատականությունը ներկայացնելու կարողությունը։


«Մոդելինգը թերապիա է»

Վիկտորյայի կարիերան ժամանակի ընթացքում փոխվեց։ Նա շարունակեց աշխատել նորաձեւության ոլորտում, բայց աստիճանաբար սկսեց զբաղվել նաեւ մոդելների ուսուցմամբ: Աղջիկները, նկատելով նրա քայլվածքն ու բեմական ներկայությունը, սկսեցին խնդրել, որ իրենց էլ սովորեցնի։


«Հետագայում, երբ մեր մոդելային գործակալություն նոր աղջիկներ էին գալիս, հաճախ հենց ինձ էին խնդրում, որ նրանց սովորեցնեմ ճիշտ քայլել պոդիումով», - պատմում է Վիկտորյան։

Այսօր նա աշխատում է տարբեր տարիքի, արտաքինի ու հասակի կանանց հետ։ Ոմանք ցանկանում են մոդել դառնալ, մյուսները պարզապես ուզում են սովորել բարձրակրունկներով քայլել կամ ավելի վստահ զգալ սեփական մարմնում։

Վիկտորյայի խոսքով՝ քայլվածքը միայն տեխնիկայի հարց չէ։ Կարելի է սովորել ճիշտ պահել մեջքը, ոտքը դնել որոշակի ձեւով եւ շարժվել երաժշտության ռիթմով։ Բայց շատ ավելի դժվար է հաղթահարել սեփական կաշկանդվածությունը։


«Երբեմն թերապիայի է նման»,- ասում է նա՝ նկատի ունենալով այն աշխատանքը, որի ընթացքում մարդը ոչ միայն սովորում է քայլել, այլեւ սկսում է այլ կերպ վերաբերվել իրեն։

Միեւնույն ժամանակ Վիկտորյան չի փորձում բոլորին նույն ձեւով քայլել սովորեցնել։ Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր մոդել ունի իրեն բնորոշ քայլվածք, եւ կարեւոր է պահպանել այդ անհատականությունը։ Բայց դա չի նշանակում անտեսել դիզայների պահանջները. մոդելը պետք է կարողանա հարմարվել հավաքածուի գաղափարին, երաժշտությանը, ռիթմին եւ ամբողջ ցուցադրության տրամաբանությանը։


Այստեղից էլ սկսվում է նրա հետաքրքրությունը բեմադրության նկատմամբ։ Նա ցանկանում է ոչ միայն օգնել մոդելին գտնել իր շարժումը, այլեւ որոշել, թե այդ շարժումն ինչպես պետք է աշխատի մյուսների շարժումների հետ։

Այն, ինչ չի երեւում լուսանկարներում

Հանդիսատեսը տեսնում է պատրաստի ցուցադրությունը՝ հագուստը, լույսերը, երաժշտությունն ու մոդելների քայլվածքը։ Սակայն այդ մի քանի րոպեի հետեւում երկար աշխատանք կա։

Վիկտորյան պատմում է, որ մոդելները պետք է հետեւեն իրենց ֆիզիկական պատրաստվածությանը, աշխատեն մարմնի հետ, ուշադրություն դարձնեն սննդին, զարգացնեն օտար լեզուների իմացությունը եւ շարունակաբար թարմացնեն պորտֆոլիոն։ Արտաքինից պարզ թվացող մասնագիտությունը պահանջում է կարգապահություն, իսկ երբեմն՝ նաեւ դիմանալ ճնշման, որը կարող է վնասել առողջությանը։


«Ես էլ եմ անցել խիստ սահմանափակումների միջով։ Մի ժամանակ սննդի հարցում այնքան խիստ էի ինքս ինձ հետ, որ նույնիսկ ուշագնաց եղա։ Երբ պատրաստվում էի մեկնել Փարիզ, չափսերի պահանջներն այնքան խիստ էին ներկայացնում, որ անընդհատ վախենում էի՝ եթե չհամապատասխանեմ սահմանված չափանիշներին, ինձ կարող են տուն ուղարկել»,- անկեղծանում է Վիկտորյան։

Վիկտորյայի համար կարեւոր է նաեւ այն, թե ինչպես են մոդելներին վերաբերվում աշխատանքի ընթացքում։

«Մոդելները հագուստի կախիչներ չեն։ Պոդիումի վրա կանգնած մարդն էլ է հոգնում, սպասում ու անհանգստանում։ Հարգանքը պետք է փոխադարձ լինի. մոդելը պետք է հարգի դիզայների աշխատանքը, իսկ դիզայներն ու իր թիմը՝ մոդելին։ Չէ՞ որ ցուցադրությունը թիմային աշխատանք է», - ասում է նա։


Վիկտորյայի մասնագիտական ճանապարհին կարեւոր տեղ ունեն նաեւ հայ դիզայներների հետ համագործակցությունները։


Երեւանում քայլվածքի վարպետության դաս անցկացնելու հրավերը Վիկտորյայի համար եւս մեկ հնարավորություն էր՝ փոխանցելու իր փորձը։ Նա ուրախ է, որ Հայաստանի հետ մասնագիտական կապերը շարունակվում են, եւ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվում։

«Մոդելինգը աղանդ է»

Վիկտորյայի նպատակը միայն դասավանդելը չէ։ Նա ցանկանում է զարգանալ որպես շոուների ռեժիսոր եւ բեմադրող, աշխատել ավելի մեծ ցուցադրությունների վրա, համագործակցել հետաքրքիր դիզայներների հետ եւ բեմադրել նորաձեւության շաբաթների շոուներ Ռուսաստանում ու արտերկրում։


Երբեմն մտածել է վերադառնալ իր կրթությանը մոտ ոլորտ՝ զբաղվել ինտերիեր դիզայնով, բայց ամեն անգամ վերադարձել է նորաձեւությանը։


Նա չի պատկերացնում, որ ամբողջությամբ կկարողանա հեռանալ այդ աշխարհից․ «Մոդելինգը աղանդ է։ Մոդելինգից հեռացած նախկին մոդելներ գրեթե չկան», - կատակում է Վիկտորյան։

Կատակում է, որովհետեւ տարիների ընթացքում մասնագիտությունը դադարում է լինել միայն աշխատանք։ Այն դառնում է մտածողության ձեւ, մարդկանց հետ հարաբերությունների փորձ եւ սեփական սահմանները ճանաչելու ճանապարհ։


Ժամանակին Վիկտորյան սպասում էր, որ իրեն ընտրեն ցուցադրության համար։ Այսօր, պոդիումում իր տեղը վաստակելուց հետո, նա ուզում է կառուցել այն բեմը, որի վրա ուրիշները կքայլեն, եւ որոշել, թե ինչ պատմություն կպատմի այն։

Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի եւ Վիկտորյա Բուրյայի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW