×


Պոդիում, մերժումներ ու փոքր կոշիկներ. մոդելինգը՝ ներսից

Դեֆիլեի ժամանակ ամեն ինչ պետք է բնական ստացվի։ Ոտքերը պետք է իմանան՝ ուր գնալ, ձեռքերը՝ ինչ անել, հայացքը՝ ուր նայել, իսկ դեմքը՝ ինչպես պահպանել այն արտահայտությունը, որով մարդը սովորաբար թաքցնում է, որ կյանքում ինչ-որ բան այն չէ։

WOT Models Agency-ի կազմակերպած վարպետության դասի ժամանակ Վիկտորյա Բուրյան սովորեցնում է աղջիկներին քայլել պոդիումով։ Դահլիճում մեկը փորձում է ուղղել մեջքը, մյուսը՝ հասկանալ ձեռքերի նշանակությունը, երրորդն արդեն բավական վստահ է քայլում՝ չնայած դեմքից պարզ է, որ հոգեպես դեռ կանգնած է մեկնարկային կետում։ Վիկտորյան ուղղում է կեցվածքը, բացատրում շարժումները, կրկնում հրահանգները։ Պարզվում է՝ քայլելը, որով մարդկությունը հազարամյակներ շարունակ հասել է մի տեղից մյուսը, կարելի է սովորել նաեւ մասնագիտորեն։


Պոդիումը մի փոքրիկ կյանք է՝ իր կանոններով։ Պետք է առաջ գնալ, չկորցնել հավասարակշռությունը, չնայել հատակին եւ, ցանկալի է, չթվա, թե այդ ամենը քեզ համար դժվար է։ Վերջին պահանջն ընդհանրապես մարդկության ամենահին մասնագիտական հմտություններից է։ Պարզապես մոդելների դեպքում այն գնահատվում է լուսանկարով։


Մոդելինգի մասին պատկերացումները սովորաբար ձեւավորվում են այն պահերից, երբ ամեն ինչ արդեն ստացվել է՝ գեղեցիկ հագուստ, լուսարձակներ, վստահ քայլք, դեմք, որի վրա ոչ մի հետք չկա: Աշխատանքի մնացած մասը մնում է կադրից դուրս՝ սպասումներ, մերժումներ, անհարմար կոշիկներ, սեփական մարմնի հետ անվերջ բանակցություններ եւ այնպիսի օրեր, երբ քեզնից պահանջվում է հիանալի տեսք ունենալ՝ անկախ նրանից, թե ինչ կարծիքի ես այդ առավոտ կյանքի մասին։

Մաստեր կլասի ընթացքում աղջիկները սովորում են քայլել, բայց նրանց պատմություններում մոդելինգը շատ ավելի լայն տարածք է զբաղեցնում, քան պոդիումը։ Ոմանք ոլորտ են եկել դեռ պատանեկան տարիքում, մյուսները՝ բոլորովին այլ մասնագիտություններից, ոմանց նկատել են պատահաբար, մյուսները երկար են հասել առաջին աշխատանքին։


Նրանցից մի քանիսը մերժումներից հետո արտասվել են, մյուսները սովորել են դրանք չընդունել որպես անձնական վիրավորանք։ Կան նաեւ նրանք, որոնք խոստովանում են՝ այս աշխատանքը միաժամանակ ե՛ւ ուժասպառ է անում, ե՛ւ էներգիա տալիս։

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, մոդելինգում գեղեցկությունն է աշխատանքը։ Հետեւաբար, այս պատմությունները լրիվ դրույքով գեղեցիկ լինելու մասին են։

Դիանա Մկրտչյանը


ԴԻԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիանա Մկրտչյանը մոդելինգում հայտնվել է դեռ 16 տարեկանում։ Սկզբում նրան նկարում էին ծանոթ լուսանկարիչները, հետո հայտնվեցին դիզայներներ ու առաջին աշխատանքները։ Բայց այդ տասը տարին, ինչպես ինքն է ասում, մեկ ուղիղ ճանապարհ չի եղել։ Նա մի քանի անգամ որոշել է թողնել մոդելինգը, հետո վերադարձել։

«Երբ փոքր էի, անվստահություն կար ու մի քիչ էլ մանկական վիճակ, որ շատ ակտիվ մարդկանց ես հանդիպում։ Հետո մոդելինգում միշտ սեքսուալության տարր կա, ինչը միշտ չէ, որ հաճելի է, երբ 16 տարեկան ես։ Մի քանի անգամ թողեցի, բայց ամեն անգամ զգում էի, որ կարոտում եմ։ Մեծացա, ավելի կայուն ու ձևավորված վերադարձա մոդելինգ», - պատմում է Դիանա Մկրտչյանը։

Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ կարելի է մոդելինգով զբաղվել՝ միաժամանակ պահպանելով սեփական անհատականությունը։ Սա, թերեւս, մոդելինգի առաջին հակասությունն է․ մի կողմից՝ քեզնից պահանջում են համապատասխանել կոնկրետ կերպարի, մյուս կողմից՝ քեզ ասում են, որ պետք է առանձնանաս։


Դիանան ասում է, որ մոդելներին հաճախ պատկերացնում են որպես սառը եւ չեզոք մարդկանց՝ մշտապես նույն լուրջ դեմքով։ Նրա համար այս կարծրատիպը ոչ միայն սխալ է, այլեւ անիմաստ։ Մոդելը, նրա պատկերացմամբ, միայն արտաքինը չէ։ Կարեւոր է նաեւ մարդկանց հետ շփվելու, թիմի հետ աշխատելու, դիմացինին զգալու եւ տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունը։


Եվ այստեղ գեղեցիկ լուսանկարը դադարում է լինել ամբողջ աշխատանքը։ Դիանան հիշում է, որ իր համար ամենաբարդը հենց տեսախցիկի առաջ հայտնվելն էր։ Նա երկար ժամանակ չէր սիրում, երբ իրեն լուսանկարում էին, չէր հավանում իրեն լուսանկարներում։ Կողքից թվում է, թե մոդելը պարզապես կանգնել է տեսախցիկի առաջ, սակայն այդ պահին իր ներսում լրիվ այլ աշխատանք է կատարել։

Սվետլանա Իվանովան եւ Եկատերինա Իվանովան


ՍՎԵՏԼԱՆԱ ԻՎԱՆՈՎԱ | ԵԿԱՏԵՐԻՆԱ ԻՎԱՆՈՎԱ

Սվետլանա Իվանովան մոդելային կարիերայի մասին երբեք չէր մտածել. տարիներ շարունակ աշխատել էր անշարժ գույքի ոլորտում, իսկ հոգեբանությամբ զբաղվելը նրա համար սկզբում պարզապես հետաքրքրություն էր։ Սակայն անձնական թերապիայի ընթացքում մի պահ հասկացավ, որ ուզում է հայտնվել ամսագրի շապիկին։


Մոտ երկուսուկես տարի առաջ սկսեց դեֆիլե սովորել, ապա աստիճանաբար անցավ աշխատանքի՝ սկզբում Մոսկվայում, հետո՝ նաեւ արտերկրում։

Դստեր՝ Եկատերինա Իվանովայի ճանապարհը մի փոքր այլ կերպ սկսվեց։ Նա լուսանկարիչ էր եւ հաճախ էր լսում, որ կադրում աշխատելու իր զգացողությունը կարող է օգնել մոդելային ոլորտում։ Մոդել դառնալու հատուկ երազանք չուներ, մինչեւ մի օր մորն ուղեկցեց Մոսկվայում անցկացվող փակ քասթինգի։


Երբ գնում էին, կազմակերպիչներից մեկը նկատեց ու հարցրեց՝ ինչու այս աղջիկը դեռ չի քայլել պոդիումով: Մայրը հորդորեց մոտենալ։ Կատերինան սկզբում հրաժարվում էր, բայց ի վերջո մասնակցեց իր առաջին ցուցադրությանը։ Սկսեց աշխատել Ռուսաստանում, իսկ հետո շարունակեց Հայաստանում։


Այնուամենայնիվ, մոդելային աշխատանքը միայն գեղեցիկ կադրերն ու ցուցադրությունները չեն։ Սվետլանայի խոսքով՝ դրա հետեւում ամենօրյա աշխատանք է սեփական մարմնի, սննդակարգի ու կեցվածքի հետ, շարունակական մարզումներ եւ նոր հմտություններ սովորելու անհրաժեշտություն։


Իսկ ամենադժվար փորձություններից մեկը մերժումներին դիմանալն է։ Շանհայում նա օրական երեք-չորս քասթինգի էր մասնակցում, բայց գրեթե երեք շաբաթ չէր ընտրվում։ Մի օր, հերթական անհաջող քասթինգից հետո, ճանապարհին արտասվել էր՝ չհասկանալով, թե ինչու իրեն չեն ընտրում։


Ժամանակի ընթացքում Սվետլանան փորձեց մերժումներն անձնական գնահատական չհամարել. հաճախ որոշիչը պատվիրատուի կոնկրետ պահանջներն են։ Նա նաեւ հասկացել է, որ որքան շատ հետաքրքրություններ ու զբաղմունքներ ունի մարդը մոդելային աշխատանքից դուրս, այնքան ավելի հեշտ է սեփական ինքնագնահատականը չկապել միայն արտաքին տեսքի կամ ուրիշների ընտրության հետ։


Եկատերինա Իվանովան մոդելինգը կատակով մազոխիզմ է անվանում. անընդհատ վերադառնում ես մի աշխատանքի, որը քեզնից մեծ էներգիա է պահանջում, բայց միաժամանակ հենց այդ էներգիան էլ վերադարձնում է։ «Դու քայլում ես, լիքը էներգիա ես տալիս ու ստանում», - ասում է նա։


Մոր ու դստեր համար ցուցադրությունները երբեմն այնքան հագեցած են հույզերով, որ դրանց ազդեցությունը շարունակվում է նաեւ պոդիումից իջնելուց հետո։ Եկատերինան հիշում է՝ եղել են ցուցադրություններ, որոնցից հետո ինքն ու մայրը ամբողջ գիշեր չեն քնել. այնքան ուրախ ու ոգեւորված են եղել, որ չէին կարողանում հանգստանալ։ Թվում է՝ ֆիզիկական հոգնածությունն այդ պահերին երկրորդ պլան է մղվում, մնում է այն էներգիան, որը ստանում ես մարդկանցից, երաժշտությունից, բեմից։


ՄԱՐԻԱ, ԿԱՐՈԼԻՆԱ, ԳԱԼԱ

Մարիա Լոբանովայի, Կարոլինայի եւ Գալայի պատմություններում մոդելինգը տարբեր ճանապարհներով է սկսվել, բայց երեքի դեպքում էլ այն դարձել է ոչ միայն աշխատանք, այլեւ սեփական անձի հետ հարաբերությունները վերանայելու փորձ։

Մարիա Լոբանովան


Մարիա Լոբանովան

Մարիա Լոբանովայի մոդելային կարիերան սկսվել է գլուխը սափրելուց հետո։ Չորս տարի առաջ նա սափրել էր գլուխը՝ մազերը վնասելուց հետո, եւ հենց այդ արտաքին փոփոխությունն էր փողոցում գրավել լուսանկարիչների ուշադրությունը։ Նրանցից մեկի խորհրդով նա կապ է հաստատել գործակալության հետ։ Մարիայի խոսքով՝ արտասովոր արտաքինն օգնեց իրեն նկատելի դառնալ, թեեւ սափրված գլխով աղջկան մինչ օրս հաճախ ընկալում են որպես կարծրատիպերից դուրս մարդ:

Կարոլինա Զախարովան


Կարոլինա Զախարովան

Կարոլինան մոդելինգ է մտել մոտ 14 տարեկանում՝ առանց նման մտադրություն ունենալու։ Լուսանկարիչը նրան նկատել էր քրոջ Instagram-ի էջում եւ առաջարկել նկարահանվել։ Սկզբում դրանք անվճար ստեղծագործական նկարահանումներ էին, որոնք աստիճանաբար ճանապարհ բացեցին դեպի մասնագիտական ոլորտ։

Կարոլինան խոստովանում է, որ սկզբում բարդույթներ ուներ եւ չէր սիրում, թե ինչպես է երեւում լուսանկարներում։ Սակայն տեսախցիկի առաջ ավելի հաճախ հայտնվելը օգնեց աստիճանաբար ընդունել սեփական արտաքինն ու ավելի ինքնավստահ դառնալ։ Մոդելինգը նաեւ հնարավորություն տվեց ծանոթանալու ստեղծագործական աշխարհի մարդկանց հետ։

Գալա Սերոբյանը


Գալա Սերոբյանը

Գալան մոդելային գործակալություն է դիմել 18 տարեկանում՝ պարզապես քայլել ու կեցվածք ընդունել սովորելու համար։ Նա չէր էլ պատկերացնում, որ դա կարող է վերածվել մասնագիտության։ Գալային առաջարկել են մեկնել Սոչի, իսկ հետո նա Մոսկվայում պայմանագիր է կնքել եւ մասնակցել ցուցադրությունների, այդ թվում՝ Mercedes-Benz Fashion Week-ին։ Որոշ ժամանակ դադարից հետո նա շարունակել է կարիերան Հայաստանում։


Սակայն լուսանկարների ու պոդիումի հետեւում երեքն էլ տեսնում են մի աշխատանք, որի գինը հաճախ չի երեւում։ Կարոլինան նշում է, որ ոլորտում աղջիկներին երբեմն վերաբերվում են որպես տիկնիկների՝ ակնկալելով, որ նրանք ցանկացած պահի կհամապատասխանեն իրենց տրված կերպարին։ Մի նկարահանման ժամանակ պետք է ներկայանալ որպես փերի, մյուսին՝ բոլորովին այլ կերպարով, իսկ տեսախցիկի առաջ այդ փոփոխությունները համոզիչ դարձնելու համար անհրաժեշտ են նաեւ դերասանական հմտություններ։


Արտաքին տեսքի նկատմամբ մշտական պահանջներն էլ կարող են ծանր հետեւանքներ ունենալ։ Աղջիկները պատմում են քաշը վերահսկելու ճնշման, խիստ դիետաների եւ միմյանց հետ անդադար համեմատվելու մասին։ Կարոլինան հիշում է, որ ինքն էլ բախվել է սննդային վարքի խանգարման, բայց կարողացել է հաղթահարել այդ շրջանը։ Նրա համար այսօր ամենակարեւորը սեփական մարմնի ու հոգեբանական վիճակի միջեւ հավասարակշռությունը պահպանելն է։


Մարիան էլ ընդգծում է, որ քասթինգներից ստացած մերժումները չպետք է վերածել սեփական արտաքինի մասին դատավճռի։ Մոսկվայում, որտեղ մեկ ցուցադրության համար հարյուրավոր մոդելներ էին հավաքվում, սկզբում դժվար էր չհամեմատել իրեն մյուսների հետ։ Սակայն հետագայում նա հասկացավ, որ յուրաքանչյուր դիզայներ իր պատկերացումն ունի այն մոդելի մասին, որն անհրաժեշտ է տվյալ հավաքածուի համար։ Բոլորին համապատասխանելը ոչ միայն անհնար է, այլեւ պարտադիր չէ։


Երեքի համար էլ մոդելինգը, ի վերջո, ինքնավստահության, նոր ծանոթությունների եւ մասնագիտական հնարավորությունների աղբյուր է։ Բայց այդ ամենը պահպանելու համար, ինչպես նշում են աղջիկները, կարեւոր է չկորցնել սեփական անձի զգացողությունը եւ հիշել, որ մարմինը մոդելի աշխատանքի գործիքն է, ոչ թե մարդու ամբողջ արժեքը։


Մարիան նշում է, որ ոլորտում դեռ առկա է այն վերաբերմունքը, երբ մոդելին ընկալում են որպես մանեկեն՝ հագուստը ցուցադրող մարմին, այլ ոչ թե սեփական բնավորությամբ ու զգացողություններով մարդ։ Նկարահանման կամ ցուցադրության ընթացքում նրանցից ակնկալում են համապատասխանել հստակ կերպարի, փոխել դեմքի արտահայտությունը, շարժումները, երբեմն՝ ամբողջությամբ վերափոխել իրենց ներկայությունը։ Բայց արտաքին կերպարի հետեւում մարդ է՝ իր սահմաններով, հոգնածությամբ ու ինքնավստահության խնդիրներով։

Գայանե Ժամկոչյանը


ԳԱՅԱՆԵ ԺԱՄԿՈՉՅԱՆ

Գայանե Ժամկոչյանի մոդելային փորձը սկսվել է 2024 թվականին՝ Fashion Week-ի շրջանակում։ Մասնակցել էր քասթինգի, որտեղ բրենդներից մեկի դիզայները նկատել էր նրան եւ հրավիրել ցուցադրությանը։

«Բարձրահասակ եմ եւ փոքրուց հաճախ էի լսում, որ կարող եմ մոդել դառնալ: Այդ միտքը ժամանակի ընթացքում ամրապնդվեց», - պատմում է նա։


Գայանեի խոսքով՝ մոդելային աշխատանքի հետեւում պարտադիր չէ, որ դրամատիկ պատմություններ լինեն, բայց կան մանրուքներ, որոնք գեղեցիկ լուսանկարներում չեն երեւում։ Դա կարող է լինել ֆիզիկական հոգնածությունը, անհարմար հագուստը կամ կոշիկները, ինչպես նաեւ այն իրավիճակները, երբ տրամադրություն չունես նկարահանվելու, բայց պետք է կանգնել տեսախցիկի առաջ ու համապատասխան կերպար ստեղծել։ Նրա դեպքում ամենամեծ անհարմարությունը հենց կոշիկների չափն է․ դրանք հաճախ փոքր են լինում։


Այնուամենայնիվ, Գայանեին ոլորտում պահում է ստեղծագործական գործընթացը՝ տարբեր կերպարներ փորձելու եւ նոր բան ստեղծելու հնարավորությունը։ Նա նաեւ խոստովանում է, որ հաճելի է քայլելիս զգալ մարդկանց հայացքներն ու ուշադրությունը։ Սակայն մոդելինգի ամենակարեւոր ձեռքբերումը նրա համար նոր մարդկանց հետ ծանոթանալն ու սեփական շրջապատի ընդլայնումն է։


Մոդելինգը նրան նաեւ սովորեցրել է ժամանակի կառավարման մասին։ Քանի որ ցուցադրություններն ու նկարահանումները հաճախ համընկնում են կյանքի մյուս պարտականությունների հետ, ստիպված է եղել սովորել համատեղել տարբեր զբաղմունքները։ Այդ փորձից նա մի կարեւոր եզրակացություն է արել. երբ անելիքները հստակ են, ժամանակը հաճախ ավելի ճկուն է դառնում, քան թվում է։

Վիկտոյա Բուրյան


Վիկտոյա Բուրյան

Վիկտորյա Բուրյան շարունակում է ուղղել քայլվածքը։ Աղջիկները նորից անցնում են նույն ճանապարհը։ Այս անգամ շարժումներն ավելի վստահ են, մարմինն ավելի լավ է ենթարկվում հրահանգներին։ Մի պահ թվում է՝ ամեն ինչ իսկապես հեշտ է։ Հետո հիշում ես, որ հեշտ թվալը հենց այն է, ինչից սկսվում է լավ կատարված աշխատանքը։


Լուսանկարներում կմնան ճիշտ կեցվածքը, գեղեցիկ հագուստը եւ վստահ հայացքը։ Չի երեւա, թե քանի անգամ են նույն քայլը կրկնել, իրենց համեմատել ուրիշների հետ կամ քանի մերժումից հետո են որոշել շարունակել։

Լուսանկարը դրա համար չէ։ Լուսանկարը պետք է վաճառի երազանքը, ոչ թե դրա ինքնարժեքը։


Իսկ մոդելները պոդիումից իջնելուց հետո վերադառնում են իրենց սովորական կյանքին, որտեղ ոչ ոք չի ասում՝ կզակդ մի քիչ վերեւ, մեջքդ՝ ուղիղ, հայացքդ՝ հեռուն։ Այնտեղ պետք է ինքնուրույն որոշել՝ ուր գնալ եւ ինչպես կանգնել սեփական ոտքերի վրա։

Թեեւ, եթե անկեղծ լինենք, վերջինը նրանց արդեն սովորեցրել են։

Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW