×


«Նույնիսկ քնած ժամանակ մտածում եմ իմ աշխատանքի մասին». Յուրի Պետրոսյանի 85-ամյակը՝ «Մտորումներ» ցուցահանդեսով

Արվեստը վաղ տարիքից առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Յուրի Պետրոսյանի կյանքում՝ դառնալով այն տարածությունը, որտեղ մտքերն ու ապրումները ձեւ եւ իմաստ են ստանում։ Այն բազմազան ուղղությունները, որոնցով աշխատում է վարպետը, արտացոլվել են Հայաստանի ազգային պատկերասրահում ժողովրդական նկարչի եւ քանդակագործի 85-ամյակին նվիրված «Մտորումներ» հետահայաց ցուցահանդեսում։ Ցուցադրությունը միավորել է նրա ստեղծագործական տարբեր շրջանների գործերը՝ մոնումենտալ եւ հաստոցային քանդակից մինչեւ մանր պլաստիկա, գրաֆիկա, խեցեգործություն եւ մետաղալարե հորինվածքներ։


Վարպետի աշխատանքների համար հատկացվել է երեք ցուցասրահ։ Այցելուներին ներկայացվել է 35 քանդակ, 20 գրաֆիկական եւ 20 կերամիկական աշխատանք, որոնք ընդգրկում են նրա ստեղծագործական ուղու տարբեր փուլերը՝ 1960-ից մինչեւ 2018 թվականը։ Ցուցանմուշների թվում են Արամ Խաչատրյանի եւ Հովհաննես Այվազովսկու փոքրածավալ քանդակային կերպարները։


Ցուցադրությունը բացահայտում է վարպետի գեղարվեստական աշխարհայացքը, մարդու, ազգային պատմության, հոգեւոր արժեքների եւ շրջապատող աշխարհի հանդեպ նրա հետաքրքրությունը։ Այդ մասին պատմել է ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանը՝ նշելով, որ այս թեմաներն անցնում են Պետրոսյանի ողջ ստեղծագործության միջով։

«Գուցե սուբյեկտիվ հնչի, բայց Պետրոսյանն իմ կյանքում հանդիպած ամենաառաքինի ու «մաքուր» արվեստագետներից է, եւ այդ ամենն արտացոլվում է նրա գործերում։ 1960-ականներից սկսած՝ հստակ տեսնում ենք նրա ծավալային մտածողությունը, թե ինչպես են նրան հետաքրքրում մարդու մարմնի կառուցվածքը, մարդը՝ մրջավայրում։ Չէ՞ որ 60-ականները հայտնի են որպես «ձնհալի» տարիներ, երբ արվեստագետներն ազատություն են ստանում, ստեղծագործում են կոնյուկտուրայից դուրս։ Գովելի է, որ վարպետը երբեք չի տրվել կոնյուկտուրային եւ միշտ ազատ է ստեղծագործել ազգային, հոգեւոր եւ իրեն հուզող այլ թեմաներով։ Նրան միշտ հետաքրքրել են մարդ եւ միջավայր հարաբերությունները, եւ նա փորձել է իր մտքերը, պատկերացումներն ու գաղափարներն արվեստի միջոցով ներկայացնել՝ քանդակներ, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքներ, մանր պլաստիկա եւ այլն»,- նշեց ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանը։

Մարիամ Դավթյանը


Քանդակագործի կյանքն ու արվեստը

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում եւ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում Յուրի Պետրոսյանի ուսանելու տարիները համընկել են 1960-ականների «ձնհալի» ժամանակաշրջանին։ Նրա գեղարվեստական մտածողությունը ձեւավորվել է ազգային մշակույթի, գրականության եւ պատմական հիշողության ազդեցությամբ։ Վաղ ստեղծագործություններում արդեն նկատելի է քանդակագործի ձգտումը փոխանցել ոչ այնքան արտաքին նմանությունը, որքան մարդու ներքին վիճակը։

1970–1980-ականներին նրա արվեստում ընդգծված են դառնում ազգային հիշողության, հոգեւորության եւ ներքին դրամատիզմի թեմաները։ Պետրոսյանի պլաստիկական լեզվին բնորոշ են արտահայտիչ ծավալները, լույսի եւ ստվերի խաղը, ձեւի ազատ մեկնաբանությունը, ռեալիստական եւ ընդհանրացված լուծումների համադրությունը։


1990-ականներից նրա արվեստում առավել նկատելի է դառնում մոնումենտալ ուղղությունը։ Նշանակալի գործերից են Արամ Խաչատրյանի (1999) եւ Հովհաննես Այվազովսկու (2003) հուշարձանները, որոնցում քանդակագործը պլաստիկայի միջոցով ձգտում է փոխանցել կերպարի բնավորությունն ու անհատականությունը։ Ընդ որում, Պետրոսյանի համար կարեւոր է ոչ միայն գեղարվեստական լուծումը, այլեւ այն, թե ինչպես է քանդակը փոխազդում շրջապատող տարածության հետ։


Քաղաքային քանդակի դերի եւ միջավայրի համար դրա նշանակության մասին խոսելիս վարպետը նշել է. «Խաչատրյանի, Այվազովսկու արձանները քաղաքատիպ քանդակագործության նմուշներ են, պորտրետային են, երբ պետք է կերպարին հասնել։ Ոչ միայն քանդակը պետք է շատ հետաքրքիր լինի տվյալ միջավայրում, այլեւ՝ կերպարը, որպեսզի անցորդը հստակ հասկանա, որ սա Արամ Խաչատրյանն է, մյուսը՝ Մարտիրոս Սարյանը կամ Հովհաննես Շիրազը։ Այդ քանդակներից յուրաքանչյուրն իր խնդիրն է կատարում մարդկային արժեքները հարստացնելու գործում։ Այսօր արվեստը պետք է այնքան ծաղկի, որ ծաղկեցնի նաեւ միջավայրը»։

Յուրի Պետրոսյանը


Քանդակից զատ՝ նկարիչը դիմել է նաեւ խեցեգործությանը եւ գրաֆիկային։ Նրա կերամիկական աշխատանքներում, գծանկարներում եւ կոլաժներում գունային լուծումները, հստակ ձեւերն ու արտահայտիչ մանրամասները դառնում են ինքնուրույն գեղարվեստական պատմություններ՝ բացահայտելով նրա ստեղծագործական մտածողության նոր կողմերը։


Ստեղծագործությունը՝ որպես անընդհատ երկխոսություն ինքն իր հետ

Պետրոսյանի համար կարեւոր է ոչ թե պարզապես ավարտին հասցնել աշխատանքը, այլ հասնել այնպիսի արդյունքի, որը կհամապատասխանի իր պատկերացմանը։ Ստեղծագործական գործընթացի մասին պատմելիս քանդակագործը խոստովանել է. «Բոլոր աշխատանքներն ինձ հարազատ են։ Եթե նկատում եմ, որ ինչ-որ բան այնպես չէ, անմիջապես ոչնչացնում եմ այդ աշխատանքը եւ նորից սկսում։ Ինձ պետք է, որ իմ գործն ինձ բավարարի։ Ես այդպես եմ աշխատում։ Ստեղծագործական պրոցեսը շատ բարդ է. կարող է պատահել՝ երկար տանջվես ու ոչինչ չստանաս, իսկ հաջորդ օրը գաս, կես ժամում գործն անես ու ավարտես։ Ներաշխարհդ պետք է հանգիստ լինի, որպեսզի աշխատանքդ որակով կատարես։ Իսկ եթե ներաշխարհդ խառնված է, չես կարող լուրջ մոտենալ քո գործին։ Ես անդադար մտածում եմ իմ աշխատանքի մասին՝ նույնիսկ քնած ժամանակ։ Մեկ էլ արթնանում եմ ու ինքս ինձ ասում. «Դե՛, քնիր, դա ընդամենը երազ է»»։


Այսօր նկարիչը հիմնականում ստեղծում է կոլաժներ, էսքիզներ եւ փոքրածավալ քանդակներ։ Չնայած երկարամյա ստեղծագործական ուղուն՝ նա շարունակում է փնտրել արտահայտման նոր ձեւեր, փորձարկել նյութերը եւ վերաիմաստավորել սովորական կերպարները։ Գուցե հենց սրանում է Յուրի Պետրոսյանի արվեստի գլխավոր առանձնահատկությունը. նույնիսկ տասնամյակներ անց նրա համար ստեղծագործությունը մնում է մտորումների, որոնման եւ ներքին երկխոսության անընդհատ գործընթաց։

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW