×


«Ինչպես կրծքիդ խխունջ վարժեցրիր». Տեղերով փոխված տղամարդու ու կանանց հոգու վերքերը

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Վազգեն Մկրտչյանին նախկինում երբեք չեմ տեսել ո՛չ կյանքում, ու ո՛չ էլ բեմում։ Որոշում եմ հետը խոսել մինչ ներկայացումը։ Մոտենում է, սիրալիր սեղմում ձեռքս ու ծանոթանում ինձ հետ։ Հետո պատմում է իր մասնակցությամբ «Ինչպես կրծքիդ խխունջ վարժեցրի» ներկայացման մասին, որը նախ բեմադրվել է որպես նախադիպլոմային աշխատանք, ապա տեղափոխվել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն։


«Ներկայացումը խաղացել ենք 3-րդ կուրսն ավարտելիս, ապա այն ընդգրկվեց թատրոնի խաղացանկում: Ամենամեծ փոփոխությունն այն էր, որ մեզ միացան փորձառու դերասանուհիներ Տաթեւ Հովակիմյանն ու Միլենա Ավանեսյանը, ինչը մեծ հետաքրքրություն բերեց իր հետ: 

Ներկայացման միակ տղան եմ, ու այդքան դերասանուհիների հետ խաղալը շատ տարբեր էներգիաների բախում է առաջացնում: Այդ երփներանգությունը շատ հաճելի է, ինչի արդյունքում ներկայացումն իսկապես վայելում եմ: 

Ընդհանրապես, իմ մարմնավորած կերպարը դերասանի համար երանելի է. ինձ դրսեւորում եմ բազում տեսանկյուններից ու սյուժետային գծերով: Տարբեր հոգեբանությունների կանանց ու նրանց աշխարհների հետ գործ ունեմ, ինչն իմ դերասանական ունակությունների ամբողջ շառավիղը դրսեւորելու հնարավորություն է տալիս: Թատրոնում խաղալը մեծ փորձ է տալիս, ու հետագայում ավելի ազատ կստեղծագործեմ»,- խոստովանել է դերասանը:


Բեմում, ավելի ճիշտ՝ թատրոնի ճեմասրահում, որը «Եթե դու մեռնեիր» ներկայացումից հետո օգտագործվում է որպես փոքր դահլիճ, դերասանը գործում է մեծ գրավչությամբ: Նա պլաստիկ է, խարիզմատիկ ու անընդհատ իր վրա է սեւեռում դիտողի ուշադրությունը: «Ինչպես կրծքիդ խխունջ վարժեցրիր» ներկայացման մեջ Մկրտչյանը տարբերվող ու հիշվող է ինչպես համակուրսեցիների, այնպես էլ թատրոնի դերասանուհիների հետ խաղացած դրվագներում: 


«Մատեյ Վիշնիեկը մենախոսությունը գրել է տղամարդու համար, բայց մենք այն ներկայացնում ենք կնոջ տեսանկյունից: Գործը հենց այդ առումով էլ առանձնանում է ինձ համար, քանի որ տեսնում ենք, թե կինն ինչպես է ընկալում տղամարդուն, ու այդ գործոնն ինչ ազդեցություն ունի երկուսի կյանքում: Բայց անգամ դրամատուրգիական նյութը չփոխելով՝ հասկանում ես, որ մարդկային ապրումները երկու սեռերի դեպքում էլ նույնն են»,- նշել է նա: 

Տաթեւ Հովակիմյանը ներկայացման մեջ հայտնվում է սեւ զգեստով ու ձեռնոցներով, մարգարտաշար վզնոցով եւ ամուր հավաքած մազերով։ Նա միանգամից սկսում է խաղալ սրտի հետ՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով։ Հովակիմյանն իր արյունոտ ձեռքերով ու որսորդի հայացքով կնոջ եւ նրա ապրումների մասին շատ բացահայտումներ է անում։


Ներկայացումը էսթետիկ է, ինչը բեմադրիչ Տաթեւ Մելքոնյանի ձեռագրի առանձնահատկություններից է։ Սովորաբար հենց ինքն է զբաղվում իր ներկայացումների բեմանկարչությամբ ու հագուստների ընտրությամբ, ինչն ավելի է ընդգծում սեփական մտահղացումները: 

Վիշնիեկի՝ մարդկային հոգին փորփրող պիեսը Մելքոնյանի ռեժիսորական ձեռքերում վերածվել է յուրօրինակ ներկայացման։ Մուգ կարմիր վարագույրը, թափվող գինին, վառ շրթներկն ու բոլոր ինը դերասանուհիների սեւ զգեստները մի պահ մոռացնել են տալիս, որ թատրոնում ես: Հերոսուհիները նորաձեւության շոուի պես հերթով հայտնվում են սեղանի շուրջ ու շուռ տալիս սեփական հոգին: Հասուն ու հիշվող խաղով առանձնանում են նաեւ Մկրտչյանի համակուրսեցիները, որոնցից մի քանիսը միանգամից գրավում են ուշադրությունդ:


Ամեն նոր կերպարի հետ հայտնվում են նոր առարկաներ՝ մսաղացը, կոկտեյլի պարագաները, ճամպրուկը, թրջված անձրեւանոցն ու այլ իրեր, սակայն կարեւորը, միեւնույն է, մնում են կանայք ու նրանց հոգում բացված վերքը փորփրող տղամարդը: Նրանք չունեն անուններ ու իրար որեւէ կերպ չեն դիմում. յուրաքանչյուրը կարող է լինել այդ կանանց փոխարեն՝ այդքան ծանոթ ու ցավեցրած ապրումներով:

Տաթեւ Հովակիմյանը միացել է դերասանական կազմին, երբ այն տեղափոխվել է թատրոնի բեմ. «Ինձ համար ներմուծվելը բարդ է, քանի որ ընթացքում դերասանները պիեսը մարսում են ու մաշկի հետ ձուլում, իսկ դու մի քանի փորձով պիտի այդ ամենը հաղթահարես։ Իմ դերն այնքան էլ մեծ չէ, ու որեւէ դժվարություն չեմ ունեցել: Վիշնիեկի պիեսին ծանոթ էի. սիրում եմ մարդու հոգին փորփրող գործերը: Ինձ դուր է գալիս նաեւ այն, որ տղամարդու համար գրված այս պիեսը ռեժիսորը փոխել է, ու արդեն կինն է պատմողի դերում հանդես գալիս»:  


Թատրոնի տնօրեն Տաթեւիկ Մելքոնյանը պատմել է, որ Թատերականում ուսանողների հետ աշխատելիս բարդ ստեղծագործություններ է ընտրում, որպեսզի նրանք սովորեն հաղթահարել դժվարությունները, խորանան նյութի մեջ, լուծեն հեղինակի տված խնդիրներն ու ինքնուրույն աշխատեն կերպարի վրա։ Այդկերպ նրանց նախապատրաստում է թատրոնում աշխատանքին, որպեսզի այնտեղ չսպասեն միայն ռեժիսորի հրահանգներին, այլեւ սեփական մտահղացումներն առաջարկեն։


«Մինչեւ փորձերին անցնելն ուսումնասիրել ենք նյութը եւ վարժանքների միջոցով փորձել մոտենալ կերպարներին: Այդ ընթացքում ուսանողների հետ մանրամասն աշխատել է նաեւ դասախոս Արմեն Արշալույսյանը: Ի դեպ, փորձերի ընթացում հանդիպել ենք Մատեյ Վիշնիեկի հետ, ով ավելի ոգեշնչեց մեզ: Հետագայում մեզ միացած Տաթեւի ու Միլենայի փայլուն կատարումներն ավելի ամբողջական դարձրին ներկայացումը»,- կիսվել է նա:

Մելքոնյանը տղամարդու համար գրված մենախոսությունը կարդալիս բազմաթիվ զուգահեռներ է տեսել կնոջ ներաշխարհի հետ ու որոշել ինտրիգային լուծում տալ: Դրա արդյունքում պիեսը չի տուժել, քանի որ տղամարդու եւ կնոջ ապրումները, ցավը եւ սերն իրականում չեն տարբերվում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW