Շուրջ չորս շաբաթ Ստեփանավանը դարձել էր գեղանկարիչ, արվեստագետ եւ համադրող Արա Հայթայանի ստեղծագործական միջավայրը։ Major’s House-ի արտ ռեզիդենցիայի շրջանակում արվեստագետն ապրել եւ աշխատել է այնտեղ՝ ստեղծելով ավելի քան երեսուն աշխատանք յուղաներկով, ջրաներկով եւ գրաֆիկական տեխնիկաներով։ Հոկտեմբերի 24-ին ռեզիդենցիայի ընթացքում ստեղծված աշխատանքները ներկայացվել են Major’s House-ում կազմակերպված ցուցահանդեսում։
Ստեփանավանում գտնվելու ընթացքում Հայթայանի ուշադրության կենտրոնում են եղել տեղի բնությունը, մարդիկ, տները, այգիներն ու մրգերը։ Այս մոտիվները նրա համար դարձան ոչ միայն պատկերման նյութ, այլեւ նոր միջավայրի հետ անմիջական շփման եւ այն սեփական գեղարվեստական լեզվով մեկնաբանելու հնարավորություն։
Ցուցահանդեսը ստացել է Residency Visit անունը։ Դրա ձեւաչափը միտված է այցելուներին ներկայացնելու արվեստագետի ստեղծագործական միջավայրը։ Ռեզիդենցիայի կազմակերպումն ու ցուցադրության համադրական հայեցակարգի մշակումը, ինչպես նաեւ ցուցադրության ձեւաչափի իրականացումը կատարել է արվեստագետ եւ համադրող Էմմա Դիլանյանը։
Արվեստանոցային դիտման սկզբունքը պահպանելու նպատակով աշխատանքները ներկայացված են առանց ավանդական ցուցադրական ձեւավորման։ Որոշ գործեր անմիջապես փակցված են պատերին, մյուսները տեղադրված են սեղաններին։ Այս մոտեցումը ընդգծում է աշխատանքների նորաստեղծ լինելը եւ փոխանցում դրանց ստեղծման անմիջականության զգացողությունը։ Այսպիսի ներկայացման ձեւաչափը, սակայն, չի խանգարում զգալու Ստեփանավանի միջավայրն ու տեղական նկարագիրը, որոնք ներկա են ամբողջ շարքում։
Արա Հայթայանի ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է անհատական եւ խմբային բազմաթիվ ցուցահանդեսներ Հայաստանում եւ այլուր։ Նրա աշխատանքները ներկայացվել են Ֆրանսիայում, Նիդեռլանդներում եւ Չինաստանում։ 2016 թվականին «Կալենց» թանգարանում կազմակերպված հետահայաց ցուցահանդեսն ամփոփել է արվեստագետի շուրջ երկու տասնամյակի ստեղծագործական ընթացքը։
Ստեփանավանում գտնվող Major’s House հյուրանոցը միավորում է հյուրընկալությունը, արվեստն ու տեղանքի պատմությունը։ Ցուցահանդեսներն ու ստեղծագործական ծրագրերը հյուրանոցը դարձնում են նաեւ արվեստի հետ հանդիպման վայր։
Major’s House-ը շարունակելու է հյուրընկալել արվեստագետների եւ ներկայացնել այս միջավայրում ծնվող ստեղծագործությունները։ Առաջիկայում նախատեսվում են նոր ցուցահանդեսներ, արվեստի տոնավաճառներ (Art Fair) եւ այլ միջոցառումներ։
Լուսանկարները՝ Major’s House-ի


×
257





