«ՌեԱ» պատկերապատման արվեստի եւ անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում ցուցադրվում են անվանի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանի աշխատանքները: Նախորդ տարի լրացել է նրա 70-ամյակն, ու այդ առիթով Հայաստանի կինոյի հիմնադրամը որոշել է Ավետիքյանին նվիրված հետահայաց ցուցադրություն կազմակերպել:
Երեկ երեկոյան «Նաիրի» կինոթատրոնում Սերժ Ավետիքյանը նախ ընդունեց իր բազմաթիվ հյուրերին, նրանց հետ հյուրասիրության սեղանի շուրջ գավաթ բարձրացրեց, ապա բոլորին հրավիրեց կինոդահլիճ՝ դիտելու իր երեք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ»-ը, «Մի գեղեցիկ առավոտ»-ն ու Կաննում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած «Շների պատմությունը»։
Սերժ Ավետիքյանը
«Շատ ուրախ եմ, որ Երեւանում եմ, որտեղ թեեւ պարբերաբար գալիս եմ, բայց ոչ այնքան հաճախ։ 1960-ականներին Երեւանում արտասահմանյան ֆիլմեր էին ցուցադրում, ու շատ բան եմ սովորել հիանալի դերասաններից՝ Մոնիկա Վիտտիից, Ալեն Դելոնից ու շատերից։ Ձեզնից շատերը երիտասարդ են ու չգիտեն, որ այն տարիներին քաղաքում 30-40 կինոդահլիճ կար»,- ցուցադրությունից առաջ ասաց նա։
Ավետիքյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 10-ից 13-ը մեծ էկրաններին են լինելու նաեւ իր ֆիլմերը՝ «Վերադարձ Սոլոզ», «Նա, ում սպասում էին» եւ «Փարաջանովի սկանդալը»:
Նարինե Գրիգորյանը եւ Սերժ Ավետիքյանը
«Գուցե դրանք արդեն տեսել եք եւ նորից եք ուզում դիտել: Կարող եք նաեւ ձեր ընկերներին ու բարեկամներին տեղեկացնել, որպեսզի նրանք էլ ներկա լինեն ցուցադրություններին։ Բոլոր օրերին դահլիճում եմ լինելու եւ սիրով զրուցելու եմ ներկաների հետ։ Իմ առաջին անիմացիոն ֆիլմը 25 տարի առաջ եմ ստեղծել: Մի օր պարզապես հասկացա, որ անիմացիայի լեզվով որոշ թեմաների մասին պատմելն ավելի հեշտ է, քան որեւէ այլ եղանակով»,- անկեղծացավ նա ու խոսքը տրամադրեց Դավիթ Բանուչյանին։
Կինոյի հիմնադրամի տնօրենը նշեց, որ տարիներ շարունակ Ավետիքյանն օգնում է հայ կինոգործիչներին՝ իրենց աշխատանքները ցուցադրել Ֆրանսիայում, ու այդ երկրում հայկական կինոյի դեսպանն է դարձել։ Հենց Ավետիքյանն է Արտավազդ Փելեշյանի հետ վերականգնել նրա ֆիլմերն ու հետահայաց ցուցադրություն կազմակերպել։
Սերժ Ավետիքյանը եւ Դավիթ Բանուչյանը
«Սերժի հետ կապված այնքան հետաքրքիր պատմություններ կան։ Մի անգամ հյուրընկալվել էի նրան, ու հերթով ցույց էր տալիս իր մրցանակները, ապա հասանք Փարաջանովից նվեր ստացած կոլաժին, որին մի քանի րոպե ապշած նայում էի։ Որոշել էինք միասին ֆիլմ նկարել, ես պետք է պրոդյուսերը լինեի, բայց Կինոյի հիմնադրամը գլխավորեցի ու նախագծից դուրս եկա։ Վստահ եմ՝ հրաշալի ֆիլմ է լինելու»,- ասաց Բանուչյանն ու Ավետիքյանին Կոմիտասի պատկերով հուշանվեր հանձնեց. «Թող Կոմիտասը քեզ հետ լինի»։
Վրեժ Քասունին եւ Սերժ Ավետիքյանը
Ապա խոսելու հերթը «ՌեԱ»-ի տնօրեն Վրեժ Քասունունն էր։ Նա հիշեց հայտնի «Սարդարապատ» երգի տողերը. «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար», ու այսպես մեկնաբանեց. «Մարդիկ կան, որոնք անիմատորներ չեն, բայց յուրովի ներդրում ունեն հայկական անիմացիայում։ Ավետիքյանը Կաննում մրցանակի է արժանացել ու իր յուրահատուկ ոճը բերել այս ասպարեզ։ Քեզ երկար տարիների կյանք ու կանոնավոր ստեղծագործական աշխատանքներ»։
Կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը խոստովանեց, որ կարող է ժամերով խոսել իր վաղեմի ընկեր Ավետիքյանի մասին, որի հետ նրանց ծանոթությունն արդեն 35 տարվա պատմություն ունի: Այդ ընթացքում նաեւ գործընկերներ են դարձել ու աշխատել միմյանց ֆիլմերում։ Ավետիքյանն էլ հիշեցրեց, թե ինչպես են 1995 թվականին միասին «Լաբիրինթոս» ֆիլմը ներկայացրել Բեռլինի կինոփառատոնում։
Սերժ Ավետիքյանը եւ Միքայել Դովլաթյանը
«Չափազանց բարդ էր այնտեղ հասնելը։ Բայց ուզում եմ առանձնահատուկ խոսել Սերժի ֆիլմերում բարձրացված խնդիրների մասին: Դրանցից «Շների պատմությունը» ֆաշիզմի մասին է, որն այսօր էլ ամենուր ծաղկում է։ «Լաբիրինթոս»-ում մարդու երկատվածությանն է անդրադարձել. այդ խնդիրը հիմա էլ շատ է տանջում մտածող եւ ինտելեկտուալ անհատներին: Սերժին փոթորիկ, սնդիկ եւ գաղափարների լոկոմոտիվ են անվանում, քանի որ միաժամանակ կարող է աշխատել երեք նախագծի վրա, որովհետեւ հավատում է գործին ու իր հետ աշխատող մարդկանց։ Նա դեռ կարողանում է զարմանալ ամեն ինչի վրա, նշանակում է՝ իր ներսում բարություն ու ազնվություն ունի։ Պահիր դրանք, Սերժ»,- ավելացրեց Դովլաթյանը։
Սերժ Ավետիքյանը եւ Կարեն Ավետիսյանը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ ընդգծեց, որ Ավետիքյանը Կաննի «Արմավենու ճյուղի» արժանացած միակ հայ ռեժիսորն է. «Դա Սերժի մասին պատմելիս կարեւոր ու առանցքային բանալի է։ Նա չի սիրում, երբ իրեն պարտադրում են որեւէ կողմ ընտրել, ինքն է որոշում իր ինքնության պատկանելությունը։ Ինքնության որոնումները նրա աշխատանքներում կարեւոր տեղ են զբաղեցնում: Շնորհակալություն, Սերժ՝ այդ որոնումների ճարտարապետը լինելու ու դրանք անվերջ կատարելագործելու համար»։
Սերժ Ավետիքյանը եւ Լուսինե Աբգարյանը
Ավետիքյանի հետ «Երկլեզու դրամատիկական արվեստանոցում» համատեղ աշխատանքի մասին պատմեց թարգմանիչ Լուսինե Աբգարյանը. «Պատերազմից հետո բոլորս մտածում էինք, թե ինչպես ենք շարունակելու կյանքը, իսկ Սերժի համար հենց արվեստն էր այդ ճանապարհը։ Նա հիմնեց երկլեզու արվեստանոցը, որի շնորհիվ 100 ավելի երիտասարդներ հնարավորություն են ստացել մոտենալ ֆրանկոֆոն արվեստին։ Քեզնից շատ բան եմ սովորել: Միշտ առատաձեռնորեն ես մոտենում երիտասարդներին ու ավելին տալիս, թեեւ ինքդ դա չես զգում։ Չնայած քո մեծ զբաղվածությանը՝ ձեռքդ երիտասարդների զարկերակին ես պահում։ Այս նախագիծը Հայաստանը վերգտնելու քո տարբերակն է։ Շնորհակալ եմ, որ այսքան բարի ես»։
Բազմաթիվ ելույթներից ու ջերմ խոսքերից հետո ներկաները դիտեցին Ավետիքյանի անիմացիոն ֆիլմերը, ապա հեղինակը պատմեց գործերի մասին։ «Կյանքի գծում» փորձել է գեղանկարչությունը վերածել անիմացիայի եւ իր համարձակությունը ցուցադրել։ Սկզբում ֆիլմը պետք է Ռոբերտ Սահակյանցի հետ ստեղծեին, բայց վերջինս այն դասական լուծումներով էր տեսնում, իսկ Ավետիքյանն այլ բան էր պատկերացնում:
Սերժ Ավետիքյանը
«Գործը, որի հիման վրա նկարել եմ ֆիլմը, պատմում է համակենտրոնացման ճամբարի մասին, բայց խնդրեցի այն մի քիչ փոխել ու ավելի համամարդկային դարձնել։ Ֆիլմում չի հասկացվում, թե իրադարձությունները որտեղ են տեղի ունենում: Եթե մարդուն թույլ չեն տալիս նկարել, արգելում են նաեւ ապրել։ Նրան կանգնեցնելու միակ եղանակը ձեռքերը կտրելն է, ինչն էլ անում են։ Անիմացիան թույլ է տալիս նման դաժան թեմաների անդրադառնալ»,- խոստովանեց նա։
«Մի գեղեցիկ առավոտ»-ը Ավետիքյանը պատվերով նկարահանել է Ֆրանկ Պավլոֆի «Դարչնագույն առավոտ» նովելի հիման վրա։ Գործը բավական հայտնի էր ամբողջ երկրում եւ վաճառվել է 1,5-2 մլն օրինակով. «Երբ մեր երեւակայությունը եւ ներսում եղածը մեզնից խլում են, թափանցիկ ենք դառնում։ Ֆաշիզմի գագաթնակետն ինձ համար այն է, երբ մարդկանց զոմբիներ են դարձնում։ «Մի գեղեցիկ առավոտ»-ը տխուր ֆիլմ է ստացվել, բայց երբ մեզ գույներից զրկում են, ինչպե՞ս շարունակել ապրել, եթե ոտքի չենք կանգնում եւ չենք պայքարում»։
Նրա խոսքով՝ ֆիլմը հատկապես շատ են դիտել դպրոցականները։ Եվ պատահական չէ, որ իր ստեղծած նոր իրականությունն անվանել է ՆԵՏ, որը «ինտերնետից» է վերցրել ու բառախաղ դարձրել. «Տարիներ առաջ համացանցի վտանգներն ավելի քիչ էին, իսկ հիմա մարդիկ համատարած նրա ազդեցության տակ են հայտնվել: Շարունակում ենք գնալ զոմբիացման: Միշտ էլ այդպես է լինում, եթե մարդը չի պայքարում իր ու իր կյանքի համար»։
Սերժ Ավետիքյանը
Վերջինը ցուցադրվեց «Շների պատմությունը», որն Ավետիքյանը նկարել է իրական պատմության հիման վրա. 1910 թվականին Օսմանյան կայսրության նոր իշխանությունները եւ Ստամբուլի քաղաքապետը որոշեցին քաղաքը մաքրել անօթեւան շներից։ Մոտ 60 հազար շների հատուկ աքցաններով հավաքեցին ու նավերով տեղափոխեցին անմարդաբնակ, քարքարոտ ու անջուր Օքսիս կղզի՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին։ Մի մասը սատկեց քաղցից ու ծարավից, մյուսները խեղդվեցին՝ փորձելով լողալով վերադառնալ։
«Կաննում հաղթանակից հետո ֆրանսիական մամուլը միաբերան պնդում էր, թե ֆիլմը հայերի Ցեղասպանության մասին եմ նկարել։ Մինչդեռ այն նույն մարդկանց՝ Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի մասին է, որոնք հետո նույնն արեցին հայերի հետ, որպեսզի նրանք չվերադառնան իրենց տարածքները։ Որպես ռեժիսոր՝ ստեղծել եմ այնպիսի ֆիլմեր, որոնք պայքարի ու այն վտանգների մասին են, որոնց նկատմամբ անուշադիր լինելու դեպքում, դրանք գլխիդ են թափվելու»,- եզրափակեց նա ու բոլորին եւս մեկ անգամ հրավիրեց իր ֆիլմերի ցուցադրություններին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի
Bravo.am


×
130





