Հայ-ֆրանսիական «Մուսկարի» ասոցիացիան նշում է հիմնադրման տասնամյակը։ Կազմակերպությունը հոբելյանը վերածել էր կարեւոր մշակութային իրադարձության՝ Փարիզում ներկայացնելով հայկական ժառանգությունը, ավանդական արհեստագործությունն ու ժամանակակից արվեստը։
«Maison de l’Amérique Latine» մշակութային կենտրոնում անցկացվել է «Ceramic Art Fair + Glass» ցուցահանդեսը։ «Խաչվող հայացքներ» խորագրի ներքո վեց օր շարունակ մեկտեղվեցին հայկական ժառանգությունն ու ժամանակակից արվեստը: Ներկայացվեցին Ֆրանսիայի Հայկական թանգարանի հավաքածուից Կուտահիայի պատմական կերամիկական նմուշներ, Գյումրիի արհեստանոցների ստեղծագործություններ, ինչպես նաեւ կերամիկագործներ Անուշ Ղուկասյանի եւ Անի Քանանյանի յուրօրինակ աշխատանքները։
«Մուսկարի»-ի նախագահ Նարոտ Սեդրակյանը Bravo-ին պատմեց, որ նախագծի հիմնական նպատակն էր արժեւորել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում, մասնավորապես՝ Գյումրիում, եւ Ֆրանսիայում իրականացված աշխատանքը, ինչպես նաեւ նոր հնարավորություններ ստեղծել հայ արվեստագետների միջազգային ճանաչման համար։
Նախաձեռնության շրջանակում համագործակցություն է հաստատվել Փարիզի Հայկական թանգարանի հետ, որը մի քանի տարի է՝ զրկված է սեփական ցուցադրական տարածքից։ Նարոտի խոսքով՝ իրենք նպատակ են ունեցել հանրությանը ներկայացնել այդ հավաքածուն՝ երկխոսության մեջ դնելով Գյումրիում գործող արհեստանոցի աշխատանքների հետ. «Արհեստանոցը ոգեշնչվում է հայկական ավանդական արհեստագործությունից՝ վերակենդանացնելով գրեթե մոռացության մատնված մշակութային ժառանգությունը»։
Նախագծին նոր շունչ հաղորդելու համար ընտրվել են Հայաստանից երկու ժամանակակից արվեստագետներ՝ Անուշ Ղուկասյանը եւ Անի Քանանյանը։ Նրանց աշխատանքները հնարավորություն են տվել մեկ ցուցադրության շրջանակում համադրել ավանդականն ու ժամանակակիցը՝ ընդգծելով հայկական արվեստի բազմազանությունն ու զարգացման նոր ուղղությունները։
Անուշն ու Անին բնակվում եւ ստեղծագործում են Երեւանում։ Երկուսն էլ կերամիկայի ոլորտի արվեստագետներ են եւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ։
Անուշ Ղուկասյանի ստեղծագործական պրակտիկան ընդգրկում է գրաֆիկական արվեստը, կերամիկան, քանդակագործությունն ու ինստալացիան։ Նրա աշխատանքներում արծարծվում են մարմնի, հիշողության եւ շրջակա միջավայրի հետ մարդու փոխհարաբերությունների թեմաները։
Անի Քանանյանն ուսումնասիրում է ճենապակին, նյութը եւ բնության ցիկլերը՝ համադրելով կերամիկան եւ գեղանկարչությունը։ Լինելով Կերամիկայի միջազգային ակադեմիայի անդամ՝ նա ստեղծում է գործեր, որոնցում շերտերը, գծերն ու հյուսվածքները մարմնավորում են մշտական շարժման եւ փոխակերպման հետքերը։
Հայկական արվեստը՝ նոր լսարանի առջեւ
Հայկական թանգարանի եւ «Մենք» նախագծի հետ համագործակցությամբ «Մուսկարի»-ի իրականացրած փարիզյան ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ «Շատերի համար հայկական մշակույթն ու արհեստագործությունը դեռեւս քիչ ճանաչված են, հատկապես այս բնագավառում, ուստի ցուցահանդեսը դարձավ նաեւ Հայաստանի մասին պատմելու կարեւոր հնարավորություն»,-ասում է Նարոտ Սեդրակյանը։
Այցելուները հիացել են հայկական ավանդական աշխատանքների գեղեցկությամբ, հետաքրքրվել դրանց ծագմամբ եւ ստեղծման պատմությամբ, ուսումնասիրել ժամանակակից արվեստագետների աշխատանքները։
Ցուցադրված աշխատանքների մի մասը վաճառքի էր ներկայացված։
Մեկ տարվա աշխատանք՝ հանուն նոր հնարավորությունների
Ցուցահանդեսի կազմակերպումը պահանջել է շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանք՝ ցուցադրության ընտրություն, ֆինանսավորման կազմակերպում, արվեստագետների ներգրավում, աշխատանքների ստեղծում, փաթեթավորում եւ միջազգային տեղափոխում։
Լիոնում գործող «Մուսկարի» ասոցացիայի համար այս նախագիծը միայն տասնամյակի հոբելյանական միջոցառում չէ, այլեւ նոր համագործակցությունների սկիզբ։ Այժմ քննարկվում են փարիզյան պատկերասրահների հետ համագործակցության հնարավորությունները, որպեսզի հայ արվեստագետները կարողանան ներկայանալ միջազգային հարթակներում, մասնակցել նոր ցուցահանդեսների եւ ընդլայնել իրենց գործունեության աշխարհագրությունը։
Նարոտն ասում է, որ իրենց գլխավոր առաքելությունը շարունակում է մնալ նույնը՝ պահպանել եւ վերակենդանացնել հայկական մշակութային ժառանգությունը, միաժամանակ աջակցել ժամանակակից հայ արվեստին եւ այն ներկայացնել աշխարհին։
«Մուսկարի» ասոցիացիան նախագիծն իրականացրել է Ֆրանսիայի Հայկական թանգարանի եւ «Մենք» նախագծի հետ համագործակցությամբ։
Տեքստը՝ Էլլադա Ղուկասյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ հեղինակի եւ Լիլիթ Սարկիսովայի


×
22






