«Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ, նախշուն կաքավիկ». Տիկնիկային թատրոնի «Կոմիտաս» ներկայացումից հետո դեռ երկար գլխումս հնչում էին հայտնի երգի տողերը:
Բեմադրությունը հակիրճ բնորոշելու համար ամենաճիշտ բառը հենց սիրունիկն է: Ստեղծագործական կազմն այնքան նրբորեն ու ճիշտ է զգացել Կոմիտասի մարդկային կերպարն ու փոխանցել նրա նուրբ եւ զգայուն հոգին:
Բեմադրիչ Մարիկա Դովլաթբեկյանն ու նրա թիմն առանձնացրել են Սողոմոն Սողոմոնյանի կյանքից մեկ օր, որի ընթացքում վարդապետի հետ զարմանալի, տարօրինակ ու հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում՝ լի հումորով ու զվարճանքով:
Մի տեսարանում նա տնից հետեւում է խոտի դեզի մոտ ժամադրության եկած սիրահար զույգին: Նրա ականջին են հասնում «Սոնա» ու «յար» բառերը, եւ երիտասարդների սիրային խաղիկների արդյունքում ծնվում է «Սոնա յարը»:
Ներկայացումն այդքան յուրահատուկ է ստացվել նաեւ «Կաթիլ» խմբի մենակատար եւ կիթառահար Սեւադա Համբարչյանի շնորհիվ: Նա ոչ միայն հեղինակել է «Կոմիտաս»-ի երաժշտական ձեւավորումը, այլեւ իր հիասքանչ ձայնով կենդանություն է տալիս մեծ երգահանի այդքան գեղեցիկ երգերին:
Ներկայացումը վիզուալ առումով բաժանված է երեք հատվածի։ Հենց մուտք ես գործում դահլիճի բեմ, որտեղ շատ մոտ տարածությունից ականատես ես դառնում Կոմիտասի կյանքին, ձախ կողմում ուշադրությունդ գրավում է տարբեր առարկաներով ու բարձրախոսներով սեղանը։ Դրա վրա նկատում ես ցորենի հասկեր, պլաստիկ շիշ, սուլիչ, ատամի խոզանակ, կպչուն ժապավեն, ռետինե ձեռնոց ու էլի շատ ու շատ իրեր: Դրանք պարզապես բեմական պարագաներ չեն, այլ ներկայացման ձայնային միջավայրը ստեղծող կարեւոր բաղադրիչներ։
Աջ կողմի սեղանի մոտ իր տեղն է զբաղեցնում Սեւադա Համբարչյանը, որը ներկայացման ընթացքում շատ անգամներ է հիացնում ու զարմացնում իր կատարումներով: Կենտրոնական հատվածի վերեւում բեմն է, որտեղ ծավալվում են հիմնական գործողությունները, իսկ դիմացի սեղանի մոտ ուղիղ միացմամբ նկարահանումներ են իրականացվում։ Չզարմացեք, դա հնարավորություն է տալիս էկրանին շատ մանրուքներ նկատել:
Մինչ սկսում եք ըմբռնել ներկայացման ընթացքը, Կոմիտասը կաքավներ է նվեր ստանում, որոնք էլ կարեւոր դերակատարում ունեն այս պատմության մեջ: Չէ՞ որ հենց նա է հեղինակել «Արեւ բացվեց թուխ ամպերեն, կաքավ թըռավ կանաչ սարեն…» երգը:
Մարիկա Դովլաթբեկյանը վաղուց էր ցանկանում բեմադրություն ստեղծել Կոմիտաս վարդապետի մասին։ Եվ երբ կարդացել է Սամվել Ռաֆայելյանի «Կաքավիկ» պատմվածքը, շատ է հավանել այն ու հասկացել՝ ժամանակը եկել է։ Նրան առաջին հերթին գրավել է, որ Կոմիտասը ներկայացված է իր կենսուրախ, զվարթ ու ընկերասեր հատկանիշներով:
«Գործը միանգամից հավանեցի: Այն ինձ շատ տիկնիկային թվաց: Ընթացքում հասկացանք, որ երաժշտությունն ու ձայները պետք է հենց տեղում ծնվեն»,- կիսվել է բեմադրիչը:
Սեւադա Համբարչյանը Դովլաթբեկյանի հին ընկերներից է, աշխատում է նրա ոչ մի համերգ բաց չթողնել եւ միշտ մտածել է միասին ստեղծագործելու մասին: «Սկզբում մտածում էի՝ կմերժի, բայց միանգամից համաձայնեց»,- պատմել է Մարիկան:
Համբարչյանին ներկայացումը գրավել է իր պարզությամբ, անկեղծությամբ ու ոչ սովորական լինելու շնորհիվ. «Սա Կոմիտասին սիրելու մի նոր անկյուն է։ Նրա մեծությունն այն է, որ հասանելի է բոլոր շերտերին։ Հատկանշական է, որ նա հիմնվել է ամենահասարակ մարդկանց՝ գեղջուկների ու գյուղում ապրողների երգերի վրա։ Հենց նրանք էին ստեղծում մաքուր հայկական երգերը։ Կոմիտասը բարձրացրեց հայկական երաժշտությունը՝ ցույց տալով, որ այն ուրույն է, ինքնուրույն, շատ գեղեցիկ ու հարուստ»:
Ներկայացման ընթացքում, որքան էլ ուշադիր է ու փորձում է ամեն ինչ վերահսկել, հասցնում է նաեւ վայելել այն: Իհարկե, տեխնիկական խնդիրները երբեմն նրան շեղում են, բայց, միեւնույն է, գործի մեջ ընկղմված է մնում: Ինչը չի ստացվում Դովլաթբեկյանի դեպքում. դեռ չի կարողանում թուլանալ ու հետեւել որպես հանդիսատես:
«Երբ որեւէ ձայն խախտվում է, ես էլ եմ խախտվում: Ներկայացման մեջ խոսքը, երաժշտությունն ու ամեն մի ձայն սերտորեն կապված են իրար, եւ եթե ներդաշնակություն չի լինում, ձեւը սկսում է չգործել: Դրա համար էլ ամեն փոքր տեխնիկական խնդրից լարվում եմ»,- անկեղծացել է նա:
Իսկ թե ինչպես են Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողները հայտնվել ներկայացման մեջ, շատ պարզ է. Դովլաթբեկյանը նրանց բեմական շարժման դասախոսն է ու վաղուց է նկատել Գեւորգ Մարգարյանի եւ Շուշաննա Ալիխանյանի դերասանական տվյալները:
«Շատ եմ սիրում նրանց հետ աշխատել ու միշտ փորձում եմ ներգրավել, որովհետեւ տանղանդավոր սերունդ ու կուրս են: Ներկայացման նկարիչն ու գլխավոր դերակատարը Մուշեղ Բաբայանն է: Միասին ենք ստեղծագործել ու այս ամենը ստացել: Ամեն ինչ ինքնըստինքյան է ծնվել: Ուզում էի՝ մուլտֆիլմ լինի, հետո հասկացա, որ պետք է ավելին լինի։ Դրա համար «լայվ տեսախցիկն» ու ձայներն ավելացան, որոնք ուսումնասիրել, գտել ու առաջարկել են ուսանողները: Տեսապատկերների պատասխանատուն Նարեկ Սահակյանն է, իսկ մեր մյուս դերակատարը Մարիամ Ալեքյանն է, որի հետ աշխատել ենք «Բուկովսկի» ներկայացման ժամանակ»,- ավելացրել է բեմադրիչը:
Գեւորգ Մարգարյանը մանկուց է երազել աշխատել տիկնիկային թատրոնում ու շփվել տիկնիկների հետ: Դիտելով «Բուկովսկի» ներկայացումը՝ հասկացել է, որ տիկնիկային թատրոնը որքան երեխաների, նույնքան էլ մեծերի համար է:
«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն: Քանի որ կարողանում եմ Կոմիտասի ձայնով երգել, դեռ ինստիտուտում չէի էլ սովորում, երբ ընկեր Մարիկան առաջարկեց խաղալ իր ներկայացման մեջ: Իհարկե, նման տեսարան չկա. փորձեցինք այնպես անել, որ վարպետի հետ նույն հարթության վրա չհայտնվենք»,- կիսվել է նա:
Նրա կուրսընկեր Շուշաննա Ալիխանյանն էլ շարունակել է՝ երբ կուրսով Լոռի շրջագայության ժամանակ երգել են Հաղպատի վանքում, դրան ականատես է եղել Դովլաթբեկյանն ու որոշել նրանց ընդգրկել ներկայացման մեջ. «Տիկնիկների հետ առնչություն չունեինք, բայց ընկեր Մարիկայի շնորհիվ մեր վախերը հաղթահարեցինք: Հիմա արդեն անցնում ենք տիկնիկավարություն եւ տիկնիկագործություն ու քիչ-քիչ հմտանում այս արվեստում»:
Գեւորգ Մարգարյանի խոսքով՝ ինստիտուտում սովորելու շնորհիվ հասկացել են, որ իրենց գործիքը սեփական մարմինը, խոսքն ու ձայնն են, բայց տիկնիկային թատրոնում կարեւորը ձեռքերն են, որոնք կենդանացնում են անշունչը:
«Այս ներկայացման մեջ գործ ունենք ոչ թե սովորական, այլ մատնոցային տիկնիկների հետ: Վեց ամիս աշխատել ենք ու փորձել կենդանացնել նրանց: Կոմիտասին ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ կենցաղից վերցրել է երգեր եւ մաքրել դրանք: Ինքներս էլ այդպես արեցինք. սովորական փուչիկից ստացանք դռան ձայն, ցորենից՝ թռչնի թեւերի ճախրանքը: Թատրոնը տարանք դեպի բնություն, որտեղից այն ստեղծվել է: Հետաքրքիրն այն էր, որ ամբողջը խմբով ու հենց տեղում ենք ստեղծել: Սա բոլորիս ներկայացումն է»,- պատմել է նա:
Շուշաննա Ալիխանյանի համար ներկայացումը շատ հայկական, բնական ու բնությանը մոտ է: Նրանց համար ամենակարեւորը հետաքրքիր ուսումնասիրությունների շրջան է եղել. գնացել են Կոմիտասի թանգարան ու զրուցել աշխատակիցների հետ, եղել գրադարանում, իսկ գյուղում գտնել են իրենց անհրաժեշտ ձայները:
«Կոմիտաս»-ի հաջորդ ցուցադրությունը նոյեմբերի 15-ին է, իսկ նոյեմբերի 20-ին ներկայացումը մասնակցելու է Ռումինիայի միջազգային փառատոնին:
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի/Bravo.am/


×
157






