×


Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը։

Ցավալի լուրը հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

Սիրված արտիստը BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել էր, որ Վանաձորում մնալն ու ստեղծագործելը գիտակցված ընտրություն էր, որի համար երբեք չի զղջացել։

- Դուք հնարավորություն եք ունեցել մնալ Երեւանում, բայց վերադարձել եք Վանաձոր: Չե՞ք կարծում, որ մայրաքաղաքում Ձեզ ավելի մեծ հնարավորություններ կտրվեին:

- Այո, Աճեմյանը ցանկություն ուներ իր ուսանողներին պահել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, բայց այդ գործընթացը ձգձգվեց, հրավեր ստացա Վանաձորի թատրոնից եւ անմիջապես եկա: Հետո կրկին եղան առաջարկներ Հրաչյա Ղափլանյանից, բայց չգնացի, այլ մնացի այստեղ, ծանրաբեռնվեցի աշխատանքով եւ դարձա այս քաղաքի համար սիրելի դերասան, չդավաճանեցի ինքս ինձ։ Միգուցե սահմանափակվեցի, բայց մինչեւ օրս չեմ զղջում։

Զրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: 1964 թվականից Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան էր, 1995-2000 թվականներին եղել է տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 2001-2002 թվականներին` գլխավոր ռեժիսորը։ 1973 թվականից դասավանդում էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, 2003 թվականից` Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:

2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:

Մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում: 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել է «Արտավազդ» մրցանակին: 

«Ես Լիր արքա եմ խաղացել շուրջ 15 տարի։ Հիշում եմ՝ Սոս Սարգսյանը նայել էր եւ շատ էր հավանել։ Մեկ անգամ ինձ ասաց, որ շատ Լիր արքաներ է տեսել, ինքն էլ խաղացել է, բայց իմ մեկնաբանությունը շատ է հավանել, եւ ամեն անգամ, երբ աշխատանքի բերումով հանդիպում էինք, հարցնում էր՝ արդյոք այն դեռ կա մեր խաղացանկում։ Անգամ երբ հյուրախաղերով եկել էին Վանաձոր, խումբը խաղացել էր ներկաացումը, վերադարձել Երեւան, իսկ վարպետը մնացել էր՝ ներկայացում դիտելու, այնուհետեւ ինձ հրավիրեց հյուրանոց, եւ մինչ ուշ գիշեր հետաքրքիր զրույց ունեցանք»,- մեզ հետ զրույցում պատմել էր դերասանը։

Ազիզյանը բեմադրել է Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը», Ա. Աղասարյանի «Անառակ որդու վերադարձը» եւ Հ. Վարդանյանի «Կիբոսա VII դարը» (հեռուստաբեմադրություն)։

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Հեղնար աղբյուր», «Վերադարձ», «Տտիպ խաղող», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Հող եւ ոսկի», «Համբարձում», «Ռիչարդ II» եւ այլն:

Կարդալ ավելին

Quality Sign BW