BRAVO.am-ը իր ընթերցողներին պատմել է նկարիչ Արկադի Սեւումյանի` AutodidattaAS-ի մասին: Երեկ “Դալան”-ում կայացել է մեր այս հայրենակցի երեւանյան առաջին ցուցահանդեսը: Նշենք, որ ցուցասրահը բազմամարդ էր, այցելուներից շատերը խոստացան մինչեւ հունվարի 14-ը կրկին վերադառնալ ու ավելի հանգիստ պայմաններում մանրամասն ուսումնասիրել աշխատանքները:
Արկադի Սեւումյանը, նույն ինքը` նկարիչ AutodidattaAS-ը
Ներկայացված 26 կտավն ու պաստելային երեք աշխատանքն AutodidattaAS-ը նկարել է 2012 թվականի ընթացքում: Նա կտավի վրա առաջին անգամ նկարել է նախորդ տարեսկզբին. “Չորս միրգ եւ լույս” կոչվող այդ աշխատանքը եւս ներկայացված է ցուցահանդեսին:
Արկադի Սեւումյանի աշխատանքները կարծես ոգեշնչված են մեզ շրջապատող յուրաքանչյուր իրից եւ երեւույթից: Իտալիայի տարբեր քաղաքները պատկերող կտավները այցելուներին տարան դեպի երազանքների աշխարհը, իսկ ֆուտբոլային խաղ դիտողների տեսարան, կամ թավաներ ներկայացնող կտավներն անմիջապես վերադարձրին իրականության զգացումը: Այս ամենի հետ մեկտեղ AutodidattaAS-ի աշխատանքները հայրենասիրությամբ են շնչում. կտավները ուշադիր զննողները հաստատ նկատել են հայկական դրոշի գույներով փուչիկները, կամ երեխայի այտին պատկերված Հայաստանի դրոշը:
Արկադի Սեւումյանի` AutodidattaAS-ի կտավներից
“Միշտ նկարում էի մատիտով, հետո որոշեցի յուղաներկով նկարել սովորել: Մոսկվայի գեղարվեստական ստուդիայում դասընթացների մասնակցեցի, որտեղ աշխատող դասախոսները հավանեցին մատիտով նկարած աշխատանքներս, նույնիսկ, որպես օրինակ, մյուս դասարաններում ցուցադրեցին, ինձ էլ ասացին, որ ես արդեն կայացած նկարիչ եմ: Երեք դասի մասնակցեցի, որից հետո նկարներս ներկայացվեցին մասնագիտական կրթություն չունեցող նկարիչների համար կազմակերպված ցուցահանդեսին”,-ասել է նա:
Արկադի Սեւումյանի` AutodidattaAS-ի կտավներից
Արկադի Սեւումյանը պատմել է նաեւ, որ նկարչի է վերածվում երեկոյան ժամը 20:00-ից հետո: Իտալական ապրանքներ ներմուծող ընկերության ներկայացուցիչ ու բիզնեսմենը նշել է հետեւյալը. “Նկարչությունն ինձ համար հոբբի չէ, պահանջ է: Երեկոյան ուզում եմ մոռանալ աշխատանքս ու նկարել: Զբաղվելով բիզնեսով ու շատ ճանապարհորդելով` հասցնում եմ ամենուրեք նկարել` գնացքում, սրճարաններում”:
Արկադի Սեւումյանի երեւանյան առաջին ցուցահանդեսին
Երեւանյան ցուցահանդեսից հետո AutodidattaAS-ի աշխատանքները կուղեւորվեն Լացիո` մասնակցելու եւս մեկ ցուցահանդեսի: Նկարիչը նաեւ հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին նկարները կցուցադրվեն Շուշիում:
Այժմ գտնվելով Երեւանում` Արկադին խոստովանում է, որ շատ է ոգեշնչվել. “Արդեն գիտեմ, թե ինչ եմ նկարելու: Հենց որ Մոսկվա վերադառնամ, անպայման կտավին եմ հանձնելու ոգեշնչումս”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: