Հունիսի 22-ին “Dorians” -ի երկրպագուներից շատերը հավաքվել էին “Yans Music Hall”-ում` նշելու սիրված ռոք-խմբի ծննդյան 5-ամյակը եւ վայելելու իրենց համար նախատեսված նվերը` համերգի տեսքով:):
Dorians-ը նշել է 5-ամյակը
Սրահում տիրող տրամադրությունը հենց սկզբից չափազանց բարձր ու տոնական էր: Հիանալի էներգետիկա էին փոխանցում խմբի տղաները` Արման Փահլեւանյանը, Գագասը, Էդգար Սահակյանը, Արման Ջալալյանը եւ մասնավորապես վոկալիստ Գոռ Սուջյանը, որը բեմից շփվում էր իրենց սիրելի հանդիսատեսի հետ, անգամ կատակելու ժամանակ գտնում:):
“Dorians”-ը, խոստացվածի պես, մի քանի ժամ շարունակ կատարեց ինչպես հայտնի ու սիրված երգեր սեփական, այնպես էլ “Led Zeppelin”-ի եւ “Queen”-ի երգացանկից. չէ՞ որ 2008 թվականի հունիսի 21-ին հայկական ռոք-խումբը ծնվել է որպես քավեր-բենդ` մեծամասամբ կատարելով վերոնշյալ խմբերի երգերի քավեր-տարբերակները:
Գոռ եւ Եվա Սուջյանները
Տոնական համերգին որպես հատուկ հյուր “Հայաստան” երգով հանդես եկավ Գոռի քույրը` Եվա Սուջյանը.“Յուրաքանչյուրդ իմ հարազատ եղբայրն է, ձեզ շատ եմ սիրում: Տաղանդ եք ու շատ մեծ բեմերի եք արժանի. դրանք դուք կունենաք”,-դիմելով խմբի տղաներին` ասաց երգչուհին:
Ներկաները հնարավորություն ունեցան նաեւ վայելել քույր ու եղբայր Սուջյանների կատարմամբ “Amazing Grace” ստեղծագործությունը: Երեկոյի ընթացքում հանդիսատեսը եւս մեկ անգամ ապացուցեց, որ “Dorians”-ի երգացանկից ամենից սիրվածը “Ես կուլամ”-ն է. սրահում ներկա իգական սեռի ներկայացուցիչներից մեկը բարձրաձայնեց, որ ցանկանում է այս երգը լսել, Գոռն էլ արձագանքեց.“Դե որ ասել ես, հիմա կերգես:)”, ու բոլորը միաձայն սկսեցին երգել..:
Գագասը եւ Գոռ Սուջյանը
Որոշ ստեղծագործություններ կատարելուց առաջ Գոռ Սուջյանը ներկայացնում էր դրանց նախապատմությունն ու անցած ճանապարհը: Այդ երգերի թվին էր պատկանում “Fly”-ը.“Սա մեր առաջին սինգլն է, որով էլ 2009 թվականին մասնակցեցինք “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլին: Հետո այն տեղ գտավ մեր առաջին CD-ում, որն էլ կրեց հենց նույն անունը”: “This is Օur World”-ի մասին երգիչը հետեւյալն է ասել.“Այս երգով էլ պատրաստվում էինք մասնակցել 2012 թվականին կայանալիք, բայց արդեն ողորմածիկ “Եվրատեսիլ”-ին:)”:
Համերգը եզրափակող “եվրատեսիլյան” “Lonely Planet”-ը հնչեցնելուց առաջ Գոռը, սովորության համաձայն, աջակցության համար շնորհակալություն հայտնեց “Black Sabbath” խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմիին, “Deep Purple”-ի վոկալիստ, ռոք-աստղ Իէն Գիլանին, “System of a Down”-ի վոկալիստ Սերժ Թանգյանին եւ, իհարկե, բոլոր ներկաներին: Այս կատարման ժամանակ որոշ ներկաներ, այլեւս չկարողանալով զսպել իրենց ոգեւորվածությունը ու հույզերը, ոտքի կանգնեցին ու սկսեցին պարել:
Արման Ջալալյանը
Երգի ավարտից հետո անդադար հնչող բրավոներով ու ծափահարություններով, սակայն, տոնական երեկոն չավարտվեց, քանի որ “Dorians”-ը եւս մեկ անակնկալ էր պատրաստել ներկա 10 երջանիկների համար: Տղաները հայտարարեցին, որ “եվրատեսիլյան” թոհուբոհից հետո մնացել է “Lonely Planet”-ի ընդամենը 10 պրոմո-CD, որոնք կնվիրեն: Ճիշտ է` ցանկացողների թիվը գերազանցում էր ձայնասկավառակների թվին, բայց դրանցից մեկն, ըստ ստեղնահար Արմանի, բաժին հասավ ամենաակտիվ հանդիսատեսին, իսկ մնացածը նրանց, ովքեր ամենից արագ հասցրին մոտենալ բեմին:):
Dorians-ը նշել է 5-ամյակը
Այսպիսով, “Dorians”-ի ծննդյան կապակցությամբ անակնկալներն ու նվերները լի էին հատկապես խմբի երկրպագուների համար, բայց, իհարկե, տղաներն էլ ստացան դրական էներգիայի նոր չափաբաժին:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: