Լոսանջելեսաբնակ Ջեքն ու Ջորջը, իսկ ավելի հայեցի ասած` Հակոբն ու Գեւորգն աշխատասիրության շնորհիվ հասել են իրենց ամերիկյան երազանքին:): Քեշիշյան եղբայրներն այսօր տնօրինում են “Platinum Motorsport” ընկերությունը, որի կողմից թյունինգավորված ավտոմեքնենաներ վարում են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Դեւիդ Բեքհեմը, Քրիս Բրաունը, Լինդսի Լոհանը, Փերիս Հիլթոնը եւ այլք: Օրերս առաջին անգամ Հայաստան այցելած եղբայրները BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցի ընթացքում պատմել են հայրենիքից ստացած տպավորությունների, անցած ճանապարհի, իրենց հաճախորդների մասին եւ ոչ միայն:
-Տղանե′ր, առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք ձեր հայրենիքից:
Ջորջ. Ասես այստեղ ծնված լինենք: Խորթություն ընդհանրապես չենք զգում: Մանավանդ, որ հրավերը ստացել ենք մեր լավ ընկեր ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի կողմից, ամեն ինչ էլ ավելի հարազատ է: Միանշանակ Միացյալ Նահանգներ վերադառնալու ենք վառ տպավություններով ու կրկին հայրենիք գալու հույսով:
Ջեք. Հայաստան գալու ցանկություն միշտ էլ ունեցել ենք, սակայն գործի բերումով երբեք չի հաջողել այցելել: Ուրախ ենք, որ ի վերջո հնարավորություն ունեցանք գալ մեր հայրենիք:
-Ծնվել եք Միացյալ Նահանգներում, հայկական դպրոց չեք հաճախել, բայց տիրապետում եք հայերենին, անգամ տիպիկ երեւանյան արտահայտություններ եք կիրառում ձեր խոսքում:
Ջորջ. Այո′, հայրս արգելել էր տանն անգլերեն խոսել:
Ջեք. Անգամ դպրոց գնալիս անգլերենը մեզ խորթ էր: Ասես ծնված լինեինք Հայաստանում, բայց ստիպված Միացյալ Նահանգներում դպրոց հաճախել:):
“Platinum Motorsport”-ի թյունինգավորած ավտոմեքենաներից
-Երեւում է` բավական խիստ հայրիկ ունեք :):
Ջորջ. Մեր բոլոր նվաճումների համար միայն նրան ենք շնորհակալ: Իր խստությամբ նա մեզ ընտրության առջեւ էր կանգնեցրել. պետք է սովորեինք, կամ էլ` աշխատեինք: Այլընտրանք չկար: Մենք էլ դպրոցը ավարտելուն պես գործի անցանք: Ոլորտը մեզ ծանոթ էր, մանկուց երկար ժամանակ էինք անցկացրել հորս արհեստանոցում:
-Իսկ ինչպիսի՞ն է նախապատմությունը:
Ջեք. Հայրս ԱՄՆ է տեղափոխվել 80-ականներին` դատարկ գրպաններով: Ամեն ինչ զրոյից սկսելով ու բազմաթիվ դժվարությունների առաջ կանգնելով` նա կարողացել է բացել մի արհեստանոց, որի հիման վրա այսօր գործում է “Platinum Motorsport”-ը, ինչի շնորհիվ էլ մենք համաշխարհային ճանաչում ենք ձեռք բերել: Իհարկե, սկզբնավորման տարիներին` 1997-1998 թվականներին, բազմաթիվ դժվարությունների հանդիպեցինք. երիտասարդ էինք, մեզ չէին վստահում, բայց հետզհետե կարողացանք աճել ու կայանալ:
"Platinum Motorsport”-ի հիմնադիրներ Ջորջ եւ Ջեք Քեշիշյանները
-Ինչո՞ւ հենց “Platinum Motorsport”: Ի՞նչ պատմություն է թաքցնում այս մետաղը:
Ջեք. Պլատինն ամենաազնիվ ու ամենաթանկ մետաղն է: Անվանումն էլ հորինել ենք, երբ դեռ փոքր էինք: Ուղղակի “հզոր” անուն էինք ուզում ստեղծել, ստացվեց, հետագայում էլ կիրառվեց :):
-Ձեր թյունինգավորման ծառայություններից օգտվում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են` Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Դեւիդ Բեքհեմը… Կշարունակե՞ք ցանկը:
Ջորջ. Հավատացեք` ցանկն այնքան մեծ է, որ ավելի հեշտ կլինի նշենք այն մարդկանց անունները, որոնք մեր ծառայություններից չեն օգտվել. օրինակ` Ջեյ Զին…
Ջեք. Ջեյ Զին այն թիթիզ սեւականներից է, որն ուզում է ավտոմեքենան իր օրիգինալ տեսքով վարել:):
“Platinum Motorsport”-ի թյունինգավորած ավտոմեքենաներից
-Երբեւէ որեւէ մեկին ավտոմեքենայի ամբողջական թյունինգավորում որպես նվեր մատուցե՞լ եք:
Ջորջ. Միայն որոշ ծառայություններ ենք նվեր արել, որ սովորություն չդարձնեն :):
-Իսկ ազատ ժամանակ ունենո՞ւմ եք եւ ինչո՞վ եք զբաղվում:
Ջեք. Տարիներ առաջ ազատ ժամանակ ընդհանրապես չունեինք. օր ու գիշեր աշխատում էինք… Այսօր արդեն ազատ ժամանակ էլ ենք ունենում ու այդ ընթացքում հիմնականում մարզվում ենք` մեզ ենք թյունինգավորում:):
Ջորջ. Մարզումների ժամանակ էլ հանգստանում ենք. գոնե մեկ ժամ հեռախոսազանգերի չենք պատասխանում: Երկուսս էլ 3 հեռախոս ունենք, բայց գործնական այնքան զանգեր ենք ստանում, որ դրանք էլ չեն բավարարում:
"Platinum Motorsport”-ի համահիմնադիր Ջորջ Քեշիշյանը
-Տղանե′ր, ծանոթանալով ձեր պատմությանը, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ հասել եք ձեր “ամերիկյան երազանքին”:
Ջորջ. Հաշվի առնելով այն բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել ենք, ու այն ամենն, ինչ այսօր ունենք` վստահաբար կարող ենք ասել` այո′, հասել ենք:):
Հ.Գ. Բրիտանական “Bentley Motors” ընկերությունը մոտ ապագայում “Platinum Motorsport”-ի դիզայնով սահմանափակ քանակությամբ ավտոմեքենաներ է արտադրելու, ինչը մեծ ձեռքբերում է Հակոբ եւ Գեւորգ Քեշիշյանների համար:
BRAVO.am-ը մեր հայրենակիցներին նորանոր հաջողություններ է մաղթում:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: