Լոսանջելեսաբնակ հայ ռեփեր VM-ը` Վահե Մնացականյանը, ստեղծագործում է “VMism” ոճում, որը հենց ինքն է հեղինակել: Նա BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ VMism-ն իր ինքնությունն է. “Իմ արվեստի առանձնահատկությունների համադրությունն է` արտահայտված այն երաժշտությամբ, լիրիկայով ու առաքմամբ, որը հատուկ է միայն ինձ: Հիմա ինձ շատ հեշտ է նկարագրելը. ընդամենը մեկ բառ` “VMism””:
Լոսանջելեսաբնակ ռեփեր Վահե Մնացականյանը
Վահեն ծնվել է Երեւանում, 8 տարի առաջ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ ու մինչ օրս բնակվում է այնտեղ: Երաժշտության ոլորտում քայլեր արել է դեռ պատանի հասակից, սակայն գործունեությունը սկսել է որպես պրոդյուսեր` հիմնադրելով երգարտադրությամբ զբաղվող “VM Music Empire”-ը:
Ռեփերի երգերում շոշափվող բոլոր թեմաներն ուղղակիորեն ասոցացվում են իր կյանքի հետ, որոնցից BRAVO.am-ում ներկայացվել են “If I’m Wrong” տեսահոլովակը եւ Շպռօտի հետ կատարած “Ամեն օր” -ը:
Ռեփեր VM-ը
Հետաքրքրական է, որ չնայած` VM-ը բնակվում է ԱՄՆ-ում, մեծ մասամբ ստեղծագործում է հայերենով. “Ինձ համար գերխնդիր է պահպանել ինքնությունս, մնալ հայ: Հայն ինձ համար ուղղակի ազգային պատկանելություն չէ, այն մի ամբողջ պատմություն է իմ ուսերին, որը պարտավոր եմ պահել ամուր հիմքերի վրա: Ինձ համար ավելի կարեւոր բան չկա, քան իմ գենոֆոնդն ու արմատները, որոնց բացակայության դեպքում գոյություն չէի ունենա: Այդ իսկ պատճառով իմ պարտքն եմ համարում հայերենով ստեղծագործել: Սակայն պետք է նշեմ, որ անգլերենով էլ փորձում եմ խոսքս հասցնել այն մարդկանց, որոնք հայախոս չեն”:
VM-ին շատ են հուզում այն հայերը, ովքեր չեն ցանկանում խոսել հայերեն. “Չեմ ընդունում հայերեն չխոսելու ոչ մի արդարացում”: Այս ռեփերին հուզող խնդիրների թվին է պատկանում նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայիս վիճակը. նա չի կարողանում հասկանալ, թե ինչքան քաղքենի ու ոչ պրոֆեսիոնալ կարող են հանդես գալ ոլորտի որոշ ներկայացուցիչներ, այն դեպքում, երբ նրանք այսօր կամա թե ակամա ներկայացնում են մի ամբողջ երկրի մշակույթ:
Ռեփեր VM-ը
“Իհարկե, հասկանում եք, որ խոսքս բոլորին չի վերաբերում, այլ այն նեխած զանգվածին, որն ապահովում է հայկական “ցուցաբազարի” կեղտը: Ու պատկերացնում եք, թե ինչ դրսեւորումներ կունենային վերոնշյալ զանգվածի ներկայացուցիչները, եթե հայկական “ցուցաբազարի” բյուջեն լիներ բազմամիլիարդանոց. քիչ փողով կեղտը համեմատաբար քիչ է, շատ փողի դեպքում չեմ էլ ուզում պատկերացնել` ինչ կլինի”,-ասել է VM-ը:
Ունենալով նման գնահատական հայկական շոու-բիզնեսի նկատմամբ` VM-ն իրեն դրա մասն է համարում: Ըստ նրա` ջուրը մտնողը թրջվում է. “Իսկ միակ տարբերությունն իմ ու հայկական “ցուցաբազարի” հայաստանաբնակ ներկայացուցիչների միջեւ ընդամենը 12 ժամն է”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` VM-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: