×


«Այդպես էլ չսովորեցի չհուզվել». Աշոտ Ղազարյանի 70-ամյակի երեկոն Երեւանում, հայտնի հյուրերն ու շոուն

Հայկական աստղաբույլը երեկ մեկ մարդու նման հավաքվել էր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Շոու-բիզնեսի շատուշատ դեմքեր, ջերմ հայացքներ, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ` եւ այս ամենն ուղղված էր Աշոտ Ղազարյանին: Հայտնիներից շատերն էին նշում, որ նրան բնութագրել եւ նկարագրել հարկավոր չէ, պարզապես բավական է ասել Աշոտ Ղազարյան, եւ ամեն բան պարզ է: Դերասանն իր շուրջն էր հավաքել բոլորին 70-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական երեկոյի շրջանակում: Շատերն էլ հենց իրենք էին ցանկություն հայտնել մասնակցել համերգային ծրագրին, իրենց կատարումներով շնորհավորել դերասանին ու նրա կողքին լինել: BRAVO.am-ը եւս ներկա է եղել միջոցառմանը, զրուցել նրա, ինչպես նաեւ հյուրերի հետ, բեքսթեյջ լուսանկարներ արել եւ ֆիքսել համերգային ծրագրի ուրախ պահերը:

Աշոտ Ղազարյանը եւ Գրիշա Աղախանյանը


Մինչ հետնաբեմում բոլորը պատրաստվում էին իրենց ելույթին, դերասանն առանձնացել էր ու հանդիսատեսին ողջունելուց առաջ փորձում էր հոգեպես տրամադրվել: Բաց չթողնելով պահը՝ զրուցեցինք նրա հետ եւ փորձեցինք ճշտել, թե ինչպիսի զգացողություններ ունի. «Ընդհանրապես նշանակություն չունի, որ արդեն 70 տարեկան եմ, հուզմունք ու միայն հուզմունք եմ զգում: Երբ առաջին անգամ բեմ եմ բարձրացել, սարսափելի հուզմունք եմ ապրել, շուրջ մի քանի անգամ «Հայր մերն» արտասանել: Ես այդպես էլ չսովորեցի չհուզվել, եւ ամեն անգամ բեմ դուրս գալիս կարծես առաջին անգամը լինի»,-խոստովանել է նա:

Հարցին՝ որքան ժամանակ է, ինչ պատրաստվել են համերգային ծրագրին, եւ ինչ սկզբունքով են ընտրել մասնակիցներին, հումորիստ-դերասանը պատասխանել է.«Վերջերս Մոսկվայում էի համերգ կազմակերպել, եւ այստեղ շատերը կեսկատակ ասացին՝ իրենք չեն կարողանում Մոսկվա գնալ, ծննդյանս նվիրված մեկ համերգ էլ Երեւանում պատրաստենք, եւ կլինի արդեն շուրջ 2 ամիս, ինչ մենք զբաղվում էինք կազմակերպչական հարցերով: Իսկ ներկաներից շատերն իրենք են ցանկություն հայտնել մասնակցել ու շնորհավորել ինձ, ոմանց մենք ենք հրավիրել, բայց ես այդքան էլ տեղյակ չեմ այդ կազմակերպչական հարցերից, քանի որ ավելի շատ զբաղված էի ստեղծագործական հատվածով: Իհարկե, բարդ գործ է կազմակերպել նման մեծամասշտաբ համերգային ծրագիր, ու ես անչափ շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին՝ այս կարեւոր օրը կողքիս լինելու համար»:

Աշոտ Ղազարյանը՝ տիկնոջ հետ


Երեկոն մեկնարկեց նախօրոք նկարահանված հուզիչ տեսանյութով, որտեղ Աշոտ Ղազարյանն, ընկած մտորումների մեջ, թերթում էր լուսանկարների ալբոմն ու աչքի առջեւով հերթով անցնում էին կյանքի ամենատարբեր էտապներ: Տեսանյութն ուղեկցող դերասանի խոսքը հուզիչ էր. նա պատմում էր իր աշխատանքային ուղու, կյանքի ամենամեծ ձեռքբերման` կնոջ, երեխաների ու թոռնիկների մասին: Ինչպես նա էր նշում, անչափ երջանիկ է ու գոհ իրեն բաժին հասած բախտից:

Հաջորդիվ երաժշտական ու հումորային համարներն էին: Բեմի անկյունային հատվածում դրված սեղանի շուրջ նստած էր հոբելյարն ու վայելում էր արտիստների կատարումներն ու հանդիսատեսի սերը: Երեկոն վարեցին Գրիշա Աղախանյանը, Հրանտ Թոխատյանն ու Լեւոն Հարությունյանը, իսկ իրենց երգերով Աշոտ Ղազարյանին շնորհավորեցին Էրիկը, Սիլվա Հակոբյանը, Գարիկն ու Սոնան, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Արամեն, Աշոտ Ղազարյանի թոռնիկները, Գրիգորի Եսայանն, ով հատուկ Մոսկվայից ժամանել էր համերգին ներկա լինելու համար, եւ այլք:

Սոնան եւ Լեւոն Մալխասյանը


Համերգային ծրագրից առաջ զրուցել ենք նաեւ հայտնիներից մի քանիսի հետ, ովքեր իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքները հղեցին դերասանին:

Գրիշա Աղախանյան. «Աշոտի հետ ցանկացած հանդիպում, շփում լավ տրամադրություն է հաղորդում, եւ օրվա մեծ մասն անցնում է այդ տրամադրությամբ, ու դա հենց իր շնորհիվ է: Առողջություն եմ մաղթում: Մենք՝ արտիստներս, մի քանի անգամ ամուսնացել-բաժանվել ենք, իսկ Աշոտն ունի անչափ օրինակելի ընտանիք, լավ կին, լավ երեխաներ ու թոռնիկներ»:

Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը եւ Սիլվա Հակոբյանը


Ռաֆայել Երանոսյան.«Իրականում բոլորը նրան ասոցացնում են հումորի հետ, սակայն նա ավելի լուրջ, խոր ներաշխարհ ունի: Աշոտ Ղազարյանի հետ աշխատել ենք, շատ անգամ երկրից դուրս հյուրախաղերի գնացել, եւ ոչ մի անգամ նրա հետ ճանապարհը տխուր չի անցել: Նա ե՛ւ ճանապարհի, ե՛ւ բեմի լավ ընկեր է»:

Անդրանիկ Հարությունյան.«Կարելի է ընդամենն ասել՝ Աշոտ Ղազարյան, եւ ամեն բան արդեն պարզ է»:

Գարիկ Պապոյան.«Ես չեմ հիշում որեւէ ժամանակ, երբ Աշոտ Ղազարյանին չեմ ճանաչել: Իմ ամենամանկական տարիքից նա կա մեր բոլորի կյանքում: Առանց նրա չեմ էլ պատկերացնում, քանի որ միշտ եղել է ու կլինի: Միասին շատ ենք ունեցել հետաքրքիր դեպքեր: Ինձ համար դեռ երազանք էր նրա հետ շփվելը, սակայն մի օր բախտ ունեցա նրա հետ նկարահանվել «Մեր բակը» ֆիլմում: Աշխատանքային մթնոլորտում նա ֆանտաստիկ անձնավորություն է, նրա նման երկրորդին չեմ ճանաչում: Շատ եմ սիրում նրան ու մաղթում եմ միմիայն առողջություն»:

Համերգը նախաձեռնել էր «Euromusic Entertainment» ընկերությունը, որի գլխավոր պրոդյուսերն ու նախագծի հեղինակն է Տարոն Պողոսյանը:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport