Ամառային այս ամիսները կարելի է հագեցած անցկացնել ու լցնել գրքերով, մրգային դոնդողով, Հայաստանի տեսարժան վայրերով եւ շատ քայլելով: Հենց այդպես է վարվելու Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կոստանյանը:
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:
- Ինձ համար յուրաքանչյուր եղանակ ունի իր գեղեցկությունն ու յուրահատկությունը: Չկա մեկը, որ չեմ սիրում: Ամառը սիրում եմ նաեւ այն պատճառով, որ հիմնականում արձակուրդի շրջան է: Բոլորս էլ սիրում ենք ակտիվ աշխատանքային օրերից հետո հանգստանալ:
- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։
- Սիրում ենք ընտանիքով կազմակերպել մեր հանգիստն ու ավելի շատ շփվել բնության հետ:
- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:
- Պետք է խոստովանեմ՝ շոգին աշխատելն ավելի դժվար է:
- Ամենաանմոռանալի ու թեժ ամառը:
- Երեւի, այն ամառները, որոնց ընթացքում աշխատել եմ նոր ներկայացման վրա, կամ էլ ճամփորդել եմ:
- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:
- Հիմնականում ընտանիքիս հետ եմ անցկացրել:
- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:
- Լավագույն հիշողությունները կապված են հենց այդ օրերի հետ: Մանկուց սիրել եմ ջուրն ու սիրածս հիշողություններն ափերի հետ են կապված՝ ծովափ, գետափ:
- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը:
- Դեռ շատ բան չեմ հասցրել. նոր ներկայացման պրեմիերա ունեի, հանձնեցինք:
- Ամառային սիրելի ուտելիքները:
- Բանջարեղենային թեթեւ աղցան եւ, իհարկե, պաղպաղակ:
- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:
- Մրգային դոնդողներ այս տարի հաճախ եմ պատրաստում ու նաեւ շատ եմ սիրում: Դոնդողի մեջ, սովորաբար, մրգեր են լցնում, բայց առաջարկում եմ փորձել նաեւ չրերով: Ինձ համար բացահայտում էր: Շատ եմ սիրել: Հեշտ, արագ եւ օգտակար աղանդեր է:
- Զովանալու տարբերակներ:
- Ջուրն իր բոլոր ձեւերով՝ խմել, լողալ:
- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:
- Գերադասում եմ գիրքը, որովհետեւ կարող ես մաքուր օդին, ծառի տակ ամառն ու բնությունը վայելելով կարդալ, իսկ ֆիլմերն ու սերիալներն այդ հնարավորությունը չեն տալիս:
- Լավագույն գրքերը առման մասին:
- Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը»:
- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:
- Շատ են: Երեւի, ամռան հետ կապված առաջին վայրը Սեւանն է, բայց վերջին տարիներին Հայաստանի տարբեր մարզեր այցելելով՝ հասկացել եմ, որ ամեն վայր իր հետաքրքրությունն ունի, եւ հիմա նույնիսկ չեմ կարող ընտրել:
- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:
- Փորձում եմ քայլել, որքան հնարավոր է: Իհարկե, առողջ սովորությունս երեկոյան ժամերին չուտելն է ու բավարար ջուր խմելը: Ու, երեւի, այն, որ անառողջ սովորություն չունեմ:
- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:
- Արեւը, ջերմությունը, բայց, իհարկե, ոչ շոգը (ծիծաղում է,- հեղ.):
- Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:
- Կատարյալ է, երբ կարող եմ ճամփորդել:
- Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:
- Վերջին շրջանում հիմնականում ստացվում է: Ցանկություն է պետք:
- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:
- Կարծում եմ՝ հանգիստս Հայաստանում կկազմակերպեմ:
- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս 2,5 ամսվա ընթացքում:
- Հանգստանալ:
- Ինչի՞ բույրն առնել:
- Ծովի:
- Ի՞նչ շոշափել:
- Տաք ավազը:
- Ի՞նչ դիտել:
- Խաղաղ երկինքը:
- Որտե՞ղ լինել:
- Այնտեղ, ուր քեզ սիրում են:
- Ո՞ւմ գրկել պարտադիր:
- Ներել եւ գրկել նրան, ում փորձում ես ներել, նրան, ով ունի քո կարիքը, եւ ում կարիքը դու ունես:
- Ի՞նչ սովորել:
- Այն, ինչն իսկապես ոգեւորում է: Երբեք ուշ չէ նոր բան սովորել:
- Կարդալ:
- Աստվածաշունչ:
- Լսել:
- Մարդկանց իսկապես լսել:
- Ի՞նչ չթաքցնել:
- Ճշմարտությունը:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լուսինե Կոստանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: