×


«Երկու անգամ մի քանի ժամով մոլորվել եմ». Լիա Զախարյանի իտալական արկածները

Լիա Զախարյանը երեկ է վերադարձել ճամփորդությունից: Դերասանուհին ամառային արձակուրդն անցկացրել է Իտալիայում: Անմոռանալի օրերի մասին նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Երկրի ընտրությունը մոտ երկու տարի առաջ էի կայացրել: Մտածում էի` եվրոպական առաջին երկիրը, որ պետք է տեսնեմ` Իտալիան է: Ընկերներս` Արթուրն ու Բելլան, ովքեր այնտեղ են բնակվում, ինձ հաճախ հրավիրում էին` ասելով, որ չեմ փոշմանի»,- նշել է Լիան:

Լիա Զախարյանը


Դերասանուհին իտալական մի քանի խոշոր քաղաք է այցելել.«Հասցրել եմ լինել Հռոմում: Գնացել եմ Վատիկան, եղել եմ Հռոմի պապի նստավայրում, կանգնել եմ այն պատշգամբում, որտեղից նա իր ուղերձն է հղում մարդկանց: Չեմ կարող նկարագրել ապրումներս. հոգիս ու սիրտս մաքրվել էին, թեթեւացել, նոր շունչ էր եկել վրաս: Ամեն մի քայլիս զգում էի, որ շատ կարեւոր ու սուրբ վայրում եմ, ու որ ինքս էլ օրհնված եմ: Երեկոյան Վատիկանն անզուգական է: Ցայտաղբյուրից օրհնված ջուր եմ խմել»:

Նա պատմելու այնքան բան ունի:).«Հռոմի թանգարանները հրաշք են: Չեմ կարող նկարագրել` ինչ քանդակներ, նկարներ կան այնտեղ: Միքելանջելոն ուղղակի հեքիաթ է ստեղծել: Ճարտարապետությունը, շենքերը, քարերը, նեղ փողոցների կառուցվածքները, ամեն ինչն անկրկնելի է:
Ասեմ, որ Հռոմի օդը յուրօրինակ հոտ ունի, շատ հաճելի ու հանգստացնող հոտ: Եղա Կոլիզեում, այն շատրվանների մոտ, որտեղ հաջողության կոպեկներ են գցում»:

Լիա Զախարյանը


Լիան լավ ժամանակ է անցկացրել նաեւ երկրպագուների հետ.«Երբ սկսեցի նկարներ հրապարակել Հռոմից, այնտեղ ապրող իմ երկրպագուները գրեցին ու հրավիրեցին միասին զբոսնելու: Նրանք ինձ շատ օգնեցին, պատմական արժեք ունեցող վայրեր տարան, մշակույթը ներկայացրին ու գեղեցիկ լիքը նվերներ տվեցին»:

Խենթությունների պակաս չի ունեցել.«Հայ ընտանիքի ու նրանց ընկերների հետ Հռոմի փողոցներում բարձր երգում էինք հայերեն, բղավում, որ հպարտ ենք հայ լինելու համար, պարում էինք: Մեզ նաեւ մի հայ ընտանիք միացավ, ու տեսնեիք, թե ինչ ուրախ տեսարան էր:

Հռոմում ու Ֆլորենցիայում երկու անգամ մի քանի ժամով մոլորվել եմ ու նոր մի շարք վայրեր բացահայտել»,- պատմել է նա:

Լիա Զախարյանը


Ֆլորենցիան նույնպես հիացրել է դերասանուհուն.«Այս քաղաքում էլ մեծ մասը հսկա եկեղեցիներ ու թանգարաններ են: Եղել եմ Դանթեի եւ այլ թանգարաններում: Տեսել եմ Միքելանջելոյի «Դավիթ» քանդակը: Ֆլորենցիայում սթեյք եմ փորձել, հայտնի պաղպաղակների խանութից համով պաղպաղակ եմ համտեսել»:

Նա եղել է նաեւ Վենետիկում, Ռիմինիում, Սան Մարինոյում եւ Ուդինեում. «Ուդինեում տեսակցել եմ ընկերներիս ու մի քանի օր էլ նրանց հետ ուրախ ժամանակ անցկացրել»:

Լիան ակտիվ հանգստի կողմնակից է.«Պառկել, քնել, ուտել, հեռուստացույց նայել, հետո դարձյալ պառկելն իմը չէ: Ես ակտիվ քաղաքներ եմ սիրում, նոր բաներ տեսնել, համեղ ուտեստներ փորձել եմ սիրում, տարբեր իրավիճակներում հայտնվել, տարբեր վայրեր բացահայտել եմ սիրում»:

Լիա Զախարյանը


Նա ճամպրուկներով ծանրաբեռնված է վերադարձել.«Գնումներ անելը շատ մեղմ է ասված, ես կասեի՝ մեգա գնումներ եմ արել ու ստիպված եղա նախատեսված քաշի փոփոխություն անել: Եթե քաշի խնդիրը չլիներ, ավելի շատ գեղեցիկ ու համեղ բաներ կբերեի ինձ հետ: Մեծ մասը նվերներ են մտերիմներիս համար: Համեմունքներ եմ բերել, պանիրներ, երշիկեղեն, գինի, հագուստ ու այլ աքսեսուարներ: Ու եթե հնարավորություն լիներ շատ բան բերելու, նույնիսկ պաղպաղակ կբերեի:)»,- եզրափակել է Լիան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիա Զախարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport