×


«Մայրենիք». Սամվել Թադեւոսյանի նոր ներկայացման անսովոր ընթացքն ու հանդիսատեսի արձագանքը

Դերասաններն արդեն բեմում են, եւ կիսախավար ու թարթող լույսի ներքո սկսվել է ներկայացումը, երբ հանդիսատեսը հրավիրվում է դահլիճ: Այդպիսով նրանք նույնպես դառնում են ներկայացման գործողությունների մասնակիցն ու թատերական տարածքն ազատում են պայմանականություններից: Երբ բոլորն արդեն իրենց տեղերում են, մեկնարկում է ներկայացման բուն ընթացքը: «Գոյ» թատրոնի բեմում Սամվել Թադեւոսյանի բեմադրած «Մայրենիք» ներկայացման առաջնախաղն է:

Դերասանը, ում շատերը հիշում են «Կյանք ու կռիվ» ֆիլմում գլխավոր դերով, թեեւ նա դրանից հետո էլ նկարահանվել է հայտնի մի քանի նախագծերում, որոշել է այս անգամ ներկայանալ որպես ռեժիսոր: Ասում է՝ ներկայացման գաղափարը վաղուց ուներ, սակայն ժամանակի ընթացքում այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել՝ պայմանավորված հայաստանյան վերջին իրադարձություններով:

«Մայրենիք» ներկայացման պրեմիերային


«Բեմադրության միտքը կար թե՛ մինչեւ հեղափոխությունը, եւ թե՛ հեղափոխությունից հետո: Սկզբում ներկայացման մեջ կար վեց դերասան, թեման էլ մինչհեղափոխական Հայաստանի եւ մթնոլորտի մասին էր: Բայց հետո, երբ երկրում հեղափոխություն եղավ, մենք մեկ ամիս չէինք կարողանում ոչինչ անել: Ստեղծագործ ոչ մի վիճակ չկար, ոչ մի նոր շարժում չէր գալիս մտքներիս: Իսկ այն շարժումները, որ տեսաք բեմում, ստեղծվել են ինքնաբերաբար՝ մթնոլորտի եւ երեւույթի մեջ խորանալու շնորհիվ: Երբ հեղափոխությունը եղավ, մեզ մոտ ուրիշ էտապ սկսվեց. մեր գլխում անընդհատ պտտվում էին այն դեպքերը, որ Հանրապետության հրապարակում էին տեղի ունենում, եւ առհասարակ այն ռիթմը, որով Երեւանն ու ողջ Հայաստանը շնչում էին»,- պատմում է Սամվել Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե հասկացել են, որ իրենց ներկայացման մեջ շեշտը դրված է ժեստերի վրա՝ տեքստը դառնում է ժեստ, միտքը դառնում է ժեստ, իրավիճակը դառնում է ճիչ, եւ բովանդակությունը տանում է այն ամենին, ինչ մոտ մեկ ամիս տեղի է ունեցել փողոցներում.«Հասկացանք, որ այդ պահին մեզ հենց դա է հուզում որպես հեղինակ, որպես ստեղծագործող, եւ որոշեցինք տրվել այդ անկեղծությանը: Մեծ հաշվով օտարացանք այն ամենից, ինչ անում էինք վեց ամիս առաջ, եւ շատ բնական օտարացանք, շատ օրգանիկ ու եկանք այն ամենին, ինչ քիչ առաջ կատարվեց բեմում: Ուղղակի շատ էի ուզում այսպիսի ներկայացում անել՝ այս մտածողության մեջ»:

«Մայրենիք» ներկայացման պրեմիերային


Մոտ 45 րոպե տեւողությամբ ներկայացումը տարբերվում է իր ժանրային առանձնահատկությամբ, ոճով ու ձեւաչափով եւ կարող է նորություն լինել հայ հանդիսատեսի համար: Խոսելով այս մասին՝ Սամվելն ասաց, որ ինքը որեւէ ժանրային սահմանափակում չի դնում բեմադրության հիմքում, քանի որ այն ներառում է մի քանի տեխնիկա.«Դրանցից մեկը, օրինակ, ռեպետետիվ շարժման տեխնիկան է: Բացի այդ, Անրի Բերգսոն անունով մի ֆրանսիացի փիլիսոփա կա, ով շատ լուրջ աշխատություն ունի ծիծաղի մասին, եւ մենք այդպիսի պրակտիկաներ նույնպես ներմուծել ենք մեր բեմադրության մեջ: Եթե փորձենք մեկ տերմինով բնութագրել, ապա սա կկոչվի վիզուալ թատրոն»:

Նշենք, որ ներկայացման դերակատարները երեքն են՝ դերասաններ Վալենտինա Դավիթավյանը, Հարություն Հովհաննիսյանը եւ Բաբկեն Շահբազյանը: Սամվել Թադեւոսյանն ասաց՝ նրանք այն արտիստներն են, ովքեր տիրապետում են ձայնին, էներգիային, մարմնին, կիրթ են, բաց, անվախ, նայելու տեղ ունեն եւ դիտանկյուն: Նրանց կերպարները ներկայացման մեջ խաղում են հանդիսատեսի էմոցիոնալ եւ նյարդային թելերի հետ՝ անընդհատ կրկնվող շարժումների, ճիչերի, ծիծաղի եւ երբեմն-երբեմն ասվող խոսքերի միջոցով, որոնք նույնիսկ ամբողջական նախադասություն չեն դառնում եւ մտածելու տեղիք են տալիս: Խոսելով այս կերպարների մասին՝ դերասան-ռեժիսորը նկատեց, որ յուրաքանչյուրն իր ձեւով կարող է հասկանալ ու մեկնաբանել դրանք:

«Մայրենիք» ներկայացման պրեմիերային


«Եթե շատ պրիմիտիվացնենք կերպարային բացատրությունը, ապա երկու տղամարդ (որը կասկած է հարուցում՝ մեկ են, թե երկու), ամեն կերպ ցանկանում են իրենց հասանելի դարձնել այն կնոջը, ով պարբերական կրկնության մեջ է թե՛ կյանքում, թե՛ դիրքում, թե՛ շարժման եւ ռիթմի մեջ: Այդ տղամարդիկ գիտակցում են, որ կինը հղի է, եւ այն բովանդակությունը, որ կա նրա ներսում, իրենց պատճառով է: Ես, իհարկե, կարող եմ այս ամենի մասին ավելի մանրամասն պատմել, բայց ես նախընտրում եմ, որ ինձ պատմեն: Այսինքն՝ շատ բաներ ինքներս էլ դեռ չենք հասկանում, մենք էլ ենք մեզ շատ հարցեր տալիս, քանի որ ներկայացումն այնքան բնական է զարգացել»,- նշեց Սամվելը:

Իսկ ինչո՞ւ «Մայրենիք»: Խոսելով վերնագրի մասին՝ ռեժիսորն ընդգծեց, որ ներկայացումը պիես չունի, կա գաղափար, կա կոնցեպտ, եւ այդ կոնցեպտը փորձել են ձեւակերպել մեկ բառով: Ընդ որում՝ այդ բառը կոնֆլիկտի մեջ է շատ այլ տերմինների հետ.«Երբ հանդիսատեսը նայում է ներկայացումը, թող իրեն պարզապես հարց տա՝ իսկ ինչո՞ւ ոչ «Հայրենիք»: Ընդամենը: Մտածեք այդ հարցի շուրջ (ժպտում է,- հեղ.): Իսկ ինչ վերաբերում է ազդագրին, ապա այն հեղինակել է Նվարդ Երկանյանը: Իմ կարծիքով` ազդագիրը կատարյալ այս ներկայացման մասին է եւ դիտողին երկընտրանքի կամ նույնիսկ քառընտրանքի առջեւ է կանգնեցնում: Այն հանդիսատեսին ստիպում է դուրս գալ «կոմֆորտ զոնայից» եւ մտածել իր մասին, իր մարմնի կամ իր բովանդակության մասին»:

«Մայրենիք» ներկայացման պրեմիերային


Ներկայացման ավարտին հանդիսատեսի շարքերում կարծիքներ էին հնչում, որ իրենք դերասանուհու փոխարեն ուժասպառ եղան, երբ նա մոտ մեկ ժամ գրեթե նույն շարժումներն էր կատարում բեմի վրա: Վալենտինայից հետաքրքրվեցինք` ֆիզիկապես որքանով է բարդ նման դեր մարմնավորելը եւ արդյոք իր գործողություններն իրեն չեն հոգնեցնում ներկայացման ընթացքում: Դերասանուհին խոստովանեց, որ այժմ արդեն բացարձակ դժվար չէ` շնորհիվ պարապելու, շատ աշխատելու եւ մարմինը կրթելու.«Միայն վերջում, երբ ինձ մի քիչ տանջում են…»,- կատակեց է նա:

Հավելենք, որ «Մայրենիք» ներկայացումը «Գոյ» թատրոնի բեմում է լինելու նաեւ այսօր: Այնպես որ, դուք նույնպես կարող եք տեսնել երիտասարդ դերասանների համատեղ աշխատանքի արդյունքը, որը երեկ հանդիսատեսին մտածելու, զարմանալու եւ հոտնկայս ծափահարելու առիթ տվեց:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport