×


«Մեր հարաբերություններն օրինական են». Մարիամն ու Գոռն առաջին անգամ խոսում են իրենց կապի մասին

«Բացիր աչքերդ» սերիալը ճակատագրական է եղել Մարիամ Ալեքսանյանի եւ Գոռ Համբարձումյանի համար: Ծանոթանալով նկարահանման հրապարակում՝ նրանք մշտապես վիճել են, բայց ժամանակի ընթացքում այնքան են մտերմացել, որ չեն պատկերացրել իրենց կյանքն առանց այդ վեճերի:): Դերասաններն իրենց սիրո պատմության մանրամասները վստահել են BRAVO.am-ին՝ խոստովանելով նաեւ, թե ինչպես են գրավել միմյանց:

Առաջին հանդիպում

Մարիամ. Ծանոթացել ենք նկարահանման հրապարակում, թեեւ մինչ այդ գիտեի Գոռին եւ վախենում էի իրենից. միշտ հակակրանք եմ զգացել, բացասական էներգիա եմ ստացել: Առաջին օրվա մեր նկարահանումը լարված մթնոլորտում է անցել` իրար նյարդայնացնելով, վատ դրության մեջ դնելով: Մի խոսքով` երկուսս էլ շատ վատ տպավորություն էինք թողել միմյանց վրա:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


«Անկեղծ ընկերություն էինք անում»

Մարիամ. Նկարահանումների ժամանակ չէինք խոսում, որովհետեւ վերջում միշտ կռիվ էր լինում: Մեր համատեղ տեսարանները ժամերով էին նկարահանում. չէր ստացվում խաղալը: Այնքան կռվեցինք, որ վերջում առանց այդ կռիվների չէինք կարողանում օրն ավարտել: Սկսեցինք մտերմանալ, շատ մտերիմ ընկերներ դարձանք, անկեղծ ընկերություն էինք անում: Խոսելու թեմա միշտ ունեինք: Իսկ նկարահանումներից հետո միշտ, որպես մտերիմ ընկեր, ինձ տուն էր տանում, բայց մինչ տուն հասնելը, ինչքան գեղեցիկ վայր կար, գնում էինք: Ես էլ հիացած էի, որ նման տղա ընկեր ունեմ: Իսկ երբ ընկերուհուս տանն էի մնում, ուշ ժամի գալիս էր ինձ տեսնելու, եւ ես դրան շատ նորմալ էի նայում, մտածում էի` մտերիմ ենք, ուրիշ ոչինչ չի կարող լինել:

Կես տարի միասին

Մարիամ. Մի անգամ խոսակցություն ունեցանք, ասացի, որ իմ կողքին դերասան տղամարդու չեմ պատկերացնում, Գոռն էլ ասաց` ինքն էլ չէր ցանկանա, որ սիրելին դերասանուհի լինի: Եվ այսպես, մենք միասին ենք արդեն կես տարի. կես երջանիկ եւ փորձություններով լի տարի: Արի ու տես, որ ամեն բան մեր ուզածով չի լինում: Ընկերության առաջարկ չի եղել, ամեն բան ինքնաբերաբար է ստացվել:
Գոռ. Հասկացա՝ սիրում եմ Մարիամին, բայց մասնագիտությունն ինձ խանգարում էր: Հետո հասկացա, որ նրան վստահում եմ, միշտ կսատարեմ, այնպես որ` Մամաշոկ, դուխով:

Գոռ Համբարձումյանը եւ Մարիամ Ալեքսանյանը


Ինչպես հրապուրեցին միմյանց

Մարիամն ինձ համար տարվա 4 եղանակներն է: Վայ, Մարիամը մի ուրիշ փորձություն է եղել ինձ համար. դաժան «աշխարհներ» եմ անցել, բայց՝ պատվով: Սկզբում մտածում էի՝ ով է այս աղջիկը, նյարդերիս վրա է ազդում, անընդհատ կռվում էինք, բայց հետո զգում էի, որ առանց Մարիամի նկարահանումն անկապ է անցնում, հետո արդեն օրն էր առանց նրա անիմաստ: Զգում էի, որ ինձ մի ուրիշ աշխարհ է տանում, իսկ հենց այնտեղից հետ է բերում, վատանում եմ. ինձ այնտեղ լավ էի զգում, հասկանում էի, որ նրա նման աղջիկ չկա, չի եղել իմ կյանքում, չէ՞ որ նա խախտում է օրակարգս, ինձ հունից հանում է: Նրան լուսանկարներով էի տեսել, մտածում էի՝ երբ եմ հանդիպելու, ու մի «դժբախտ» օր հանդիպեցինք: Եվ այսօր էլ չեմ ուզում իրենից երբեք պոկվել, հեռու մնալ այն հիստերիկ աղջկանից, ով ինձ խելքահան է արել: Ես մոռանում եմ ամեն ինչ, երբ նրա կողքին եմ:

Գոռն ինձ գրավել է իր տղամարդկությամբ, ակտիվությամբ, բնավորությամբ եւ դրական էներգետիկայով: Նրա մեջ այնքան սեր կա, որ իմ սերը միշտ քիչ է լինելու: Սիրում եմ նրան իր տեսակի, իր սիրո համար: Իսկ ես գրավել եմ նրան, քանի որ շատ նպատակասլաց եմ եւ ձեզ հետ կկիսվեմ իմ գաղտնիքով. հենց սկզբից էլ նպատակ եմ ունեցել, որ նա սիրահարվի ինձ, քանի որ նկարահանման հրապարակում Մարիամին արհամարհելը լավ բանի չի հանգեցնի:):

Գոռ Համբարձումյանը եւ Մարիամ Ալեքսանյանը


«Գոռին դա դուր չի գալիս»

Մարիամ. Այս կես տարվա ընթացքում շատ բաների միջով ենք անցել, շատ հիշողություններ եւ գժական օրեր ենք ունեցել: Այնպիսի զույգ ենք, որ բավական է` երկուսով լինենք, մեր օրը լցվում է: Օրը պլանավորել չի ստացվում, քանի որ երկուսս էլ զբաղված ենք, բայց ամեն բան հասցնում ենք: Միասին ներկայացումներ ենք դիտում, ֆիլմեր քննարկում, միմյանց նյարդեր ուտում: Ազատ օրերին միշտ քաղաքից դուրս ենք գնում, մաքուր օդ շնչում, նաեւ միասին գնումների ենք գնում, ինչքան էլ Գոռին դա դուր չի գալիս: Մեր օրը միշտ հագեցած է անցնում, բայց հոգնելու մասին խոսք անգամ չի լինում: Մի խոսքով` Գոռը տատիկիս երրորդ թոռնիկն է:):

Առաքելության մասին

Մարիամ. Մեր հարաբերություններն օրինական են:): Շատ ուրախ եմ, որ Գոռին ոչ միայն ես եմ հավանել, այլեւ՝ ծնողներս, եղբայրս: Ուրախ եմ, որ իմ ընտրության մեջ չեմ սխալվել, ես երջանիկ եմ եւ դա իմ դեմքից էլ շատ պարզ երեւում է: Միմյանց երջանկացնելն ամենամեծ առաքելությունն է:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին