×


Լուսանկարը՝ Photolure

Ժակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկները

«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը երեկ դարձել է 27 տարեկան՝ ծննդյան օրը սկսելով Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Լրագրողների հետ հանդիպման վայրը պատահական չէր ընտրվել. եվրատեսիլյան «Ժակո» երգի տեսահոլովակի ոգեշնչման աղբյուրն անվանի կինոռեժիսորի աշխատանքներն են:

Երգչուհին խոստովանեց՝ անում են այն, ինչ սիրում են. «Երաժշտության հարցում սահմաններ դնել պետք չէ: Մեր երգն ուրախ է ու լավ տրամադրություն է փոխանցում: Մեր խմբին սկսեցին սիրել առաջին երգով, որում տարբեր մշակույթներ եւ երաժշտություններ էինք միաձուլել, հիմա էլ շարունակում ենք այդպես աշխատել»:

Լուսանկարը՝ Photolure


«Ժակո»-ի խոսքերի հեղինակը հենց Ժակլինն է. «Երգն իմ մասին է: Փոքր տարիքից խենթ եւ աշխույժ երեխա էի, ով հավերի հետեւից էր վազում, խաղում, ծառ բարձրանում, եւ շատ են ասել՝ «Ժակո, քեզ խելոք պահիր, դու աղջիկ ես»։ Ուզում եմ՝ աղջիկները չվախենան արտահայտվել: Ամբողջ աշխարհում կարծրատիպ կա, որ աղջիկը միայն սիրուն ու համեստ պետք է լինի, բայց նա կարող է շատ ավելին»:

Երգը Լուի Թոմասի հետ կատարեց նաեւ հանդիպման ընթացքում, իսկ ներկա աղջիկներին նվիրեցին խորհրդանշական «Ժակո» տիկնիկներ. «Ավանդույթի համաձայն՝ ժամանակին մայրերն իրենց դստրերի համար տիկնիկ են պատրաստել ու նվիրել ամուսնության ժամանակ, եւ այդ տիկնիկը յուրօրինակ զրուցակից է դարձել նրանց համար»:

Լուսանկարը՝ Photolure


«Լադանիվա»-ն եվրատեսիլյան երգը վերջերս կատարել է Մադրիդում եւ դրական արձագանքի արժանացել. «Թեեւ միայն հայերեն է, մարդիկ այնքան համահունչ էին մեզ ձայնակցում, որ ինքս մոռացել էի՝ պետք է երգեմ»,- կատակել է Ժակլինը եւ խոստացել դրական էներգիայով վառ ելույթ եվրատեսիլյան բեմում, նաեւ խոստովանել է՝ իմպրովիզներից էլ չի խուսափի:

Լուսանկարը՝ Photolure


Եվրատեսիլյան բեմում փորձելու են հայկական տրամադրություն եւ մթնոլորտ ապահովել, ազգային մոտիվներով կլինեն նաեւ հագուստն ու աքսեսուարները: Ինչպես տեսահոլովակի, այնպես էլ ելույթի բեմադրության ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

Մրցույթը կանցկացվի մայիսի 7-ից 11-ը` Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Լադանիվա» խումբը հանդես է գալու մայիսի 9-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում: Երգչուհի Ժակլին Բաղդասարյանը եւ ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը ելույթ կունենան 8-րդ համարի ներքո:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին