×


«ArmMod Fashion»-ի հոբելյանական ցուցադրությունը ձիարշավարանում

Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում երեկ ինքնատիպ ֆեշն-շոու էր: Ձիարշավարանում ընթանում էր «ArmMod Fashion» նախագծի 10-րդ հոբելյանական ցուցադրությունը: Մոդելներն այս անգամ հանդես էին գալիս ձիեր հեծնած՝ ցուցադրելով երիտասարդ հայ դիզայներների աշխատանքները: Հենց այս պատճառով էլ միջոցառումն անցկացվում էր «Creative Fashion Show» խորագրի ներքո` ընդգծելով ցուցադրության յուրահատկությունը: Նորաձեւության երեկոյին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Նշենք, որ հատուկ այս ցուցադրության համար Վրաստանից ժամանել էր հայ դիզայներ Նարինե Պուրտոյանը, իսկ Մոսկվայից Հայաստան էին եկել կոշիկի հայ դիզայներ Տիգրան Ալբերտին եւ երգչուհի ASTA-ն: Վերջինիս երաժշտական կատարմամբ էլ մեկնարկեց երեկոն: Նրա ելույթից հետո ներկաներին ցուցադրվեցին մոսկվաբնակ հայ դիզայների հեղինակած կոշիկները, այնուհետեւ իրենց աշխատանքներով ներկայացան 5 սկսնակ հայ դիզայներները, որոնք ընտրվել էին մրցույթի արդյունքում: Երեկոն եզրափակվեց Նարինե Պուրտոյանի հեղինակած հագուստների ցուցադրությամբ: Ի դեպ, նրա հավաքածուում քիչ չէին նաեւ հարսանեկան զգեստները, որոնցից մեկն էլ կրում էր «Միսս Հայաստան 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը:

«ArmMod Fashion»-ի ցուցադրությունը ձիարշավարանում


Դեռ միջոցառման ամենասկզբում ներկաներին զգուշացվեց, որ ձիերի ելույթի ժամանակ պետք չէ ծափահարել, քանի որ այդպիսով կարող են վախեցնել կենդանիներին: Սակայն ինչպես պարզվեց, շատերն այս զգուշացումը չէին լսել, եւ ձիերը մեկ-երկու անգամ առիթ ունեցան խրտնելու: Նրանց նաեւ փոքր-ինչ խանգարում էր անսովոր լուսավորությունը եւ բարձր երաժշտությունը: Բայց ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթացավ նախատեսվածի նման, հատկապես որ մոդելները մեկուկես ամիս ձիավարության դասերի էին հաճախել՝ հատուկ այս ցուցադրությանը պատրաստվելու համար: Այնպես որ, նրանց հաջողվում էր ձիերին իրենց ենթարկել:

Եվա Բաղդասարյանը


Նշենք, որ «Հայկականը նորաձեւ է» խորագրով այս նախագիծը նպատակ ունի աջակցել հայ ստեղծագործող երիտասարդներին՝ ներկայացնելու սեփական աշխատանքները: Նախագծի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ այս անգամ միտք են ունեցել համախմբել նաեւ արտասահմանում հանդես եկող հայ դիզայներներին, այդ պատճառով էլ հրավիրել են Տիգրան Ալբերտիին ու Նարինե Պուրտոյանին: Նա ասաց, որ Հայաստանից էլ շատ են եղել հայտերը, բայց ստիպված են եղել դիզայներներին ընտրել մրցութային կարգով՝ համապատասխանեցնելով ցուցադրության ձեւաչափին. ոչ բոլոր հագուստները կարելի է ներկայացնել ձիերին հեծնած:

«ArmMod Fashion»-ի ցուցադրությունը ձիարշավարանում


Իսկ թե ինչու ձիարշավարանում եւ ինչու հենց այս ձեւաչափով, Ռուբինան ընդգծեց՝ նորաձեւությունը սահմաններ չի ճանաչում, ինչի շնորհիվ էլ իրենք ամեն անգամ նոր գաղափարներ են մտածում իրենց ցուցադրությունների համար: Սպասենք եւ տեսնենք, թե նախագծի հեղինակներն ինչ նոր բան կմտածեն իրենց հաջորդ միջոցառման համար:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին