×


««Բարեւ, աղջիկս» երգը ձայնագրելիս հուզվում էի ու արտասվում՝ վերապրելով ամեն մի բառը». Արամ Րիան

VO.X երաժշտական նախագիծը ներկայացրել է «Բարեւ, աղջիկս» երգն ու գտել այն պատկերավորելու հետաքրքիր տարբերակ: Ի՞նչ հաղորդագրություն ունի երգն ու ինչո՞ւ մարդիկ զուգահեռներ գտան «Բարեւ, աղջիկս»-ի եւ բրիտանական Coldplay խմբի «Daddy» երգերի միջեւ, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է VO.X-ի պրոդյուսեր, «Բարեւ, աղջիկս» երգի հեղինակ-կատարող Արամ Րիանը:

- Ինչպե՞ս առաջացավ երգի գաղափարը:
- 2018-ի հունվարից մինչեւ 2019-ի ապրիլ ամբողջովին կտրվել էի օնլայն աշխարհից, սոցիալական կայքերից. որոշել էի լիարժեք ստեղծագործական փուլի մեջ խորասուզվել: Արդյունքում՝ այդ շրջանում երաժշտական 3 ալբոմի նյութ հավաքվեց` անգլերենով եւ հայերենով, մաքսիմալ անկեղծ երգեր արդիական բազում թեմաներով: Հայալեզու նոր ստեղծագործությունների շարքում էր «Բարեւ, աղջիկս» երգը, որը գրեցի եւ ձայնագրեցի 2018-ի հուլիսին, այնուհետեւ անմիջապես նվիրեցի պատանի աղջկաս՝ անձնական ունկնդրման համար: Չափազանց հավանել եւ հուզվել էր: Եվ միայն մոտ մեկուկես տարի անց՝ 2019-ի դեկտեմբերին, ներկայացրի երգը հանրությանը:

Հրատարակման առաջին իսկ օրվանից համացանցում արձագանքն էմոցիոնալ աստիճանի դրական էր: Բազմաթիվ մարդիկ սկսեցին կիսվել երգով իրենց էջերում՝ նույնիսկ առանց հատուկ գովազդի: Բացի բազում շնորհակալական մեկնաբանություններից, ստացել եմ հարյուրավոր անձնական նամակներ հայր-դուստր հուզիչ պատմություններով, հատկապես՝ անհայր դստրերից: Ըստ նրանց` երգը կարծես օգնել է լրացնել իրենց հայրիկների բացակայությունը, լցնել կարոտով ու սիրով եւ ուժ տալ:

Դա այն երանելի արդյունքն էր, որը նախապես սրտանց ակնկալում էի երգը ստեղծելիս, քանի որ գաղափարն առաջացել էր հենց այդ մտքից՝ մատուցել երգի միջոցով հայրական մի պարզ, բայց իմաստավոր, անկեղծ ուղերձ, որը կհուզեր յուրաքանչյուր դստեր, նախ եւ առաջ` իմ աղջկան:

Առհասարակ, փորձել եմ միշտ արժեքավոր երգեր գրել, բայց հատկապես տվյալ երգը գրելու գաղափարն եկավ այն մտքից, որ շատ կցանկանայի գոնե մի երգ թողնել աղջկաս՝ որպես կյանքի կողմնացույց իմ բացակայության դեպքում:

«Բարեւ, աղջիկս» երգը գրվեց հեշտությամբ, որովհետեւ անկեղծորեն բխեց ներսիցս: Սակայն շատ բարդ էր ձայնագրության ընթացքը, քանի որ երգելիս գրեթե բոլոր դուբլերի ժամանակ մեկ էլ հանկարծ հուզվում էի ու արտասվում՝ վերապրելով ամեն մի բառը: Վերջապես մի նորմալ տարբերակ ստացվեց, աղջիկս լսեց, ինքն էլ մի լավ հուզվեց: Առաջարկեց՝ վոկալին ավելացնեմ մեգաֆոնա-հեռախոսային էֆեկտ, իբր ողջ երգը ձայնային հաղորդագրություն է հայրիկից, որն աղջիկը լսում է հեռախոսով: Դա էլ հենց դարձավ երգի վերջնական տարբերակը:



- Անձնական հայր-դուստր հարաբերությունները որեւէ կերպ արտահայտվա՞ծ են «Բարեւ, աղջիկս» երգում:
- Այո, երգի հիմքում իմ ու աղջկաս հայր-դուստր ընկերությունն է. երկուսս էլ բախվել ենք տարբեր բարդությունների ու խնդիրների եւ փորձել ենք միշտ իրար կողքի լինել՝ հասկանալու ու աջակցելու միմյանց: Շատ բաներով ենք միասին անցել: Որոշ պայքարներով էլ միայն ես եմ անցել, ինչի մասին երգով նախազգուշացնում եմ նրան՝ որպես ավագ ընկեր, որպեսզի հնարավորինս պատրաստ լինի եւ ուժեղ մնա: Չնայած՝ այս երգն իմ կողմից աղջկաս մատուցված անձնական նվեր է, այն նվիրվում է նաեւ բոլոր դստրերին եւ նրանց ներկա կամ բացակա, մոտիկ կամ օտարացած ծնողներին: Գուցե որոշ ծնողներ ուզեին այս խոսքերն ասել իրենց դստրերին, իսկ որոշ դստրեր ուզեին լսել դրանք իրենց ծնողներից, հատկապես` հայրիկներից:

-Ինչո՞ւ էկրանավորման համար ընտրեցիք անիմացիոն տարբերակ:
- Ես եւ դուստրս երկար (մոտ մեկ տարի) մտածում էինք, թե ինչ տեսահոլովակ կսազեր երգին: Եվ վերջերս, մինչեւ վերջնական որոշման գալը, որոշեցիք ժամանակավորապես մատուցել երգը հանրությանն՝ ուղեկցելով այն հոլանդացի ռեժիսոր Միքայել Դյուդոկ դը Վիտի հայտնի անիմացիոն կարճամետրաժ «Հայր եւ դուստր» ֆիլմով, քանի որ կարծես հուզական մակարդակի վրա այդ հին ֆիլմը (իմ մի փոքր վերամոնտաժած տարբերակով) եւ երգս միմյանց շատ էին համապատասխանում:

- Coldplay-ի «Daddy» եւ VO. X-ի «Բարեւ, աղջիկս» երգերի միջեւ հետաքրքիր զուգահեռ նկատեցինք Ձեր էջում: Կանդրադառնա՞ք:
- Մի քանի ակնարկ նկատեցի համացանցում, որ իբր սա «Coldplay»-ի՝ վերջերս թողարկած «Daddy»-ի ազդեցության ներքո գրված երգ է: Շատ եմ սիրում «Coldplay», բայց տվյալ դեպքում դա բացարձակապես սխալ ենթադրություն է, քանի որ իմ երգն արդեն պատրաստ ու աուդիո-ֆայլի տեսքով տրված էր աղջկաս դեռ 2018-ի հուլիսին` մեկուկես տարի առաջ «Coldplay»-ի «Հայրիկ» երգից: Ուղղակի ես «Coldplay»-ից ավելի ուշ հրապարակեցի: Մեղեդային առումով այդ երկու երգը լրիվ տարբեր են: Քրիս Մարթինի երգած խոսքերը «մանկական» են՝ որպես երեխայի կողմից ասված, իսկ ինձ մոտ՝ ավելի «մեծական» ու խորը՝ որպես ծնողական բազմաշերտ խրատ: Միեւնույն ժամանակ՝ ինքս զգում եմ, որ «Daddy»-ն ու «Բարեւ, աղջիկսը» հուզական նույն ալիքի վրա են: Եվ նույնիսկ նրանց տրամաբանորեն կարելի է դասավորել ըստ հերթականության՝ որպես երկսերիանոց ստեղծագործություն. սկզբից երեխան «Daddy» երգով դիմում է հայրիկին, ապա հայրիկն արձագանքում է «Բարեւ, աղջիկս»-ի միջոցով:

- Մի բան, որ չասված մնաց «Բարեւ, աղջիկս»-ի մասին:
- «Բարեւ, աղջիկսը» հոգեպես ուժեղ անձնավորություն-ծնողի խոսք է՝ ուղղված ուժեղ անձնավորություն-դստերը: Բնականաբար, այս երգը ոչ բոլոր ծնող-դուստր սցենարներին ու հարաբերություններին կհամապատասխանի: Ոչ բոլոր հայրերն ու մայրերն են լինում նրբազգաց, աջակցող, գնահատող, խրախուսող ու ընկերասեր իրենց դստրերի հանդեպ: Ոչ բոլորն են հասկանում իրենց աղջիկներին ու լինում նրանց կողքին: Ոչ բոլորն ունեն արժեքավոր ասելիք: Էլ չեմ ասում, որ կան հայրեր, որոնք իրենց բռնությամբ ու մշտապես նվաստացուցիչ խտրական վերաբերմունքով նույնիսկ արժանի չեն հայր կոչվելու: Պատահական չէ, որ երգն իր «Բարեւ, աղջիկս» խորագրով ուղղված է հենց իգական սեռի ներկայացուցիչներին, որոնք Հայաստանի իրականության մեջ դեռ, ցավոք, դիտվում են բազմաթիվ ընտանիքներում ու միջավայրերում որպես երկրորդ-երրորդ սորտի էակներ: Անուղղակիորեն, «Բարեւ, աղջիկսը» սոլիդար եւ աջակցող տղամարդու քաջալերող խրախուսանք ու հորդորանք է կանանց:

Երգը կրում է նաեւ մի փոքր հոգեւոր երանգ` ակնարկելով Աստծո հայրական սերը մարդկության եւ ամեն անհատի հանդեպ: Իհարկե, երգը նաեւ հայրերին (ծնողներին) ծառայելու պոտենցիալ ունի, որպեսզի օգնի նրանց արտահայտել իրենց սերը դստրերի հանդեպ եւ, քանի ուշ չէ, լինել հենց այսօր լավ հայրիկ (կամ մայրիկ) իրենց աղջնակների աչքերում ու սրտերում:

Պրեմիերային հաջորդող բազմաթիվ արձագանքներից ելնելով` կարող եմ առանց չափազանցնելու պնդել, որ հենց այս պահին բոլորիս ընկերների ու ծանոթների թվում կան շատ մարդիկ (հատկապես՝ իգական սեռի), ում հոգեպես պետք է «Բարեւ, աղջիկս» երգը: Թող սա մեծամիտ չհնչի: Ընդհակառակը՝ խոնարհ, հուզված ու շնորհակալ սրտով եմ գիտակցում, որ, իրոք, բավականին ազդեցիկ գործ է ստացվել:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարը՝ Արամ Րիանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին