×


«Ակունքը» 45 տարեկան է

«Պահպանենք մեր ազգային մշակույթը»` ահա այս սկզբունքով եւ գաղափարով է առաջնորդվում «Ակունք» ազգագրական համույթը, որն այսօր արդեն տոնում է ստեղծման 45-ամյակը: Հոբելյանական համերգը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ «Արամա Խաչատրյան» համերգասրահում: Երեկոն իրականացնում է Արսեն Գրիգորյանը, ում եւս բախտ է վիճակվել լինել ակունքցի։

«Ակունք» ազգագրական համույթը ստեղծել է Մարո Մուրադյանը, եւ այնպիսի ժամանակներում, երբ Խորհրդային տարիներին արգելված էր ազգային մշակույթի ցանկացած դրսեւորում։

«Ակունք» ազգագրական համույթը


«Ակունք» համույթը եւ ավանդական, ազգագրական մշակույթի պահպանման ու տարածման շարժումը, որի հիմքում կանգնած էր հայ երգի հայր Հայրիկ Մուրադյանը, ազգային զարթոնքի պտուղներից մեկն էր, որից սնվեցին եւ այսօր էլ շարունակում են սնվել բազմաթիվ սերունդներ։

Այս տարիների ընթացքում «Ակունք» ազգագրական համույթը ներկայացրել է ամբողջական՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր եւ երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգեւոր երգեր։

1981 թվականին Ստեփան Պողոսյանի շնորհիվ «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության պետական համույթ։

Մարո եւ Հայրիկ Մուրադյանները


«Ակունք» ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաեւ հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում՝ Էստոնիա, Ղազախստան, Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա, Վրաստան, Իտալիա, Սիցիլիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Եգիպտոս եւ այլուր:

Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը։

««Ակունք» ազգագրական համույթը 45 տարի պատշաճ կերպով անաղարտ ներկայացնում է հայ ավանդական երգերն ու պարերը՝ որպես սկզբունք ունենալով հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը»,- ասում է Արսեն Գրիգորյանը եւ հավելում, որ ջանք չեն խնայել հոբելյանական երեկոն հիշարժան դարձնելու համար, որի ընթացքում կցուցադրվի համույթի 45-ամյա պատմությունը, ինչպես նաեւ կմասնակցեն Հայաստանի ավանդական երգի-պարի բազմաթիվ խմբեր, անվանի մշակութային գործիչներ։

Սարգիս Բաղդասարյանը


«Հոբելյանական համերգը եւս մեկ առիթ է մասնակիցը դառնալու նրանց կատարած անձնվեր աշխատանքին եւ մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայրիկ Մուրադյանին եւ նրա դուստր Մարո Մուրադյանին, ինչպես նաեւ մեր մյուս երախտավորներին՝ Սարգիս Բաղդասարյան, Հարություն Փանոսյան, Սարգիս Ալավերդյան, Արթուր Շահնազարյան, որոնց նվիրական աշխատանքի շնորհիվ այսօր էլ շարունակվում է մեր ազգային ավանդական մշակութի հաղթական երթը դեպի հավերժություն», - ասում է Արսեն Գրիգորյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին