×


«Այդ զանգի պատճառով սիրտս մնաց այստեղ, իսկ ես մեկնեցի արտերկիր». Անի Վարդանյան

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Վարդանյանը պորտֆոլիոն հարստացրել է նոր եւ տարբերվող լուսանկարներով, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին: Անիի հետ խոսել ենք ոչ միայն ֆոտոշարքի, այլեւ թատրոնում զբաղվածության, դերերի եւ սերիալներում չերեւալու պատճառի մասին:

«Նոր ֆոտոշարքի առիթը սոցցանցերում ակտիվանալու որոշումս է, քանի որ պահ եկավ, երբ ինձ, այսպես ասած, կյանքի ռիթմից դուրս զգացի: Այս անգամ աշխատել եմ երիտասարդ ոճաբան Գոգ Մունի հետ: Առաջիկայում կներկայանամ ամենատարբեր կերպարներով, նաեւ ամուսնուս` դերասան Վիգեն Թադեւոսյանի հետ»,-նշել է նա:

Անի Վարդանյանը


Անին արդեն 5 տարի է` Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմում է: Թատրոնում լինելու փաստը շատ է կարեւորում դերասանի կյանքում. «Թատրոնում աշխատելը, ավելի ճիշտ` արարելը, հաճախ այլ գործերի հետ անհամատեղելի է դառնում, բայց ես շատ եմ սիրում մեր թատրոնն ու այնտեղ տիրող մթնոլորտը: Թատրոնում աշխատող դերասանները շատ դեպքերում չեն կարողանում ընդգրկված լինել այս կամ այն հեռուստատեսային նախագծում հենց զբաղվածության պատճառով»:

Նա պատմել է, որ հեռուստատեսային նախագծերից մեկում նկարահանվելու առաջարկն էլ վերջերս չի կարողացել ընդունել արտերկիր մեկնելու պատճառով. «Շատ եմ սիրում ճանապարհորդել, իսկ առաջարկը ստացա թռիչքիցս րոպեներ առաջ. ինձ զանգահարեցին եւ ասացին, որ հաստատվել եմ գլխավոր հերոսուհու կերպարում: Կարծես սիրտս մնաց Հայաստանում, իսկ ես ուղեւորվեցի Պալմա դե Մալյորկա: Ինչեւէ, շատ ափսոսում եմ եւ սպասում նոր առաջարկների»:

Անի Վարդանյանը


Անդրադառնալով թատրոնում խաղացած դերերին` Անին ասել է, որ ընդգրկված է շուրջ 15 ներկայացման մեջ.«Իմ խաղացած բոլոր դերերն էլ սիրում եմ, եւ դրանք դառնում են իմը: Առանձնացնել չեմ ուզում, բայց առաջիկայում կխաղամ մի կերպար, փակագծերը բացել չեմ կարող, համոզված եմ՝ առանձնանալու է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Վարդանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին