×


«Արտյոմն ինձ քաջալերեց եւ ասաց, որ աշխատեմ». Յուլյա Ֆինկը կրկին էկրանին է

«Չեմ կարող չաշխատել, որովհետեւ այսքան տարի աշխատել եմ»՝ խոստովանում է դերասանուհի եւ զույգ որդիների մայրիկ Յուլյա Ֆինկը: Հղիության ամիսներին նա աշխատանքային գործունեություն է ծավալել եւ ոչ մի անգամ դադար չի առել, սակայն, ինչպես ասաց մեզ հետ զրույցի ժամանակ, երբ ծնվում են երեխաները, հասկանում ես, որ այս կյանքում նրանցից կարեւոր ոչինչ եւ ոչ մի բան չկա: Այնուամենայնիվ, Յուլյան արդեն իսկ վերադարձել է նկարահանումների հրապարակ: BRAVO.am-ին նա պատմել է նոր համագործակցության եւ բալիկների խնամքի հարցում իրեն օգնողների մասին.

«Ես, բարեբախտաբար, այդքան շատ չզգացի աշխատանքի պակաս: Մինչեւ հոկտեմբերի վերջ աշխատել եմ, իսկ դեկտեմբերին արդեն բալիկներս ծնվեցին: Այնուհետեւ չեմ աշխատել ընդամենը 3 ամիս: Տանը հասցրել եմ ե՛ւ հանգստանալ, ե՛ւ հոգնել բալիկների հետ, սակայն միշտ աշխատող մարդու համար չաշխատելն ուղղակի հնարավոր չէ, եւ որքան էլ բալիկների հետ ունեցած առօրյայից հետո հոգնած լինեմ, միեւնույն է, աշխատանքի վայրում ես հանգստանում եմ»:

Յուլյա Ֆինկը


Դերասանուհին նոր առաջարկը ստացել է, երբ երեխաները դեռ 3 ամսական էին, եւ տատանվում էր` համաձայնել, թե՞ ոչ.«Ամուսինս՝ Արտյոմն, ինձ քաջալերեց եւ ասաց, որ ավելի լավ է աշխատեմ, քանի որ տանը մնալով ավելի բարդ կլինի ինձ համար: Ու ինձ օգնեցին մայրս, քույրիկս, շատ անգամ հենց ամուսինս: Նրանք բոլորն էլ մտան իմ դրության մեջ, եւ շնորհակալ եմ անչափ» :

Նոր սերիալը, որ կոչվում է «Անավարտ երազ», օրեր առաջ հեռարձակվեց «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքով, շուտով կլինի նաեւ Շանթի եթերում, բաղկացած է 13 մասից: Ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ, Յուլյան նշում է, որ շատ հաճելի եւ հեշտ էր աշխատելը.«Նա սովորաբար ֆիլմեր է նկարահանել, այս անգամ փորձեց սերիալի ձեւաչափն ընտրել, բայց եւ այնպես պահել ֆիլմի տեսակը»: Անձնակազմի մյուս անդամների հետ աշխատանքը եւս նրա համար շատ հեշտ է ընթացել. բոլորին արդեն իսկ ճանաչել է, նախորդ տարի եւս աշխատել, եւ նկարահանման ընթացքում ոչ մի բարդություն չի առաջացել.«Ինձ հրավիրեցին եւ շատ էին ուզում, որ միասին աշխատենք, նկարահանման ամբողջ ընթացքում մտան իմ դրության մեջ եւ շատ չծանրաբեռնեցին ինձ, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլորին»:

Յուլյա Ֆինկը եւ Արտյոմ Կարապետյանը


Այս պահին դերասանուհին նոր նկարահանումներ չունի, քանի որ երեխաների հետ այդքան էլ հեշտ չէ անդադար աշխատելը.«Թեեւ բալիկների հետ մի քիչ դժվար է համատեղել աշխատանքը, սակայն շուտով էլի կվերադառնամ: Մեր բնագավառի մարդկանց համար շատ բարդ է գիտակցել, որ այլեւս չպետք է աշխատես: Այս ամենից էլ զատ, միեւնույն է, եկել եմ այն համոզման, որ երեխաներից ավելի կարեւոր ոչինչ չկա այս աշխարհում: Ես շատ շնորհակալ եմ Արտյոմին ու ինձ օգնողներին, ովքեր միշտ կողքիս են»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Յուլյա Ֆինկի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին