Էմմա Շաբոյանը եւ Վահե Մկրտչյանը խստորեն հետեւում են մեկուսացման հորդորներին: Դերասանուհու հետ BRAVO.am-ը զրուցել է ամուսնությունից հետո փոխված առօրյայի, սիրելիից չձանձրանալու եւ երեխա ունենալու ցանկության մասին:
«Ընտանիք եւ հարաբերություն պահելն ամենաբարդ երեւույթներից մեկն է: Ամուսնական երջանիկ կյանք ունենալն ամենօրյա բարդ աշխատանք է: Պետք է կարողանաս աշխատել ինքդ քեզ վրա, ձեր երազանքների վրա: Բնավորությունս շատ է փոխվել, ավելի պատասխանատու եմ դարձել. նախկինում միայն իմ մասին էի մտածում, հիմա՝ նաեւ ամուսնուս: Կարծում եմ՝ սիրելի տղամարդու մասին հոգ տանելը մեծագույն հաճույք է: Երբեք տնային գործեր չէի անում, այժմ քանի որ երկուսով ենք ապրում, ստիպված եմ մաքրությամբ զբաղվել, ճաշ պատրաստել»,- ասել է Էմման:
Վահե Մկրտչյանը եւ Էմմա Շաբոյանը
Նա նշել է, որ երեխա ունենալու հարցում որոշել էին չշտապել.«Ուզում էինք վայելել իրար: Որոշել էինք ավելի ամրացնել մեր հարաբերությունները, ստեղծել առողջ, ամուր եւ համերաշխ ընտանիք, հետո նոր երեխա ունենալ եւ նրան այդ մթնոլորտում մեծացնել: Առաջին փուլն արդեն հաղթահարել ենք եւ եթե Աստված կամենա, շուտով ուրախալի նորություն էլ կունենանք»:
Թեեւ երազում էր հանգստի մասին, մեկ շաբաթից սկսել է ձանձրանալ.«Հասկացա՝ եթե հետաքրքիր զբաղմունք չգտնեմ, կհայտնվեմ հոգեբուժարանում: Տան գործերն եմ անում, գիրք կարդում, ֆիլմեր դիտում: Քանի որ նաեւ դասավանդում եմ, առցանց դասերն օգնում են օրը լցնել եւ վերջնականապես չցնորվել (ծիծաղում է,-հեղ.): Ամուսնուս հետ էլ հաճելի ժամանակ ենք անցկացնում, ամեն օր իրար նորովի ենք բացահայտում: Այս օրերին հասկացանք, որ իրարից չենք ձանձրանում: Նա կենցաղային հարցերում բծախնդիր է, բայց շատ է օգնում, ինչի համար շնորհակալ եմ»,- պատմել է Էմման:
Խոհանոցը սիրելի վայր է.«Փոքրիկ գաղտնիք բացեմ՝ երկուսս էլ շատ ենք սիրում ե՛ւ համեղ պատրաստել, ե՛ւ ուտել, մեր սառնարանը միշտ լեցուն է սննդով, քաղցրավենիքի մասին էլ՝ չասեմ»:
Խոսել ենք նաեւ հետաձգված ծրագրերից.«Մարտի 29-ին Լալա Մնացականյանի բեմադրած «Թեթեւսոլիկ մարդասպանը» ներկայացումը պետք է խաղայինք: Շատ եմ ափսոսում, որ հետաձգվեց»:
Վահե Մկրտչյանը եւ Էմմա Շաբոյանը
Արտակարգ դրության ավարտից հետո գնումների է գնալու.«Քայլել չեմ սիրում, բայց այս օրերին սկսեցի զբոսնելու մասին երազել: Գեղեցիկ հագուստ եմ ուզում գնել, միգուցե քայլելով խանութներ գնամ (ծիծաղում է,-հեղ.)»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էմմա Շաբոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: