×


«Մանկությունից առ այսօր».Ստեփան Ղամբարյանի մանկության բակն ու Աստվածաշունչը

BRAVO.am-ը սկսել է նոր խորագիր, որի շրջանակում հայտնիները վերհիշում են իրենց մանկությունը եւ մեր ընթերցողների համար բացահայտում, թե ինչ իրեր են պահում այդ տարիներից առ այսօր: Դերասան Ստեփան Ղամբարյանի հետ գնացել ենք իր հայրական տան բակ ու անկեղծ զրուցել իրենց տան մասին, որն այժմ չկա, ամենամտերիմ ընկերների եւ այլ թեմաների շուրջ:

«Ինչպես բոլորը, ես էլ փորձում եմ միայն լավը հիշել: Բայց իմ մանկությունը շատ դժվարություններով է անցել: Դժվարությունը մեղմ է ասված: Միշտ լավ պահերն եմ հիշում ու սիրում եմ իմ մանկությունը, քանի որ իմն է եղել՝ դժվար, բարդ, ծանր, բայց՝ իմը: Իմ կյանքի մի մասն է»,- անկեղծանում է դերասանը:

Ստեփան Ղամբարյանը


Պարզվում է՝ Ստեփանի մանկությունն անցել է Մաշտոցի պուրակում. այստեղ է այն բակը, որտեղ նա խաղացել է.«Միշտ այս այգում ֆուտբոլ էինք խաղում, 7 քար, գործագործ: Ես պարի էի գնում, այդ պատճառով շատ ճկուն էի ու յուրաքանչյուր խաղի մեջ կարողանում էի ինձ դրսեւորել: Ֆուտբոլում շատ լավ դարպասապահ էի, որովհետեւ կարողանում էի լավ կողմնորոշվել, թե գնդակը որ կողմից է գալու: Գործագործի ժամանակ լավ պասեր էի բռնում ու գնդակի վրայով լավ անցնում էի, խաբսեր էի տալիս: Միշտ փորձում էի հետաքրքիր դրսեւորվել: Հերթական խաղերից մեկի ժամանակ ընկա ու հիմա մեծ սպի ունեմ ծնկիս»:

Այստեղ է նաեւ Ստեփանի մանկության տունը, որից հիմա մի ամայի տարածք է մնացել.«Կարոտով նայում եմ ու հիշում, թե այստեղ ինչ օրեր եմ անցկացրել: Դժվար է նայել ու տեսնել, որ չկա այլեւս այդ նյութական հիշողությունը: Բայց կան իմ հուշերը, որոնք միշտ ինձ հետ են»:

Ստեփան Ղամբարյանը


Հենց իրենց բակում է այն մանկապարտեզը, որտեղ էլ Ստեփանը հաճախել է.«Մայրս պատմում է, որ ինձ տարել է մանկապարտեզ ու չի հասցրել մտնի տուն՝ ես արդեն տանն եմ եղել: Սիրում էի մանկապարտեզը, բայց փախչում էի: Մանկապարտեզից պապիկս ինձ վերցնում էր, ու գնում էինք ֆիլմի նկարահանումների: Չորս տարեկան էի, իմ առաջին ֆիլմն էր՝ Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտը»: Նույնիսկ վարձատրվել եմ ֆիլմում նկարահանվելու համար: Մանկապարտեզից Սամվել անունով տղայի եմ հիշում: Երկար տարիներ փորձում էի նրան գտնել, բայց չգտա»:

Ստեփանը խոստովանում է, որ շատ ընկերասեր է եղել դեռ մանկուց.«Ընկերասեր եմ, ընկերությունն ինձ համար բացարձակ արժեք է: Իմ մանկությունը կապված է իմ ընկերների հետ: Բավականին կռիվների մեջ ընկել եմ, բայց կռվարար չեմ եղել ու հատուկ խնդիրներ չեմ փնտրել: Միշտ փորձել եմ կռիվներից խուսափել, բայց եթե անխուսափելի է եղել, պատվով դուրս եմ եկել կամ լավ ծեծվել եմ(ժպտում է,- հեղ.): Տաքարյուն եմ, բայց կռիվ չեմ փնտրել երբեք»:

Ստեփան Ղամբարյանը


Անդրադառնալով մանկուց պահած իրերին՝ Ստեփանը նշեց.«Մանկությունից պահել եմ մանկական Աստվածաշունչը: Միշտ կարդացել եմ: Երբ շատ փոքր էի, նկարներն էի թերթում, իսկ երբ գիտակցական տարիքի հասա, արդեն կարդում էի ու անդադար: Միշտ հավատացել եմ Աստծուն»:

Ստեփան Ղամբարյանն առ այսօր պահում է իր մանկության Աստվածաշունչը


Ստեփանի մանկությունը կապված է նրա երկու ընկերների՝ Էդգարի ու Արեգի հետ (խոսքն Էդգար Էլբակյանի ու Արեգի մասին է, ովքեր դժբախտ պատահարի զոհ են դարձել): Մինչեւ հիմա էլ առանց հուզվելու չի կարողանում նրանց մասին խոսել.«Իմ մանկությունն անցել է Էդգարի ու Արեգի հետ: Նրանք իմ մոտ ընկերներն են: Ցավոք, նրանք չկան արդեն 18 տարի»,-պատմում է դերասանն ու ցույց տալիս այն տեղերը, որտեղ խաղացել են.«Մեր առավոտները միասին էին սկսվում եւ գիշերները միասին ավարտվում: Էդգարը գալիս էր ինձ վերցնում, հետո Արեգին էինք վերցնում ու գնում էինք զբոսնելու, գժություններ անելու: Այնքան քաղցր հիշողություններ կան: Նրանք այն մարդիկ են, որոնց հետ ես մեծացել եմ, ապրել ու առանց որոնց չեմ պատկերացրել իմ կյանքը»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW