×


«Մեծ աղմուկ ենք բարձրացնելու ամբողջ երկրով մեկ». Արսեն Միքայելյան

Դերասան Արսեն Միքայելյանը հանրությանն առավել հայտնի դարձավ «Թղթե երազանք» հեռուստադրամայից: Դեկտեմբերին երիտասարդ դերասանը առաջին անգամ մեկնել էր հյուրախաղերի՝ Սանկտ Պետերբուրգ: BRAVO.am -ի հետ զրույցում Արսենը պատմել է պետերբուրգցիների արձագանքների, Ամանորին իր մտապահած երազանքների եւ ապագա պլանների մասին:

«Իննայի հետ շատ հեշտ է»

Սանկտ Պետերբուրգում «Երկնագույն շան աչքերը» խաղալու հրավերն արել էին Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին: Ներկայացումը փորձեցին կապել նաեւ երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա հետ, եղավ նկարների ցուցահանդես: Սանկտ Պետերբուրգում խաղալը մեծ պատասխանատվություն էր: Չգիտեմ՝ այս տարի կխաղանք այն, թե՝ ոչ: Ուրախ կլինեմ, եթե Իննայի հետ նոր ներկայացումներով հանդես գանք: Իննայի հետ շատ հեշտ է խաղալ, քանի որ նա կինոյի տեմպով է աշխատում, իսկ կինոյի տեմպը շատ արագ է:

Արսեն Միքայելյանը` Սանկտ Պետերբուրգում


Նոր հեռանկարներ

Սանկտ Պետերբուրգը շատ գեղեցիկ էր, կարծես հենց արվեստագետների համար ստեղծված լիներ, ամեն ինչ հրաշալի էր: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր արվեստի հետ փոքր-ինչ կապ ունեն, պետք է կյանքում գոնե մեկ անգամ գնան այդ քաղաք: Մեր այցը լի էր անակնկալներով, հետաքրքիր ծանոթություններով: Շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք տեղի մշակույթի եւ քաղաքական գործիչների հետ, եղան փորձի փոխանակում եւ մի շարք առաջարկներ` կապված թե՛ այս, եւ թե ՛ այլ ներկայացումների հետ: Կարծում եմ` այդ մի քանի օրը լուրջ հետք թողեցին բոլորիս կյանքում:

«Առանց հասկանալու»

Հանդիսատեսի մեծամասնությունը հայեր էին, բայց նաեւ կային այլազգիներ: Ներկա էր մի ռուս օպերատոր-լուսանկարիչ, ով նաեւ մեզ լուսանկարել էր: Հետո Ֆեյսբուքով գրեց, որ զարմացած է թե՛ խաղից, թե՛ բեմական լուծումներից: Չէր հասկացել ոչ մի բառ, բայց հուզվել էր: Այնքան տպավորված էր, ասում էր՝ տարբեր ներկայացումներ է դիտել, ու որ այս մեկը յուրահատուկ էր:


«Հավատում եմ»

Ամանորն իմ ամենասիրելի տոներից է: Քանի որ այս տարի եղբայրս բանակում էր, տան զավակներից գոնե մեկը պետք է տանը դիմավորեր Նոր տարին: Դիմավորեցինք, ինչպես բոլորը, միայն այս տարի շատ ավելի եմ քնել, քան անցած ( ծիծաղում է,-հեղ.): Այդ շրջանում իմ բոլոր մանկական բնազդներն արթնանում են: Զարդարում եմ տոնածառը, հավատում եմ Ձմեռ Պապին ու նրանից նվերներ ստանում, պահում եմ երազանք-նպատակներ հաջորդ տարվա համար:

«Դեռ շատ է խոսելու»

Արձակուրդս ավարտվել է, այսօրվանից փորձերի եմ: Թատրոնն այս տարի դեռ շատ է խոսելու, փակագծերը չեմ ուզում բացել, բայց մեծ աղմուկ ենք բարձրացնելու ամբողջ երկրով մեկ: Առաջարկ կա նաեւ նկարահանվել 24 մասանոց գեղարվեստական ֆիլմում, արդեն համաձայնության ենք եկել: Զբաղվածություն ունեմ, չեմ դժգոհում:

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արսեն Միքայելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW