×


«Նրա արարքներն ընդհանրապես իմ սրտով չէին». Լիլի Միքայելյանը՝ նոր դերերի եւ ընտանիքի մասին

Երիտասարդ դերասանուհի Լիլի Միքայելյանն ամուսնությունից եւ մայրանալուց հետո տեւական ժամանակ չէր ներկայանում սերիալներում: Սակայն վերջին մեկ տարում նա հանդես եկավ գլխավոր դերերով` նկարահանվելով «Ես տեսնում եմ» եւ «Վերջին ուսուցիչը» սերիալներում: Աշխատանքային զբաղվածության, առաջարկների, ամուսնու վերաբերմունքի եւ դստեր մասին Լիլին պատմել է BRAVO.am-ին:

«Ամուսնությունից հետո այնպես չէր, որ այնքան շատ առաջարկներ էի ունենում, չէի հասցնում հեռախոսազանգերի պատասխանել: Ճիշտ է՝ կային առաջարկներ, բայց ոչ բոլորի հետ էր ստացվում համաձայնության գալ, քանի որ բալիկս փոքր էր, իսկ սերիալներում ժամային հստակ գրաֆիկ չկա»,-նշել է նա:

Դերասանուհու խոսքով՝ երբ ռեժիսոր Հայկ Կբեյանն առաջարկել է նկարահանվել «Ես տեսնում եմ» միստիկական դրամայում, համաձայնության են եկել եւ հստակ գրաֆիկ են սահմանել, ինչն էլ հնարավորություն է տվել նկարահանվել.«Ինձ նախ ժանրը գրավեց, որում երբեք հանդես չէի եկել, նաեւ կերպարն էր հետաքրքիր. ամեն օր զուգվող-զարդարվող աղջիկներից չէր, իր աշխարհն ու ներաշխարհն ուներ»:

«Վերջին ուսուցիչը» սերիալի նկարահանումներին


Սրան հաջորդել է «Վերջին ուսուցիչը» սերիալի առաջարկը՝ դարձյալ ռեժիսոր Հայկ Կբեյանից: «Առաջարկեցին Սոնա Միքայելյանի կերպարը. ինձ հետ ընդհանրապես կապ չունեցող դեր էր, միակ նմանությունը երեւի այն է, որ ես էլ իմ տեսակով անհանգիստ մարդ եմ: Բայց նրա արարքներն ընդհանրապես իմ սրտով չէին: Դպրոցում կատարաված իրավիճակին ես լրիվ այլ լուծում կտայի, կփորձեի խոսել այդ աղջկա հետ, հաստատ այդպես մեծ աղմուկ չէի բարձրացնի, տնօրենին չէի դիմի»:

Խոսելով նկարահանումների եւ խաղընկերների մասին՝ նա ասել է.«2 ամիս են տեւել նկարահանումները: Խորեն Լեւոնյանի, Աշոտ Ղազարյանի եւ Էվելինա Շահիրյանի հետ նախկինում չէի խաղացել: Գիտեք, երբ չդերասանի հետ ես նկարահանվում, մտավախություն կա, որ նրա ֆոնին գուցե դու էլ վատը երեւաս, իսկ այս դեպքում շատ տաղանդավոր մարդկանց հետ նկարահանվելը պարտավորեցնող էր»:

Այս շրջանում Լիլին մուլտֆիլմեր է կրկնօրինակում, նոր սերիալում առայժմ չի նկարահանվում.«Եթե բազմասերիանոց սերիալի դեպքում ես սկզբից մինչեւ վերջ սցենարին ծանոթանալու հնարավորություն ունենամ, իմանամ՝ ինչպես է սկսվում, ինչպես է ավարտվելու, գուցե համաձայնեմ նկարահանվել»:

Լիլի Միքայելյանը՝ դստեր հետ


Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ ընտանիքի մասին.«Աղջիկս իմ մասնակցությամբ ոչ մի ֆիլմ չի դիտում, իսկ ամուսինս հետեւում է, ժամանակ առ ժամանակ իր կարծիքն է հայտնում»:

Պարզվում է՝ Լիլիի աղջիկը շատ է սիրում սպորտով զբաղվել.«Բացի մանկապարտեզ հաճախելը, ձյուդոյի է գնում: Հորաքույրը բալետի պարուհի է, սիրում է նաեւ դա, իհարկե, նաեւ երգել, արտասանել: Ինչ էլ որոշի դառնալ, կուզեմ՝ իր գործում լավագույնը լինի»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Լիլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին